HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եթե մեր երկրում սոցիալական ողջ համակարգը չաշխատեր իշխանությունների համար

«Շվեդներն ավելի շատ սննդամթերքի անվտանգության պետական տեսչությանն են հավատում, քան Աստծուն»,- տարիներ առաջ Շվեդիա կատարած այցից ստացած տպավորությունը հայաստանցի ընթերցողին փոխանցեց գործընկերուհիս:

Ամիսներ առաջ Գերմանիա այցելած լրագրողական մեկ այլ խումբ այդ երկրում այցելեց սպառողների շահերը ներկայացնող Stiftung Warentest կազմակերպություն, որի խնդիրը արտադրությունը վերահսկելուց բացի, հանրությանը որակյալ արտադրանք (ոչ միայն սննդամթերք) ձեռք բերելու հարցում կողմնորոշելն է: Գործընկերներս ընթերցողներին փոխանցեցին իրենց զարմանքը. այս կազմակերպությունը Գերմանիայի հանրության շրջանում ամենամեծ վստահությունն ունի՝ 74%, որն ավելին է, քան երկրի խորհրդարանի, ոստիկանության, ազգային ու եկեղեցական այլ կառույցների նկատմամբ ունեցած վստահությունը:

Հետաքրքիր է` եթե նման հարցում իրականացվեր Հայաստանում, Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) վստահության որեւէ տոկոսի կհավակնե՞ր:

Մեկ ամիս առաջ հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին առաջադրված մեղադրանքի մասին: Ծառայության Երեւան քաղաքի աշխատակիցը «ի պաշտոնե շփվելով սննդի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ, տարբեր անձանց իրացրել է  սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ (ինչպես ասում են՝ մարդու երեւակայությունը սահման չունի-Ս.Պ.): Բացի այդ, մի քանի սննդի արտադրամասերում  սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու, տարեկան ստուգումներ չնախաձեռնելու համար պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն»։ 

Կարող են ինձ ասել, որ մասնավոր դեպքով դատողություններ պետք չէ անել: Չէի անի, եթե այն, իսկապես մասնավոր դեպք լիներ և ոչ աշխատաոճ: Այս տարի գարնանը ՍԱՊԾ-ի հետ համատեղ Հայաստանի թռչնաբաֆրիկաներում անցկացրած ուսումնասիրության ժամանակ աներևակայելի տեսարանների ականատես եղանք. հանրապետությունում ամենամեծ պահանջարկ ունեցող «Գետամեջ» հավն արտադրվում եւ սպառողին էր առաքվում աննկարագրելի հակասանիտարական պայմաններում:

Զարմանալ պետք չէր, որ լաբորատոր կրկնակի փորձաքննությունը թռչնամսի մեջ սալմոնելայի անթույլատրելի չափաքանակ հայտնաբերեց, բայց այն այդ ընկերությունում տիրող հակասանիտարական վիճակի հետևանքներից մեկն էր: Սեփականատեր Ռաֆիկ  Սարգսյանը, սակայն, չպատասխանեց մեր այն հարցին, թե վերջին տարիներին ով կամ ովքեր են ստուգում իրականացրել իր թռչնաֆաբրիկայում, կամ՝ ինչո՞ւ ստուգում չեն իրականացրել:

Բայց սա հարցի մի կողմն է, ինձ առավելապես հուզում է այն հարցը, թե ինչո՞ւ Սննդի անվտանգության պետական ծառայությունը մտահոգված չէ իր վարկանիշով: Ծառայությունը բաց թողեց հանրության աչքում իր վարկանիշը բարձրացնելու լավագույն հնարավորությունը. նույն օրերին լաբորատոր փորձաքննությամբ Հայաստան ներկրված թռչնամսի մեջ տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն հայտնաբերվեց: Նման դեպքերում ծառայության ձեռնարկելիք առաջին քայլը պետք է լիներ անմիջապես թռչնամսի վաճառքը կանխելը և խմբաքանակը ոչնչացնելը: Ընդ որում, ոչնչացնելու ընթացքը հնարավոր էր կազմակերպել հրապարակային՝ մասնակից դարձնելով լրագրողներին, հ/կ-ներին: Դա թույլատրվում է Կառավարության 12 հուլիսի 2007 թվականի N 824-Ն որոշումով. «Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների եւ հ/կ-ների ներկայացուցիչներ»:

Ծառայությունն այս հարցում բացարձակ անգործություն դրսևորեց: Տեստոստերոն հորմոնը թռչնամսում հայտնաբերվել էր 22.02.2013թ.-ին իրականացված լաբորատոր փորձաքննությամբ, «Հետք»-ն այդ մասին հրապարակեց 2013թ.-ի ապրիլի 4-ին, իսկ ՍԱՊԾ-ն այդ խնդրին անդրադարձավ միայն հոդվածը հրապարակելուց 25 օր հետո: Բնակչության շրջանում բարձրացված աղմուկն ու բուռն քննարկումները Ծառայության ղեկավարությանը հարկադրեցին ապրիլի 29-ին հայտարարություն տարածել, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն (հանրապետությունում թռչնամսի հիմնական ներկրողը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է) փորձաքննության արդյունքներով վտանգավոր ճանաչած խմբաքանակը ոչնչացրել է:

«Ծառայության առաջադրանքով հայտնաբերված խմբաքանակները ներմուծող տնտեսավարող սուբյեկտի կողմից հետ են կանչվել շուկայից եւ ոչնչացվել, որի արդյունքում բացառվել է դրանց հետագա իրացումը»,- ասվում էր հայտարարության մեջ: Որքա՞ն էր կազմում հայտնաբերված խմբաքանակը, ի՞նչ մեթոդով ոչնչացվեց եւ նման մի շարք այլ հարցեր, որոնք ուղղել էինք Ծառայության պետին, մնացին անպատասխան: «Տեղեկացնեմ, որ վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է տվյալ արտադրանքը տնօրինող տնտեսվարող սյուբեկտի կողմից ստեղծված հանձնաժողովի կամ հանձնաժողովի եւ ոչնչացումն իրականցնող տնտեսվարող սյուբեկտի կողմից»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնեց ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը: Մինչդեռ «Ալեքս Գրիգ» ընկերությունը մեզ հավաստիացնում էր, որ իրենք Ծառայությունից ոչ մի հանձնարարական չեն ստացել, անգամ լաբորատոր փորձաքննության արդյունքներն իրենց չի ուղարկվել:

Ծառայության պետը դրանով փորձ արեց իրենից հեռացնել վտանգավոր ճանաչված սննդի ոչնչացման համար ՀՀ կառավարության 12.07.2007թ. N824-Ն որոշումով սահմանված գործողությունների երկար շղթայի ողջ պատասխանատվությունը, որի իրագործողը Ծառայությունն է: Այսպես.

  • Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով:
  • Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի փորձարկման մասին արձանագրությունն արտադրանքը տնօրինող տնտեսվարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:
  • Վտանգավոր արտադրանքի ոչնչացման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակից է դարձվում ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության եւ բնապահպանության նախարարություններից մեկական ներկայացուցիչ:
  • Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այդ սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:

Տվյալ դեպքում որոշման կետերից ոչ մեկը չիրականացվեց, իսկ դա նշանակում է, որ բնակչությունն ապահովագրված չէ հորմոնացված թռչնամիս օգտագործելուց: Ծառայությունից մեզ տեղեկացրին, որ եթե ներկրված ապրանքատեսակը համապատասխանության սերտիֆիկատ ունի, իրենք լրացուցիչ ստուգում չեն իրականացնում:

Օրեր առաջ մամուլը հրապարակեց ԱՄՆ արտահանված «Լոռի» տեսակի պանրի ոչ պիտանիության մասին (պանրում  հայտնաբերվել է աղիքային ցուպիկ) ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության եւ հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի եւ դեղորայքի ադմինիստրացիայի պաշտոնական հաղորդագրությունը: Արտահանող ընկերության` «ԱՄՄ» ՍՊԸ-ի մենեջերը լրագրողին հայտնել էր, որ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ԱՄՄ» ՍՊԸ-ին հունիսի 17-ին տվել է անվտանգության հավաստագիր` ԱՄՆ արտահանած «Լոռի» պանրի հերթական խմբաքանակի համար: Սակայն Ամերիկայում չեն բավարարվել, գուցեև չեն վստահել ուղեկցող փաստաթղթերի իսկությանը, և մթերքը սպառողին առաքելուց առաջ փորձաքննել են:

«Հայաստանում լաբորատոր փորձաքննություն անցել է, եւ ոչ մի բան չի հայտնաբերվել: Կարող եք գալ եւ նայել»,- լրագրողին վստահեցրել է պանիրն արտահանող «ԱՄՄ» ՍՊԸ-ի մենջերը: Չգիտեմ, այս նախադասությունը հայաստանցի ընթերցողի վրա ինչպես ներգործեց, հատկապես, երբ տեղեկացել է, որ սննդի անվտանգության երաշխավոր կառույցի աշխատակիցը սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկ է պատրաստում և իրացնում կամ` կաշառք է վերցնում ստուգում չիրականացնելու համար:

Ծառայությունը արտահանելուց առաջ անվտանգության հավաստագիր է տվել իրենց` շարունակում է արդարանալ «ԱՄՄ» ՍՊԸ-ի մենջերը: Լրագրողները պրպտեցին ու պարզեցին, որ ուղիղ մեկ տարի առաջ ՍԱՊԾ-ը «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրանքը ճանաչել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Դրանից հետո բացատրություններ չեն տրվել, թե ինչի արդյունք էր այն եւ ի՞նչ է ձեռնարկել արտադրողը խնդիրը վերացնելու համար: Սա եթե մասնավոր ընկերությանը վերաբերող հարց լիներ, մենք էլ չէինք կարեւորի, բայց չէ՞ որ նման դեպքերով ընդհանրապես անվստահություն է ծնվում տվյալ երկրի եւ ընդհանրապես նրա արտադրանքի նկատմամբ` վտանգելով երկրի տնտեսությունը:

Ցավալի է, բայց մեր երկրում չինովնիկների հետապնդած շահն աղերսներ չունի բնակչության շահի հետ: Նրանք չեն ցանկանում ուղիղ կապ տեսնել էկոլոգիապես մաքուր սննդի, անվտանգ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության միջեւ: Շվեդիայում հիվանդանոցներից մեկի բուժքույրը նախկին խորհրդային տարածքից վերապատրաստման մեկնած լրագրողներին զարմացրել էր հայտնելով, որ իր հիվանդների տարիքն սկսվում է 80-ից: Համեմատության համար արժե նշել, որ Հայաստանի բնակչության կյանքի միջին տեւողությունը`74,1 տարի է:

«Ինչո՞ւ մենք չենք ապրում այնպես, ինչպես այս երկրում»,- տեսածից ու լսածից զարմացած բարձրաձայնել էին լրագրողները: Պատճառը նրանց բացատրել էր Կալմար քաղաքի գլխավոր ոստիկանը. «Ձեր երկրներում սոցիալական ողջ համակարգն աշխատում է իշխանությունների, մեր երկրում` ժողովրդի ու առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու համար»: («Ազգ», 7 հուլիս, 2007թ.; «Շվեդները դրախտը հայտնաբերել են երկրի վրա»):

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի 2013 թ. հունիսի 7-ի N 103-Ա հրամանը, որով օրինականացրեց թուրքական եւ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, շվեդ ոստիկանի մեկնաբանության կոնտեքստից է: Նախարարն իր հրամանն արդարացրել է նրանով, որ չնայած ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի  սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը հանրապետություն չդադարեց, «ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ դարձավ»։

Այսինքն, եթե նույնիսկ սա է գյուղնախարարի հրամանի իրական հիմքը, ուրեմն նախարարն ընդունում է, որ սննդամթերքի ներմուծումը մեր հանրապետության տարածք անվերահսկելի է, պետությունն անկարող է կանխել մաքսանենգությունը, ուստի հարկադրված օրինականացնում է «անօրինական ճանապարհով ներմուծումները», որպեսզի դրանով կանխվի փաստաթղթերի կեղծումը:

Ընդամենը: Նրանց չի սթափեցնում առողջապահության նախարարության վիճակագրությունը. «Մահացության կառուցվածքում դեպքերի աճ է արձանագրվել հատկապես նորագոյացություններից, արյան շրջանառության համակարգի եւ վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից: Մահացության դեպքերի ընդհանուր թվաքանակի շուրջ 48.4%-ը բաժին է ընկնում արյան շրջանառության համակարգի հիվանդություններին, իսկ 20.7 %-ը` նորագոյացություններին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter