HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գյուղնախարարության պարզաբանումը թուրք-ադրբեջանական մթերքի ներկրման մասին համոզիչ չէ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ այս տարվա հունիսի 7-ին արձակված N 103-Ա հրամանը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ: Հրամանը վերաբերում է մի խնդրի, որը բավականին ցավոտ է մեր հասարակության համար: Խոսքը Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկրվող կենդանական ու բուսական ծագման հումքի եւ մթերքի մասին է:

Վերոնշյալ իրավական ակտով նախարար Սերգո Կարապետյանը հրամայել էր. «Ուժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 15-ի «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. հունիսի 11-ի N 146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 220-Ա հրամանը»: Այսինքն՝ հանվում էր այն ժամանակավոր արգելքը, որը դրվել էր 4 տարի առաջ՝ նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի օրոք:

Ինչու՞ նախարարությունը չի հրապարակել հրամանը

Մինչ բուն խնդրին անդրադառնալը, խոսենք այն մասին, թե ինչու սույն հրամանը չի հրապարակվել: Այս փաստը զարմանք էր առաջացրել նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի մոտ, ով նույն նախարարության ենթակայության տակ գտնվող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո նախկին խոսնակն է, այլ կերպ ասած՝ «ներքին խոհանոցի» մարդ: «Հետքը» մի քանի հարց էր հղել նախարար Կարապետյանին՝ հարցնելով նաեւ, թե ինչու հրամանը չի հրապակվել համացանցում, մասնավորապես, arlis.am տեղեկատվական համակարգում: Միաժամանակ նախարարից խնդրել էինք տրամադրել հունիսի 7-ի եւ դրան նախորդած ու նույն թեմային առնչվող մի շարք այլ հրամաններ, որոնք չէինք գտել arlis.am-ում եւ գյուղնախարարության կայքում:

Նախարարությունից պատասխանել են. ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի համաձայն՝ անհատական իրավական այլ ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում են այն մարմիններին, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք: Հետեւաբար գրության մեջ նշված անհատական իրավական ակտերն ենթակա են տրամադրման այն անձանց, ում վրա տարածվում են»: Հրապարակման մասով էլ նշվել է, որ անհատական հրամանները պարտադիր հրապարակման ենթակա չեն: Նշենք, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի 55-րդ հոդվածը սահմանում է, որ «Գերատեսչական անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունողները» (ընդգծումը մերն է- հեղ.): minagro.am կայքում կան նախարարի մի շարք այլ անհատական հրամաններ, սակայն հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող վերոնշյալ հրամանները տեղադրված չեն: Փաստորեն կարելի է ասել, որ նախարարությունը օգտվել է օրենքի սողանցքից եւ չի հրապարակել դրանք:

Նախարարությունը պարզաբանում է

Միայն սեպտեմբերի 20-ին, երբ մամուլում արդեն քննադատական տեսակետներ էին հնչել նախարարի հրամանի վերաբերյալ, ԳՆ-ն տարածեց հետեւյալ հաղորդագրություն-պարզաբանումը.

«ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի  սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ դարձավ։ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ,  հետեւաբար որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել։

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որեւէ առեւտրային սահմանափակում չի կարող կիրառել։  Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։

Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային եւ կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ կառույցն ունի համապատասխան ներուժ եւ ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով: Ներմուծվող սննդամթերքի վտանգների կանխման եւ նվազեցման, ինչպես նաեւ սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրության նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը:  Այն թույլ է տալիս սահմանային վերահսկողություն իրականացնել՝ համաձայն ռիսկայնությունը որոշող չափանիշների եւ ռիսկերի վերահսկողական համակարգի մեթոդաբանության (ընդգծումը նախարարությանն է- հեղ.):

Հայաստանի Հանրապետությունում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին»։

Ինչու՞ է ԳՆ-ն «բարիացել» 

ԳՆ-ի հիմնավորումն այնքան էլ համոզիչ չէ, որովհետեւ եթե նախարարությունը հիշել է, որ ՀՀ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, ապա դա ամենեւին էլ նորություն չէ, եւ 2009-ին, երբ արգելք դրվեց թուրքական ու ադրբեջանական մթերքների ներմուծումների վրա, այդ մասին հաստատ շատ լավ գիտեին: Երկրորդ՝ շատ տարօրինակ է Հայաստանի նման կեցվածքը մասնավորապես Թուրքիայի հանդեպ, որը, նույնպես լինելով ԱՀԿ-ի անդամ, ամենեւին չի խորշում տարբեր արգելքներ հարուցել հայ տնտեսվարողների դեմ, որոնք փորձում են հայաստանյան ապրանք մտցնել Թուրքիա: Մյուս կողմից՝ եթե նշվում է, որ նման սահմանափակում կարող է կիրառվել ոչ թե նախարարի հրամանով, այլ օրենքով, ապա շահագրգռություն ունենալու դեպքում նույն նախարարությունը եւ կառավարությունը կարող էին օրինագիծ մշակել այդ մասին եւ մտնել խորհրդարան: Իսկ եթե արգելքը հանում են, ուրեմն հակառակն անելու շահագրգռության մասին խոսելն ավելորդ է:  

Նախարարությունը հանրությանը եւ լրագրողներին փորձում է հանգստացնել ՍԱՊԾ-ի ներուժի մասին խոսքերով եւ վերջինիս ներդրած մեթոդաբանությամբ, որը պետք է կանխի եւ նվազեցնի ներմուծվող մթերքի վտանգի ռիսկերը:  

Իր հերթին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը հարց էր բարձրացրել, թե արդյոք թուրքական, առավել եւս՝ ադրբեջանական մթերքների հետ ներկայացվող ուղեկցող փաստաթուղթը հիմք է լինելու, որպեսզի դրանց ներմուծումը ՀՀ սահմանի վրա թույլատրվի: Այսինքն՝ ի՞նչ երաշխիք կա, որ զուտ թշնամական նպատակներով այդ երկրները Հայաստան ուղարկվող մթերքները չեն թունավորի (բառիս նեղ եւ լայն իմաստով)՝ բնականաբար, չմոռանալով լաբորատոր հետազոտության մասին կեղծ փաստաթուղթ կցել:

Սրանք ազգային անվտանգության հարցեր են, ինչին գյուղնախարարությունը պետք է մոտենա ոչ թե նախարարի ինչ-որ անհատական հրամանով, այլ պատկան մարմինների հետ լուրջ քննարկումներ կազմակերպելով՝ ընդհուպ մինչեւ համապատասխան օրենքի ընդունումը:

Այլապես հարց է ծագում, թե ում է սիրաշահում կամ որ օլիգարխի ներկրումների դիմաց է կանաչ լույս վառում նախարար Կարապետյանը: Հիշենք թեկուզ թուրքական էժան բանջարեղենի (մասնավորապես լոլիկի) վերջին լայնածավալ ներմուծումները ՀՀ, ինչը համարվում է հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսը, որը միաժամանակ բացասական ազդեցություն է թողնում տեղական ֆերմերների եւ գյուղացիության վրա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի հետ Հայաստանը չավարտված պատերազմ ունի, ու բացի դրանից՝ մեր արեւելյան հարեւանը ԱՀԿ-ի անդամ չէ (դիտորդ է), այնպես որ ինչ-որ միջազգային պարտավորության մասին խոսելն ավելորդ է: Իսկ եթե ԳՆ-ն պարզապես ուզում է խուսափել այնպիսի դեպքերից, երբ Վրաստանից մի քանի կգ ադրբեջանական ծագման կոնֆետ ձեռքի հետ բերող վարորդին կանգնեցնում են սահմանային անցակետում, ապա դրա մեջ ոչ մի վատ բան չկա. այս պարագայում նման խստությունը նույնիսկ անհրաժեշտ է:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter