HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ

Աշտարակ։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ։ Տեսական ֆիզիկայի լաբորատորիա։ Յուրի Մալաքյան

Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Յուրի Մալաքյանի հետ հանդիպումը առանձնահատուկ էր մի քանի իմաստով, ամենահետաքրքիրն ու անսովորը ծանոթության փուլն էր։ Սկզբում ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը, ներկայացնելով պարոն Մալաքյանին՝ մեզ՝ լրագրողներիս, ասաց, որ պարոն Մալաքյանը մեր առաջատար գիտնականներից է, միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրած բազմաթիվ աշխատանքների հեղինակ, ինստիտուտի լավագույն ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հանրապետությունում, և ընդհանրապես ֆիզիկայի, քվանտային օպտիկայի ոլորտում առաջատար գիտնական, իր ղեկավարած խումբն ընդգրկված է բազմաթիվ միջազգային համագործակցություններում, ունի շատ լավ երիտասարդ կադրեր...

Այնուհետև պարոն Մալաքյանը մի լավ «քննեց» մեզ՝ լրագրողներիս՝ պարզելու, թե արդյոք ո՞րն է լինելու մեր զրույցի նպատակը, ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ենք գիտական լրագրությամբ և արդյո՞ք իր խոսքը չենք աղավաղի և ներկայացնի՝ ոչ ճիշտ մեկնաբանություններով։ Ինչպես հասկացանք պարոն Մալաքյանի «տառապանքը փորձ ուներ»։ Այնուհետև նա դիմեց մեզ հարցով, թե արդյոք մեր աշխատանքն ինչ–որ օգուտ տալի՞ս է մեր գիտնականներին, ասացինք՝ հույս ունենք, թե տալիս է։ «Հիմնականում ի՞նչ եք ներկայացնում՝ արդյունքնե՞րը, առաջընթա՞ցը, թե՞ թերությունները»։ Ասացինք, որ՝ ձեռքբերումները և խնդիրները, իհարկե հիմնական խնդիրն է պետության և հասարակության վերաբերմունքը և այլն։ «Նախ՝ դուք ի՞նչ դիրք եք գրավում, և եթե գործ եք անում, ժամանակ ծախսում, վերջիվերջո դա հասնո՞ւմ է իշխանություններին»։ Ասացինք, որ, ելնելով գիտության հանդեպ ներկա վերաբերմունքից, ցավալիորեն պիտի փաստենք, որ չի հասնում, և, օգտվելով առիթից, հարցեր տալու մեր «մասնագիտական գերապատվությունը» վերցրինք մեր ձեռքը.

–Պարո՛ն Մալաքյան, իսկ Դո՞ւք ինչ կասեք հիմնական խնդրից, ինչպե՞ս հասնել ֆինանսավորման ավելացմանը։

–Ֆինանսավորման այսօրվա վիճակը պայմանավորված է օբյեկտիվ պատճառերով, որոնք շատ լավ հասկանալի են բոլորին, միաժամանակ սուբյեկտիվ պատճառներով, որոնք հնարավոր է լուծել ու չեն լուծվում։ Սուբյեկտիվ պատճառներից առաջինն այն է, որ մեր երկրում ընդհանրապես չկա այնպիսի համակարգ, որ մարդն ապրի, աշխատի և իրեն ապահով զգա, այնուհետև՝ միասնականության գաղափարը. մեր՝ հայերիս մոտ կոլեկտիվ աշխատանք կատարել համարյա հնարավոր չէ։ Թեև դա առանձնապես չի վերաբերում մեր ինստիտուտին, բայց լավ կոլեկտիվները կարելի է համարել պատահական երևույթ: Ինչ վերաբերում է գիտության դժվար վիճակին, հիմա սկսել են ինչ-որ քայլեր անել: Օրինակ, գիտպետկոմը ձգտում է իրականացնել որոշ ծրագրեր, բայց առաջինը` դեռևս բացակայում է փորձը, երկրորդ` ինչքան էլ տարօրինակ թվա, գիտնականներին խանգարում է  նախանձը, որը թույլ չի տալիս  ընդունել մյուսի հաջողությունները, ինչը կոլեկտիվ աշխատանքի հիմքն է: Մեր ինստիտուտը տարբերվում է այդ իմաստով, այստեղ շատ դրական մթնոլորտ է: Ժամանակին մենք կարողացանք չորս լաբորատորիայով միանալ ու մի մեծ ծրագիր մշակել, և երբ Եվրամիությունը ուզեց համագործակցել ԱՊՀ երկրների ինստիտուտների հետ, նրանց կողմից Հայաստանում ֆիզիկայի բնագավառում ընտրվեց մեր ինստիտուտը:

Բայց և այնպես, պարոն Մալաքյանը նշում է, որ չնայած բոլոր հաջողություններին, ինստիտուտը շուտով կարող է հայտնվել ծանր դրության մեջ: Ակտիվ աշխատող գիտնականները  հասել են մի տարիքի, որ արդեն պիտի ունենային երիտասարդ փոխարինողներ, որոնք ընդունակ լինեին շարունակելու գործը, ընդ որում՝ նո՛ւյն հաջողությամբ։ Սակայն ինստիտուտում այդ սերունդը գրեթե բացակայում է՝ նրանք հեռացել են կամ գիտությունից կամ երկրից, իսկ ներկայիս կադրերը շատ երիտասարդ են, դեռևս չունեն պահանջվող փորձն ու մակարդակը. «Դժբախտաբար, հեռանալու միտումը շարունակվում է և մի քանի տարի անց մենք կարող ենք կանգնել անլուծելի խնդրի առջև»: 

–Իսկ ի՞նչ անել, որ հետ գան գնացողները։

Դա դժվար բան է: Եկել էր իմ նախկին ասպիրանտը, ով հիմա Գերմանիայում է: Նա ասում էր, թե մեծ հաճույքով կվերադառնա, եթե իրեն ապահովեն ամսեկան գոնե 1500 դոլարով։ Ասացի՝ դու գիտե՞ս մենք ինչքան ենք ստանում, մենք ստանում ենք մոտ 150 դոլար, իսկ քո ասածի չափ ունենալու համար պիտի կարողանաս դրամաշնորհներ ստանալ արտասահմանից։ Մեր պետությունից կարող ես միայն չնչին գումար ստանալ: Նա (կամ նրանք) տեղյակ չէ (չեն)՝ ինչ է նշանակում մեր երկրում գիտության մեջ աշխատել։ Դեռ, փառք Աստծո, որ, չնայած այս վիճակին, մենք մնացել ենք գիտության ճակատում։

Պարոն Մալաքյանն այն կարծիքին է, որ Հայաստանում գիտության զարգացմամբ հետաքրքրված են միայն գիտնականները։ Նա համոզված է, որ մեր երկրում հիմնարար գիտություն զարգացնել միջազգային մակարդակով այլևս հնարավոր չէ, երկիրն ի վիճակի չէ։ Բայց կա մի պրոբլեմ, որ մեր իշխանությունները չեն հասկանում. կանցնի 20 տարի, երբ նոր, և առաջին հերթին, քվանտային տեխնոլոգիաներն ամբողջովին կմտնեն կենցաղ, այդ ժամանակ մենք ոչ միայն շատ հետ կմնանք, կդառնանք նախնադարյան երկիր։ Մեզ պետք է գոնե մասնագետներ պատրաստել, որ նոր եկող տեխնոլոգիաներին կարողանան տիրապետել։ 20 տարի հետո մեզ ծանոթ ինտերնետն իրեն սպառած կլինի, իսկ քվանտային տեխնոլոգիաներից գաղափար չենք ունենա։

Փաստորեն, մենք այսօր գիտության համար պայքարում ենք արդեն ո՛չ միայն նրա համար, որ գումար տան, ավելացնեն, որպեսզի լավ աշխատանքներ հնարավոր լինի կատարել, այսօր մեր պայքարը նաև բացատրելու, հասկացնելու, մեջ է, որ ՀՀ–ի վիճակը 20 տարուց շատ ծանր է լինելու: Սա մեծ պրոբլեմ է։

Որպես «տեղ հասցնելու» ճանապարհ պարոն Մալաքյանը մատնանշում է հիմնականում երկուսը՝ ԳԱԱ–ն և Գիտպետկոմը։ Այսօր ոչ ոք հաշվի չի առնում, որ գալիս է քվանտային տեխնոլոգիաների դարը, իսկ քվանտային տեխնոլոգիաներում ֆանտաստիկ բաներ են կատարվում։ Միայն գիտնականներն են հասկանում, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Նրա խոսքով` զարգացած երկրներում ամբողջ տեղեկատվությունը, բոլոր բանկերը, բնակարանները և այլն ապահովված կլինեն բացարձակ անվտանգությամբ, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Ադրբեջանը նույնպես հեշտությամբ կարող է պատրաստել համապատասխան մասնագետներ ի շնորհիվ նաֆթադոլարների և շահագործել քվանտային տեխնոլոգիաներ՝ ապահովելով իր անվտանգությունր, իսկ մեզ մոտ ամեն ինչ կլինի հարվածի տակ: «Հարցն այն է, որ այս ամենին պետք է տեղյակ լինեն իշխանությունները, սա պետական անվտանգության խնդիր է: Այս հարցով քննարկումներ և ելույթներ եղել են Գիտությունների ակադեմիայում, սակայն տեղյակ չեմ նման քննարկումների մասին կառավարությունում»:

–Պարո՛ն Մալաքյան, մերոնք իրոք չե՞ն հասկանում, թե՞ հասկանում են, բայց դրսի ճնշումների արդյունքում ոչինչ չեն կարողանում անել։

–Իշխանությունները երևի գիտակցում են, թե ինչ իրավիճակ է, բայց ոչինչ չեն կարողանում ձեռնարկել, քանի որ գտնվում են հանգամանքների ճնշման տակ, որոնք թելադրում են իրենց կանոնները: Ես չեմ կարծում, որ արտաքին ուժերը չեն ցանկանում, որ Հայաստանն առաջընթաց ապրի: Ի վերջո, Հայաստանը նույնպես շուկա է, նրանք կցանկանան վաճառել մեզ իրենց սարքավորումները: Սակայն մենք չենք գնի, քանի որ մասնագետներ չունենք:

Ըստ պարոն Մալաքյանի՝ մեզ պետք է մասնագետների ամբողջ բանակ: Հայաստանում սովորական լրատվական տեխնոլոգիաներն արդեն մեծ տեղ են զբաղեցնում, դեռ նոր-նոր ենք սկսել, բայց արդեն շատ ընկերություններ կան: Եվ խնդրի լուծումը կարելի է սկսել այստեղից, եթե պետական համակարգված մոտեցում ձևավորվի: 

Պարոն Մալաքյանը խաղաղ, հիմնավոր ու փաստարկված վերլուծեց վիճակը, ճիշտ այնպես, ինչպես բժիշկը, ելնելով հիվանդությունների հնարավոր տարածումից, տրամաբանորեն կբացատրի մոտալուտ ելքը, եթե իր մատնանշած միջոցները չկիրառվեն:

Նա ասում է, որ գաղտնիք չէ, որ մերոնք անընդհատ գնում են, իսկ գնացողներից շատ քչերն են վերադառնում, նախ՝ չունենք համապատասխան սարքավորումներ և տեխնիկա, և հետո՝ այստեղ աշխատաոճն է ուրիշ. «Օրինակ, մենք աշխատում ենք 7-8 ժամ: Երբ արտասահմանում էի, ժամը 6-ին տուն էի գնում, բայց հետո մի 2 ժամից վերադառնում էի աշխատավայր: Մինչև ժամը 12-ը նրանք աշխատում են, նրանց մոտ անընդհատ նոր գաղափարներ են ծնվում, քննարկել է պետք, թե ինչպես այդ գաղափարներից ինչ որ «հումք» ստանան, որպեսզի այդ հումքը աշխատի: Մեզ մոտ մոտեցումն ուրիշ է»:

–Իսկ եթե մենք տանք բավարար չափի աշխատվարձ և սարքավորումներ, գուցեև վերադառնա՞ն գնացածները։

Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչ իրավիճակ է տիրում այստեղ: Ի՞նչ անել, որպեսզի իրավիճակը շտկվի։ Ինչպե՞ս կարող եք վերադարձնել այդ մարդկանց։ Ո՞վ կարող է ուղիներ ցույց տալ։ (Կարծես թե` կրկին հարցեր տվողը դարձավ պարոն Մալաքյանը :)

–Երևի նախ բարձր վարձատրել է պետք, ավելի շատ, քան նրանք վաստակում են այնտեղ:

Բացի այն, որ դա այսօր անհնար է, նաև` դա դեռևս քիչ է: Ռուսաստանը վերադարձած գիտնականներին մեծ աշխատավարձ է տալիս: Մեկին 2 միլիոն դոլարի դրամաշնորհ են տվել, բայց նա ասում է, որ ոչինչ չի կարող անել և պիտի հետ վերադառնա: Գիտության կազմակերպման խորհրդային կառուցվածքը փլուզվել է, իսկ նորը չի ստեղծվել:  Նախ պետք է բազա ստեղծել: Բազան` դա բարձրակարգ մասնագետներն են, ֆինանսներն են, սարքավորումներն են, գաղափարներն են, և ակտիվ համագործակցությունը արտասահմանի հետ: Հիմա մենք ոչինչ չունենք: Եթե նույնիսկ լինեն ֆինանսներ, գաղափարներ, մարդիկ գան արտասահմանից, ովքեր կղեկավարեն այդ աշխատանքները, միևնույնն է, մենք չունենք գիտնականների կրիտիկական զանգված: Չկան այն մարդիկ, ովքեր աշխատում էին, այդ ամենը ստեղծում:

-Տարեկան Ձեզ քանի՞ ուսանող է հարկավոր, որպեսզի շտկվի վիճակը։

-Ինստիտուտում մենք ունենք մոտ 100 գիտաշխատող, եթե տարեկան մեկ ասպիրանտ ընդունենք, քանի՞ տարի է հարկավոր, որպեսզի շտկվի վիճակը։ Պարզ չէ՞, որ այդքան քիչ ներհոսքով սերնդափոխություն իրականացնել հնարավոր չէ։ Բացի այդ, հիմա ինձ մոտ կան 3 երիտասարդ գիտնականներ, լավ աշխատող խումբ է, բայց նրանք դեռ շատ երիտասարդ են, նրանք դեռ պետք է հասնեն այն վիճակին, որ կարողանան ղեկավարել: Իսկ մենք այդ ժամանակը չունենք, ինձ թվում է մենք արդեն ուշացել ենք: Երբ գիտության մեջ սերունդների միջև կապն ընդհատվում է, դա մեծ «վթար» է, իսկ մեզ մոտ 20 տարվա ընդհատում է: Գիտությունը կարտոֆիլ ցանել չէ, որ այսօր ցանեն, վաղը հավաքեն: 20–30 տարի ժամանակ է պետք։ Հիմա հարց է առաջանում` ի՞նչ անենք. փակե՞նք այդ ամենը։ Կարծում եմ` ոչ, պետք է պատրաստենք մարդկանց, ովքեր հետագայում կաշխատեն այդ ուղղությամբ: Հիմա արդեն մեր վիճակն այնպիսին չէ, որ մտածենք Նոբելյան մրցանակի մասին, մենք այսօր գիտելիք փոխանցելու խնդիր ունենք։

Պարոն Մալաքյանը պատմեց, որ իր նախկին ասպիրանտը հիմա Եվրոպայի բարձրակարգ ֆիզիկոսներից մեկն է: Նա իհարկե այլևս չի վերադառնա, խնդիրը դա չէ։ Նա խնդրել էր, որ այստեղից ասպիրանտներ ուղարկենք, ովքեր կվերադառնան, բայց ուղարկածներից մեկն էլ թողել ու գնացել է այլ երկիր: Մարդը պատրաստ է եղել օգնելու, բայց չի ստացվել, չեն ուզում վերադառնալ: Անահիտը ՀՀ Նախագահի մրցանակ է ստացել, նա միակ երիտասարդ ֆիզիկոսն է Հայաստանում, ով Մոսկվայում Ազգերի Բարեկամության մրցանակ է ստացել, պարոն Մալաքյանի խոսքով` շատ տաղանդավոր է: Նա դեռ ասպիրանտ էր, երբ հրավերներ էր ստացել արտասահմանից, բայց նա չի պատրաստվում ոչ մի տեղ գնալ: Այսպիսիք էլ կան:

Պարզվում է, որ ավելի շատ տղաներն են գնում: Պարոն Մալաքյանը պատմում է, որ վերջերս հանդիպել է իր ծանոթներից մեկին, ով գնացել է ԱՄՆ «սիլիկոնային հարթավայր», որտեղ աշխատում են նաև իր ընկերների երեխաները, ամսեկան ստանում են 10 000 դոլար: Նա հարց է տալիս ու պատասխանում` կվերադառնա՞ն նրանք։ Իհարկե չեն վերադառնա: Նրանք այնպիսի մասնագետներ են արդեն, որ չեն գա, այնպիսի սարքավորումներով են աշխատում, որոնք այստեղ չկան։

Զարգացած երկրները, հատկապես Ամերիկան, ստեղծում են պայմաններ, որ ձգեն գիտության մարդկանց։ Պարոն Մալաքյանն ասում է, որ Ամերիկայի ցանկացած լաբորատորիայում կարելի է տեսնել 10 չինացի, 10 հնդիկ և այլն, մերոնցից էլ կան, նրանց բոլորին պահում են ցածր դիրքերում, բոլոր բարձր տեղերը զբաղեցնում են ամերիկացիները: Բայց եթե Հնդկաստանի կամ Չինաստանի համար աղետ չէ, որ այդքան մարդ է գնացել դուրս, ապա մեզ համար մեծ աղետ է: Չինաստանի համար մեր գիտական հանրությունը ընդամենը մի գյուղ է։ Չինացիներն էլ են դուրս գալիս Չինաստանից, բայց նաև վերադառնում են: Գնացողները եթե չվերադառնան էլ, խնդիր չէ։ Մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող պետություն է: Չինաստանում բարեփոխումների հենց սկզբից ընդունել են, որ պրոֆեսորի աշխատավարձը պետք է լինի մի քանի անգամ ավել քան միջին աշխատավարձն է երկրում:

Պարոն Մալաքյանը հիշեց նաև, որ Սովետական իշխանության հենց սկզբում, 20–ական թվականներին, Հայաստանը դեռ ոչինչ չէր ներկայացնում իրենից, «բայց 40–ականներին մենք արդեն աշխարհում հայտնի գիտնականներ ունեինք։ Հայրս ասում էր, որ լավ ապրելու համար պիտի գիտնական դառնաս, որովհետև նրանք լավ էին վաստակում: Այն ժամանակ ամբողջ փողոցը խոսում էր հարգանքով, որ այսինչ մարդը պրոֆեսոր է, հիմա մենք բոլորս պրոֆեսոր ենք, և ի՞նչ…»։

Պարոն Մալաքյանի խոսքով` եթե ժամանակին գիտակցեին գիտության արժեքը, այսպիսի վիճակ չէր լինի: Թեև առաջին ղեկավարները ինտելեկտուալ աշխատանքի մարդիկ էին, բայց գիտությունն արհամարհում էին: Նրանք չգիտակցեցին, որ գիտնականներին հատուկ է պետք վերաբերվել. գիտնականը ինֆորմացիայի կրող է։ Հիշենք Նապոլեոնի կարճ հրամանը Եգիպտոսում մամլյուկների հետ մարտի ժամանակ՝ «ավանակներին և գիտնականներին՝ մեջտեղ», այսինքն՝ ամենակարևորներին ամենաապահով տեղում։ Իսկ ավանակները հրետանին էին տեղափոխում:

-Պարոն Մալաքյան, Դուք ասացիք, որ նաև ժողովրդի վերաբերմունքը պիտի փոխվի, իսկ ինչ անել դրա համար:

-Պիտի վարել հատուկ քաղաքականություն։ Գիտնականին այսօր չեն հարգում, որովհետև ժողովրդի ուշադրության կենտրոնում փող վաստակելն է, այլ ոչ թե մտավոր զարգացումը: Սա պետական  քաղաքականության հետևանք է: Եթե նայեք բյուջեն, վերջինը գիտնականներն են՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստագետներ, իրավաբաններ... վերջինը՝ գիտնականներ։ Մեզ մոտ ամենավերջին տեղում է գիտությունը։

-Որպես ամփոփում, պարո՛ն Մալաքյան, Գիտության առողջացման համար Ձեր 2 ամենակարևոր խորհուրդները:

-Առաջին հերթին բազա ստեղծել իր 5 բաղադրիչներով` ֆինանսներ, մասնագետներ, սարքավորումներ, կապեր արտասահմանի հետ, և ժամանակ: Երկրորդը` պետք է փոխվի իշխանության քաղաքականությունը. նա պիտի հասկանա, որ գիտնականը երկրի ապագան է ապահովում։

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter