HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիպրոսի թեմի առաջնորդը՝ Հայաստանի եւ օֆշորային սկանդալի մասին

Ճեպազրույց Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերգելյանի հետ

-Սրբազան, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներկա վիճակը:

-Լավ չեմ տեսնում: Մենք գնացել էինք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, որտեղ հանդիպեցինք տեղի ժողովրդի, գլխավոր դպրոցների աշակերտների հետ: Ընդհանուր շրջապատը դիտեցինք՝ ճանապարհները, ջուրը: Պետությունը պետք է նաև եկեղեցու ճնշումով այդ շրջաններին շատ ավելի առավելություններ տա, որպեսզի ժողովուրդը, որն արդեն մտահոգ է, կարողանա իր մտահոգությունները նվազեցնել: Այդ ժողովուրդը գտնվում է թուրքի գնդակների տակ և էլեկտրականության խնդիր ունի, ապրուստի հարց ունի, դպրոցի հարց: Դպրոցները պետք է ձրի լինեն: Ընկերային կյանքի պարագայում պետությունը եկեղեցու օժանդակությամբ պետք է ավելի հարմար և դյուրին միջոցներ գտնի, որպեսզի չպարպվեն այդ շրջանները, որովհետև մեր սահմանն է: Եվ տեսնում եմ, որ ժողովուրդը երեք քառորդով արդեն պարպած է: Եթե այդպես շարունակվի, ապա այդ ծերերը՝ պապիկներն ու տատիկները, չեն կարող պաշտպանել մեր հայրենիքի սահմանը:

-Եվ Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն սխալները, որոնց պատճառով ստեղծվել է այդ վիճակը:

-Այդ բոլորը գիտեք՝ պետությունն է և պետության սխալ դիրքորոշումը հայրենիքի նկատմամբ: Այդ մենաշնորհները, որոնք տրվել են  մարդկանց, պետք է առնել դրանց դեմը, և ժողովուրդը ազատ պետք է աշխատի: Որևէ մեկը, որ ապրում է հայրենիքում, ազատորեն պետք է աշխատի, բայց պարտավորություններ ունենա հայրենիքի հանդեպ՝ հարկային պարտավորություններ և այլ պարտավորություններ, բայց ազատություն պետք է ունենա: Անկախության իմաստը դա է, այլապես մեր ժողովուրդը կլքի հայրենիքը, և, ինչպես տեսնում եք, արդեն լքում է:

-Իսկ կիպրահայերի շրջանում քննարկվե՞լ է օֆշորային սկանդալը, որտեղ նշվում է նաև Նավասարդ Կճոյանի ներգրավվածությունը:

-Ոչ: Այդ երևույթից բնավ գաղափար չունեինք և չունենք: Ինչ որ դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք: Մենք չգիտեինք, որ մարդիկ այդպիսի գործեր են արել Կիպրոսի մեջ: Մենք ծանոթ չենք, թե ինչ գումարներ են եկել և դրվել դրամատների մեջ, որոնցից երկուսն արդեն սնանկացած են, և մարդիկ վնաս են կրել: Մեր եկեղեցին պահեստիկ գումարներ ուներ այնտեղ, և մենք նույնպես վնաս կրեցինք:

Կիպրոսի հայերն ընդհանրապես կապ չունեն մեր եկեղեցու կամ առաջնորդարանի հետ: Փոքր մասը, շատ հավատացյալ մասը եկեղեցի է գալիս, կապված է եկեղեցու հետ, բայց, դժբախտաբար, մեծ մասը կապված չէ եկեղեցու հետ: Երբեմն գալիս են պսակներ են անում: Այսօր շատացել են խառնամուսնությունները:

-Սրբազան, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է բարձրաստիճան հոգևորականին: Կիպրոսում հանդիպումներ ունեցե՞լ եք նրա հետ:

-Ոչ մի անգամ... Ինձ մոտ եկել են Պոզապալյան սրբազանը, Մարտիկյան սրբազանը, վերջերս ինձ մոտ եղավ Եզնիկ սրբազանը, Պարգև սրբազանը, քահանաներ և այլն:

-Սրբազան, այսինքն՝ սփյուռքի մեր հոգևորականները չե՞ն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում Հայաստանում, մասնավորապես, հոգևոր դաշտում:

-Հարցերը մենք այնպես ենք լսում, ինչ ասում է հեռատեսիլը, կամ անձերից, որոնց ասածները ես անձնապես չգիտեմ՝ ճի՞շտ են, թե՞ սխալ են: Այս հարցերը պետք է քննարկվեն երկուստեք: Մենք առիթ չենք ունեցել, կարծեմ, մեզ առիթ էլ պիտի չտրվի: Ես հոս եմ, և այդ ուղղությամբ խոսող չկա ինձ հետ:

-Չե՞ք կարծում, թե այդ հարցը պետք է դրվի Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում: Ինչո՞ւ չի քննարկվում օֆշորային սկանդալի հարցը ժողովին:

-Մեր ժողովը դեռ ժամանակ ունի: Մենք ունենք երկու գլխավոր հարց՝ սրբադասման օրակարգը և մկրտության խորհրդի հարցը: Առաջին նիստին հարց ունենք՝ եկեղեցին մարտահրավերների առաջ, որտեղ, եթե կգա հարցը, կգա, եթե չգա, չգիտեմ:

Մեկնաբանություններ (1)

Mihran
The crooks and thugs don't want your opinion just your money. Armenia will be emptied under serzh and karekin the two unelected people who have ruined Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter