HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգված է 12 բնակավայրի մատակարարվող խմելու ջուրը

Հրազդանում երկաթի հանքի շահագործումը կարող է վտանգել 12 բնակավայրի մատակարարվող խմելու ջուրը:

Հանքի համար նախատեսված տարածքից ոչ հեռու գտնվում են Մաքրավանի աղբյուրները, որտեղից իրականացվում է Կոտայքի մարզի 12 բնակավայրի՝ Աբովյան, Հրազդան, Չարենցավան եւ Ծաղկաձոր քաղաքների, ինչպես նաեւ  գյուղական 8 բնակավայրի` Ալափարսի, Քաղսիի, Քարաշամբի, Կոտայքի, Բջնիի, Զորավանի, Թեդենիքի, Կարենիսի ջրամատակարարումը: «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պ. Լորենը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, տեղեկացրել է, որ ընկերությունը Մաքրավանի աղբյուրներից եւ խորքային հորերից ունի 1580 լ/վրկ ջրօգտագործման թույլտվություն:

Վերը նշված բնակավայրերից մի քանիսը սնվում են ոչ միայն Մաքրավանի աղբյուրներից, սակայն թե որո՞նք են այդ բնակավայրերը, «Հայջրմուղկոյուղին» չի նշել: «Ասիական բանկի ֆինանսավորումով իրականացվում է Չարենցավան, Սոլակ եւ Արգել բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ծրագիր, որի ավարտից հետո նախատեսվում է Սոլակ գյուղի մի հատվածի ջրամատակարարումը եւս իրականացնել Մաքրավանի աղբյուրներից»,- տեղեկացրել է «Հայջրմուղկոյուղին»:

Հանքը շահագործող «Fortune Oil» ընկերությունն արդեն սկսել է փորձանմուշներ վերցնել: Երեկ «Հետքը» ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարից հետաքրքրվեց՝ նախարարին չե՞ն մտահոգում հանքի շահագործման պատճառով շրջակա միջավայրին սպառնացող բնապահպանական ռիսկերը: «Ցանկացած շահագործում, որը կբերի բնապահպանական, էկոլոգիական ինչ-որ խնդիրների առաջացման եւ լուծումներ չեն գտնի, ուրեմն այդ շահագործումը չի լինի, միանշանակ չի լինի:

Եթե այնպիսի տեխնոլոգիաներ կկիրառեն, այնպիսի սարքավորումներ կկիրառեն, որոնք թույլ կտան, որպեսզի նման պրոբլեմներ չառաջացնեն, միայն այդ դեպքում թույլ կտանք, իսկ եթե պիտի բերենք մի ձեռքով սարքենք, մյուս ձեռքով քանդենք, բնականաբար, դա ոչ մեկին պետք չէ»,- ասաց նախարարը:

Մեկնաբանություններ (1)

Anahit
Միայն Հրազդանն է 100%-ով սնվում Մաքրավանի աղբյուրներից, իսկ մյուս բնակավայրերը այլ աղբյուրներ էլ ունեն, այսինքն, այս առումով ամենից շատ տուժողը Հրազդանը կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter