HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկրի կենացը խմողների 90 %-ը թքած ունի այս երկրի վրա»

Հարցազրույց երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի հետ

-Ձեր երգերից մեկում՝ «Հերիք եղավ, Տեր», նշում եք՝ «Ինքն իրեն սիրող լաչառ ազգասեր, Պատմություն կեղծող տականք բառասեր, Ես-ը մեծարող սուտ հայրենասերՆյութն արժևորող բիզնեսմեն տերտերՀերիք եղավ, Տեր, տղերքին հետ բերՀերիք եղավ, Տեր, երկրիս տեր բեր»: Ինչի՞ դեմ է Ձեր ընդվզումը:

-Եթե իմանայի այդ «ինչի»-ի պատասխանը, ինքս լուծման ելք կգտնեի: Դրա համար Տիրոջն եմ խնդրում: «Երկրիս տեր բեր» արտահայտությունը հաստատ իշխանության մասին չէ, թող այդքան չուռեն մեջները: Երկրի տերը քաղաքացին է, ով երկիրն իրենն է համարում: Տեր ասելով՝ նկատի չունեմ, որ Ռայկոմի քարտուղար կամ ԺԷԿ-ի պետ լինեն, այլ երկրի ցավն ու ուրախությունը սրտով զգան: Ինչքան էլ շքերթի ժամանակ ուրախանում ենք, բայց դրանից 3 օր հետո բախվում ենք մի տհաճ երևույթի ու զգում ենք, որ երկիրն օտարանում է:

«Տղերքին հետ բեր»... Թվարկածս կենսակերպերից ոչ մեկի մեջ տղերքը չեն տեղավորվում, դրա համար չկան: Իրականում «տղերքին հետ բեր» ասում եմ, որ երևույթը թանկանա, որ անձնազոհվելն ամոթ չլինի, տղամարդ լինելը հատկանիշ լինի: Հայրենասիրությունից ու ռազմահայրենասիրությունից խոսողները հոգնեցրել են: Հայրենասիրությունը չեն քարոզում, հայրենասեր լինում են: Հայրենասիրությունը քարոզի միջոց չէ, առավել ևս ռազմահայրենասիրությունը, որ այսօր որոշ փանջունիներ շատ են շահարկում: Ես կուզեի, որ պետությունն ու երկիրն, ի վերջո, անկեղծ դաշտ գար: Իրականում ունենք պետություն, որն ունի գերբ, դրոշ, հիմն, իրականում ունենք հասարակություն, որից իշխանությունն է դժգոհ, այսինքն՝ ոչ մի ստերիլիզացված համակարգ չունենք, միակ բանը, որից կարողանում ենք կառչել կամ կոնկրետ գործ անել՝ բանակն է, որը մեզ պետք է այնքան պահի, մինչև թվարկածս արժեքները վերականգնվեն:

-Բայց այսօր արդեն ազատամարտիկներն են դուրս եկել փողոց՝ բողոքի:

-Անկեղծ ասած, ազատարտիկներն իմ ընկերներն են, նրանց ցավը տանեմ, հարգում եմ նրանց ընդվզումը, բայց չեմ կիսում այն:

-Ինչո՞ւ:

-Որովհետև չեմ ուզում, որ մեր արտաքին թշնամին տեսնի, որ այս երկրի համար կյանք տված տղերքն այս երկրին դեմ են: Մեկ-մեկ առիթներ են եղել, հանդիպել եմ տղերքի հետ, բայց ոչ Օպերայի կամ այդ միտինգների վայրում: Եթե իմանամ, որ լուծման ելք կա այդ ընդվզումների մեջ, անպայման կմիանամ նրանց, բայց համոզված եմ, որ չկա, որ սա ընդամենը ներքին կարգով՝ անգիտակցորեն, թե գիտակցորեն, հերթական կազմակերպված ընդվզումն է: Կուզեի հասկանալ այդ կազմակերպիչների ակունքները:

-Այսինքն՝ ազամարտիկների ընդվզումն ինքնակամ չէ՞:

-Ինքնակամ է, բայց այս պահի ցանկացած արդարամիտ ընդվզում բզբզելով՝ տեսնում ես, որ դրա տակ ինչ-որ մեկը, ինչ-որ կազմակերպություն է կանգնած: Վատ է, որ այդպես է, բայց այդպես է: Իրականում երկրի տերը ոչ մենք են, ոչ էլ իշխանությունները: Երկրի տերն այդ թաքնված կազմակերպություններն են:

Ցավոք սրտի, ես երկիրը համարում եմ վատ, հիվանդ, իսկ հիվանդության բջիջները կուսակցություններն ու կազմակերպություններն են, որոնք ներքին, արտաքին կարգով փորձում են Հայաստանից թողնել այդ հիմնը, գերբը, դրոշը: Իսկ դրանք էլ ժամանակի հետ կցնդեն-կգնան: Այս պահին մենք կարող են պայքարել դրա դեմ միայն անկեղծությամբ, մեզ չխաբենք սուտ էլիտարիզմով: Ինչքան առիթ ունեցել եմ շփվել օտարերկրացու հետ, տեսել եմ, որ նա իր տեսակին հավատարիմ է, իսկ մենք՝ ոչ:

-Այդպիսին եղե՞լ ենք, թե՞ դարձրել ենք:

-Այդպիսին դարձրել ենք: Չգիտեմ՝ ինչի՞ ենք այդքան ջղայնացրել աշխարհին, բայց աշխարհը, ցավոք, այդպես է տրամադրված մեր հանդեպ: Աշխարհին էլ չեմ մեղադրում, որովհետև չենք կարողանում ձևավորել մեր դեմքը, որ կանգնենք-ասենք՝ մենք սա ենք ուզում: Մի անգամ ստացվեց, դա իներցիա էր՝ անկախությունն ու պատերազմի ձեռքբերումները: Հարցազրույցներին միշտ ասում եմ՝ ձեռք բերելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Երեխայի ծննդի պես է, ում մեծացնել է պետք: Հաղթանակն էլ ծննդի նման է, մեծացնել է պետք, մարդ դարձնել է պետք: Մեր երկիրը 22 տարվա մեջ ինչի՞ է հասել: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը խեղճ չլինի, իմաստուն լինի, ի վերջո, իր ծնողների գեները վաստակի:

Ես չեմ ուզում, որ խռովենք մեր երկրից: Պատրաստ լինենք քարը մի տեղ դնելու: Այս պահին այդ քարն անկեղծություն մտցնելն է գոնե մշակույթի մեջ, ազատ լինելը:

-Օրեր առաջ անկախության տոնն էր: Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ օրը, չէ՞ որ Դուք նաև Արցախյան պատերազմի մասնակից եք:

-Սա ավելորդ համեստություն չէ, ես արդեն հոգնել եմ մասնակից լինելու տիտղոսը կրելուց, որովհետև բան չեմ արել, վատ եմ զգում դրանից: Ես այդքան չեմ չարաշահել դա, ինչքան կողքից են ասել: Ես հո Տիգրան Մեծը չեմ, մասնակցել եմ, էլի:

Ինչ վերաբերում սեպտեմբերի 21-ին, ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու այդ զգացողությունները պետք է չունենանք հոկտեմբերի 11-ին, նոյեմբերի 8-ին կամ հունվարի 8-ին, այսինքն՝ այդ հոբելյանական օրերը չեմ կարողանում հասկանալ: Մարդը ո՞նց կարող է որոշել, որ այսօր մեր «սալյուտ» խփելու օրն է, որովհետև հաղթել ենք: Բայց եթե հաղթել ենք, ու «սալյուտ» խփելու արժանի է, եկեք ամեն օր «սալյուտ» խփենք:

Ինձ համար ամեն օր անկախության օր է մինչև, Աստված չանի, անկախությունը վերջանալու օրը: Շատ անհասկանալի է հատուկ միջոցառումներ անելը: Դա նրանից չէ, որ մենք չենք հրավիրվել, չենք մասնակցում, կամ մեր համերգը չէ: Այդպես չէ: Ուզում եմ, որ ժողովուրդն ինձ հավատա, որ այս դեպքում, ռուսերենով ասած, «աբիժնիկ» չեմ, թե քանի որ այդ միջոցառմանը չեմ մասնակցում, ուրեմն՝ այդ միջոցառումն անճաշակ է: Եղել են դեպքեր, որ մասնակցել եմ այդ միջոցառմանը, և կրկին ասել եմ, որ այդ միջոցառումն անճաշակ է: Ուղղակի միջոցառումախեղդ ենք եղել, ոնց որ հարսանիք անես, ամուսնացողների բուտաֆորիա, այսինքն՝ քեֆը կա, ուրախացողները կան, բայց ո՛չ հարսն է սիրուն, ո՛չ փեսան է նորմալ մարդ, ոչ էլ իրար սիրում են: Այսինքն՝ սերը պիտի լինի, որ այդ սերը պճնես, սերը չկա, և մենք այդ պճնանքի հետևից ենք ընկել:

-Որո՞նք են այսօրվա հասարակության վախերը:

-Պատկերացրեք՝ հասել է մի շրջան, որ վախը դարձել է ամենաազնիվ զգացողությունը, որովհետև միակ տեղն է, որ քեզ չես խաբում: Պատերազմի դաշտում բոլորն անկեղծանում էին, բոլորն էլ վախենում էին, բայց մարդու խնդիրը հենց այդ վախը հաղթահարելն է: Ցավոք սրտի, անշառ վախերն ենք կարողանում հաղթահարել: Ես, օրինակ, դավաճանի վախը չեմ կարողանում հաղթահարել: Ես ինքնաթիռից վախենում եմ, բայց քանի որ համերգի պիտի գնայի, հաղթահարեցի այդ վախը: Բայց Նաիրի Հունանյան երևույթի վախը չեմ կարողանում հաղթահարել:

Այդ բանկետներին ու շոուներին, որ, Աստված չանի, հրավիրված եմ լինում, կեղծիքից բացի ուրիշ ոչ մի բան չեմ կարողանում տեսնել: Երկրի կենացը խմողների 90 %-ը թքած ունի այս երկրի վրա: Իրենց նպատակն իրենցից բարձր չինովնիկին երևալն է, պարելու ժամանակ այնպես հարմարեցնել, որ այսինչը տեսնի: Մեզ թվում է, թե ծիծաղելու է: Այդ պահին, երբ օղի է լինում, խմում եմ ու սկսում եմ բարձրաձայն հեգնել, բայց դա հեգնանք չէ: Նրանք դառնում են իդեալներ իրենց երեխաների համար, որոնք, դեռ ձվի մեջ լինելով, քծնողներ են մեծանում: Նրանց համար քծնանքը դառնում է արժեք, որովհետև ինքն այդ քծնանքով նյութ է վաստակելու: Այդպես էլ չհասկացան, որ նյութը միայն միջոց է: Ցավոք սրտի, այսօր անկախություն ասվածն էլ դարձել է նյութական արժեք:

-Ի՞նչ կորուստներ ունեցաք 22 տարիներին:

-Ընկերներս... Բացի դրանից՝ որևէ կորուստ չեմ ունեցել… Երբ Կյաժը՝ Արմեն Ադամյանը, մահացավ, հասկացա, որ ամեն ընկերոջս հետ մի քիչ ինձնից ճանապարհում եմ: Այդ տեսակին ճանապարհելով՝ մի քիչ երկրից ճանապարհում ենք: Բայց երբ այդ հոգևոր արժեքն իր հետ գնում է, և այստեղ պահող չի լինում, արդեն կենսաբանական մահ չէ, դա ավելի կարևոր բան է: Կուզեի՝ որակը շատացնեինք, իսկ դա միայն մշակույթով կարելի է անել:

Հերիք է խաբեության մեջ գցել ժողովրդին, ասել, որ ժողովուրդը սա է ուզում: Խոսքը դեգրադացված խավի մասին չէ, որը պատվերով միտինգի է գնում:

-Որո՞նք են 3 իշխանությունների սխալները:

-«Խաթաբալադայի» մեջ ասվում է՝ «Ըմբռնումով մոտեցեք հարցին, մինչև տեսնեմ՝ ի՞նչ եմ անում գործերս»: Ուզում եմ տեսնել անաչառ և անկեղծ իշխանավոր, որ այդ մարդու մտածելակերպի դոմինանտը անձնականը չլինի: Երբ մեկը պաշտոն է ստանում, ընկերները զանգում-շնորհավորում են, բայց ինչի՞ համար՝ հարստանալո՞ւ: Պաշտոն ստանալը ենթադրում է չարքաշ աշխատանք: Այդ մարդիկ հետո դառնում են լրիվ օրինաչափ իրենց պաշտոնին՝ լեքսիկոնից սկսած, և այդտեղից միակ օրինաչափ բանն իրենց արդուկած հագուստն է: Լավ, նյութականը վաստակեց՝ դաչան առավ, երեխաների համար թանկ ավտոներ առավ, հետո ի՞նչ է մտածում: Այդքան նյութախեղդ մի եղեք: Այսօր կա սիրո և անկեղծության պակաս: Ասում են՝ արջին 7 հարց են տալիս, 7-ի դեպքում էլ մեղրից է խոսում: Եթե սիրենք, ուժեղ կլինենք, եթե ուժեղ լինենք, միասնական կլինենք, որովհետև թուլությունից ենք անջատվում: Եթե պետությունը մերը լինի, բանակ գնացող զինվորը տխուր աչքերով չի գնա, հպարտությամբ կգնա ու սիրով ընկերություն կանի:

Նայում ես օրը 1000 դրամ վաստակող վարորդին, որի դեմքից չար բաներ է թափվում, որի ավտոն շատ վատ վիճակում է, որովհետև, կներեք, ինքը թքած ունի դրա վրա, որովհետև ավտոն իրեն չի պատկանում, իսկ նրա հիգիենան էլ դեռ մի կողմ դնենք, ավտոյից զզվելի երաժշտություն է գալիս, քիթն էլ անձեռոցիկով սրբում է ու անձեռոցիկը ավտոյից դուրս նետում: Եթե այս նույն անասունին մեկը կանչի, լողացնի, սափրի, լավ շորեր հագցնի, դարձնի ԺԷԿ-ի պետ, ԺԷԿ-ի պետից էլ՝ թաղապետ, հետո՝ եսիմ ինչապետ, պետ-պետ, կդառնա այն հայվաններից, որոնք մեզ գռփում են: Այսինքն՝ տեսակի խնդիր է, մոտեցման խնդիր է: Մի ազնիվ մարդու դրեք պաշտոնի, տեսեք՝ կկեղտոտվի՞:

Եթե ամփոփելու լինեմ, միայն կասեմ, որ իմ իմացած ճանապարհը միայն սերն ու անկեղծությունն է:

Լուս.՝ Դ. Ամալյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter