HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Գալստյան. «Մենք ընտրություն կատարեցինք երկու անհայտների միջև»

Հարցազրույց «Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ

Մենք մեզ ենք պարտվել

-Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ակտիվություն, ընդվզման ալիք նկատո՞ւմ եք հասարակության մեջ:

-Ակտիվություն նկատելի էր քաղաքական, բայց  ոչ լայն հանրության շրջանակներում։ Ցավոք, անկախության 22 տարիներին մեզ խորապես հաջողվեց Հայաստանում զանգվածային հուսահատության և հոռետեսության մի մթնոլորտ ստեղծել, երբ հասարակության ճնշող մեծամասնության համար Հայաստանում կատարվող դեպքերն այլևս անտարբերությամբ, բացասական իմաստով հանդուրժողականությամբ  և հոռետեսությամբ են ընկալվում: Երբ բոլոր արդար պայքարները՝ իրավունքի, ժողովրդավարության, մշակութային ժառանգության, քաղաքաշինական այլանդակությունների, նորմալ երկիր ունենալու, համատարած խոցերով պատված երկրում որևէ բան փոխելու համար բախվում են ամենաթողության չինական պատին, այլևս դժվար է լինել այդքան համառ ու  հավատացած քաղաքացի:  

Ներքին պարտության այս մթնոլորտում հասարակությունը խորապես անտարբեր է: Սա, իսկապես, վտանգավոր է. ռազմավարական զինանոցում կարևոր է ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրը: Այսօր մենք  ինքներս մեզ ենք պարտվել: Ժողովուրդը չի տեսնում իր հարցերի լուծումը սեփական հայրենիքում,չի հավատում  իր միջոցով լավ երկիր կառուցելու հեռանկարին՝ նախընտրելով Հայաստանից հեռանալու ճանապարհը: Թերևս հանրային «չընդվզումը»  բացատրում եմ նաև նրանով, որ պարզապես մեր հասարակությունը հյուծվեց ամեն Աստծո օր իշխանության կողմից նետված անակնկալներից և օազիսային պայքարներից: Հասարակությունն իրեն որոշիչ չի տեսնում, իրեն քաղաքացի չի զգում:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր կետում պարտվեց հասարակությունը, և արդյո՞ք նման պարտված հասարակությունը շահավետ չէ այսօրվա իշխանություններին:

-Պարտված քաղաքացին բացարձակապես շահավետ չէ ազգային պետությանը, որովհետև քո քաղաքացին քո հարստությունն է, քո ողնաշարն է: Միգուցե այդպես իշխանություն պահելու ժամանակավոր խնդիր ես լուծում, բայց ծանր ենք հատուցելու  սեփական քաղաքացուն դարձնելով հաճկատար,  անհիշատակ, անհիշողություն, անապագա, անպատասխանատու: Շատ դժվար խնդիր է,  քաղաքական մարդն իրավունք չունի  մեղադրելու հասարակությունը, որովհետև քաղաքական էլիտան է նաև պատասխանատու հասարակություն  ներմուծված արժեքների համար: Բայց մյուս կողմից՝ հասարակությունն արժանապատվություն պետք է ունենա, ինքնակազմակերպված քաղաքացիական ընդվզում՝ հասկանալու համար, որ 5-15.000-դրամանոց ձայների արդյունքը 5 տարվա լռությունն է, ինքնաոչնչացումը: Սակայն վաղուց այդ 5 տարիները դարձել են երկար ժամանակի համար ճակատագիր: Սա ներքին պարտություն է: Մենք մեզ ենք պարտվել:

Իմ ընդվզումը կամ քաղաքացու վիրավորանքը մեր «կեսգիշերային անակնկալների» շարքից է

-Ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության դեպքում:

-Բովանդակային  դատողություններ չեմ կարող անել, որովհետև որպես այդպիսին իրավական փաթեթ չկա։  Առայժմ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Իմ ընդվզումը կամ քաղաքացու վիրավորանքը մեր «կեսգիշերային անակնկալների» շարքից է: Հայ ժողովուրդն  արթնանում է մի օր  և բացահայտում, որ մեր կողմնորոշումը դեպի Մաքսային միությունն է՝ ամբողջությամբ անորոշ, չբացահայտված, համոզում չդարձած մի կեցվածքով, իսկ օդում սավառնող  հիմնական  մոտիվիացիան  անվտանգության  երաշխիքն է:

Ընդունում եմ, որ անվտանգության լրջագույն խնդիրներ ունենք. տարածաշրջանային զարգացումներ, հարևանության հետ չլուծված կոնֆիլիկտներ և այլն: Բայց գրեթե 4 տարի եվրոպական վեկտորն էինք ընտրել  որպես քաղաքական արժեքների փաթեթ, քայլ-քայլ բանակցել ենք, ճակատամարտի համարժեք էներգիա ենք կորցրել միջազգային բոլոր հարթակներում,  քաղաքական բոլոր ձևաչափերում փորձել ենք պաշտպանել մեր շահը, մեր արժանապատվությունը, և հանկարծ  կտրուկ փոխում ես վեկտորդ՝ անհասկանալի թե՛ եվրոպական ընտանիքի, թե՛ քո քաղաքացիների համար: Այս քաղաքական վարքագիծը բնորոշ է ոչ ժողովրդավարական երկրին: Քաղաքացին, ըստ էության, բացի իր գրանցումից՝ որևէ կապ չունի, իսկ քաղաքացին ունի պարտականություններ, իրավունքներ իր ճակատագիրը որոշելու գործիքներ:

-Անակնկա՞լ էր Ձեզ համար այդ հայտարարությունը:

-Ըստ էության, այս թեման սավառնում էր օդում: Շարունակ փորձում էինք «և՛… և՛»-ի քաղաքականությունը վարել, բայց, թերևս, դիվանագիտական մակարդում կամ արտաքին քաղաքական ճակատում չկարողացանք ճկուն լինել՝ առավել շահեկան լուծումներ ունենալու համար:

Մի կողմից եվրոպական քաղաքակրթական արժեքների համակարգը բացառիկորեն գնահատում եմ  և համոզված եմ, որ եվրոպական համարկումը (ինտեգրացիան) միայն դրական ազդեցություն կբերի Հայաստանին՝ որպես պատմականորեն Հին աշխարհի քաղաքակրթությանը մասնակից ազգի, մյուս կողմից՝ ընդվզում եմ եվրոպական խաղի կանոնների կամ կրկնակի ստանդարտների դեմ, երբ եվրոպական, միջազգային կառույցները Հայաստանի զարգացումների նկատմամբ շատ հաճախ հաշտվողական էին, հանդուրժողական, կրկնակի ստանդարտների մեջ՝ մեր բոլոր ընտրություններին լղոզած գնահատականներ  տալով ու մանևրելով, շատ հաճախ նույն սանրով սանրելով մեզ ու Ադրբեջանը։

Այս բանակցային գործընթացը նաև Ֆյուլեի ձախողումն էր

-Այսինքն՝ ներքին համաձայնություննե՞ր կային եվրոպական կառույցների հետ:

-Միգուցե Եվրոպան մտածում էր մեզ հնարավորություն տալ՝ ավելի խիստ, կտրուկ չլինելով, երկիրը անկառավարելի ցնցումների չտանելով: Այս բանակցային գործընթացը նաև Ֆյուլեի ձախողումն էր: Պետք էր հստակ  դնել մեր խնդիրները՝ ասելով, որ կարող ենք նախաստորագրել համաձայնագիրը, բայց ոչ այդ ամբողջական գունապնակով, որդեգրեինք այն ուղղությունները, որոնք իրագործելի կլիեին մեր կողմից:

Գուցե Եվրոպան մեզ վախեցրեց իր երաշխիքների անստույգությամբ, և մենք նախընտրեցինք քիչ թե շատ կանխատեսելի մի միություն՝ նույնիսկ եթե անունը մաքսային է, որն իր հետ անխուսափելիորեն քաղաքական փաթեթ է բերելու: Ես կուզենայի, որ Եվրոպան ինքը հասկանար, որ եթե ձախողում է դիտում իր կամ մեր շահերը չպաշտպանելը, ապա սա նաև իր խնդիրն է: Իսկ քաղաքականությունը հնարավորի և շահի արվեստն է, այս պարագայում մեր խելամտությունը պետք է ստիպի մեզ ընտրել լավագույն շահեկանն ազգային անվտանգության համատեքստում:

Մենք ընտրություն կատարեցինք երկու անհայտների միջև

-Իսկ Ռուսաստանից անվտանգության երաշիքներ ունե՞նք, եթե պատմական փաստերը վկայում են նրա՝ ոչ հուսալի գործընկերոջ համբավի մասին:

-Մենք ընտրություն կատարեցինք երկու անհայտների միջև: Ինչպես միշտ, կանգնում ենք վատ և ավելի վատ ընտրությունների առաջ, ինչի համար ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան մեղավոր չեն: Մեր պարտությունները պետք է տեսնենք մեր մեջ. ինչու ունեցանք այն իրավիճակը, որ Ռուսաստանում նույնքան հայ է բնակվում, որքան Հայաստանում, և այսօր ստիպված ենք մեր անվտանգության երաշխիքները պայմանավորել Ռուսաստանի հետ, երբ 3 տարի առաջ համաձայնգիր կնքեցինք՝ 47 տարով սահմանային անվտանգությունը կապելով Ռուսաստանի հետ: Եթե խոսքը վերաբերում է այս անվտանգությանը, ապա մենք արդեն 47 տարով հանձնվել էինք:

շխանությունները պարտությու՞ն կրեցին:

-Արդյո՞ք այս հուսահատության և հոռետեսության մթնոլորտը պարտություն չէ։ Ինձ այլևս՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես քաղաքական, հասարակական  մարդ նյարդացնում է այս ինքնախարազանումը: Չի կարելի 22 տարի ապրել, շարունակ նվնվալ և ոչինչ չփոխել և հասկանալ, որ այդ պարտությունները նաև մեզանով են պայմանավորված:

22 տարի մեզ չհաջողվեց Սահմանադրությամբ պայմանավորված ինստիտուցիոնալ ողնաշար կառուցել: Այսօր բոլորի հայացքը անենաչնչին խնդրով իսկ միայն Բաղրամյան 26-ին է ուղղված, որովհետև չեն հավատում  արդարադատության համակարգին, որովհետև գիտեն, որ օրենքները չեն աշխատում, որորվհետև գիտեն, որ օլիգարխը վեր է Սահմանադրությունից, որովհետև գիտեն, որ խորհրդարանը, որ պետք է «ձայն բազմացը» լիներ,  ընդամենը  ֆինանսական և բիզնես շահերով կապված, օրվա իշխանությանը հավատարիմների ակուբ է և այսպես շարունակ…. Մենք անկեղծ չենք՝ խնդիրները տեսնելով, խուսափում ենք տալ իրական գնահատականները, որովհետև նաև վախեցած ենք: Այս ամենը և՛ վիրավորական, և՛ ցավալի է: Այս ամենը հուսահետեցնող է, և գնահատականը արտագաղթն է։

Անտարբեր հասարակությունը պետության պարտությունն է

-Բայց հասարակությունը, կարծես, հետընտրական փուլում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին սկզբից բավական ակտիվ էր, հետո հուսախաբվեց: Այսօր Ր. Հովհաննիսյանը կրկին հանրահավաք էր կազմակերպել: Հասարակությունը պատրա՞ստ է կրկին կանգնել նրա կողքին:

-Հասարակությունը հուսախաբ եղավ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը մնաց մենակ: Ընդդիմությունը ներքին գզվռտուքների և ինքնաոչնչացնող ամբիցիաների դաշտում մնաց՝  չկարողանալով միավորվել «հանունի» դաշտում: Ցավոք սրտի, այսօր ստեղծվել է քաղաքական մի միջավայր, որտեղ մի 20 հոգի պայքարում են մի հարթակում, 15-ը՝ մեկ, մի ուրիշ 15` այլ։

Չի կարելի 22 տարի շարունակ թատերական հրապարակը ազատության, անկախության, իրավունքի պաշտպանության հարթակ դարձնել, և այդպես էլ անկախության 22-րդ տարում չունենալ անկախության, ազատության, իրավունքի արժանապատիվ երկրի այն վիճակը, որը մեզ ներքին համախոհություն կբերեր: Շատ եմ ցավում և հասկանում եմ, որ այս անպտուղ, մեկուսի, փոքրիկ հանրահավաքները սնում են մեր ժողովրդի հուսահատությունն ու անտարբերությունը: Դրա փոխարեն, թերևս, պետք է քաղաքական իմաստնություն և կամք ունենալ, գնալ-բանակցել, խնդիրներ դնել, լուծումներ բերել: Մենք զուր էներգիա ենք վատնում և շատ արժեքներ փչացնում:

Սիրտը ցավում է, երբ փողոցում ակտիվիստի կարող է ծեծեն, և այդ բիրտ, ծախու ուժը, որը 5000-ով իր  ձայն է ծախում, 5000-ով կարող է նաև օլիգարխ պաշտպանել և թքել Սահմանադրության վրա։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են անտարբեր, չրթելով անցնում մեր քաղաքացիները,  երբ աչքի առջև ծեծում են ակտիվիստի։ Անտարբեր հասարակությունը պետության պարտությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter