HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի նախագահն ունեցել է գնացուցակը, և ըստ այդմ` պարզ հաշվարկ է կատարել»

Հարցազրույց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ

-Պարոն ՄարտիրոսյանՀայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո սփյուռքից որևէ լուրջ  արձագանք չի եղել փորձագիտական մակարդակով: Դուք բնակվում եք Նյու Յորքում, և հետաքրքիր է իմանալ, թե ինչով է պայմանավորված սփյուռքի նման պասիվ կեցվածքը Հայաստանի համար շրջադարձային այս փուլում:

-Սփյուռքի այդ պասիվ վարքագիծը երկու բացատրություն ունի: Առաջինը նույն այդ սփյուռքի որակն է: Հայկական սփյուռքն այժմ ամենուր լրջագույն դեգրադացիայի է ենթարկվում: Երկրորդը` սփյուռքահայ մասնագետների` թեմայով չհետաքրքվածությունն է:

-Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն անակնկա՞լ էր Ձեզ համար:

-Թերևս` ակնկալվող անակնկալ:

-Եվրամիության հետ 3,5 տարի բանակցություններից հետո Հայաստանն ընտրել է ռուսական վեկտորը: Այս տարիներին իշխանությունները շարունակ խոսում էին եվրաինտերգրացիայի մասին: ՄՄ-ին միանալու որոշմամբ՝ Հայաստանը կորցրե՞լ է վստահելի և կանխատեսելի գործընկեր կոչվելու հնարավորությունը Արևմուտքում:

-Ո՛չ: Ընդհակառակը` ձեռք է բերել: Հիմա ամեն ինչ ավելի քան կանխատեսելի է: Հայաստանը շատ որոշակի մի տիրույթում է: Կա՞ արդյոք առավել կանխատեսելի մի իրադրություն:

-Եվրամիության դիրքորոշումը քիչ թե շատ պարզ է Հայաստանի ընտրության վերաբերյալ, սակայն  դեռևս հայտնի չէ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Արդյո՞ք Վաշինգտոնը սպասում է Վիլնյուսի գագաթնաժողովին:

-ԱՄՆ-ը Հայաստանով հետաքրքրվում է նախևառաջ որպես աշխարհագրական տարածք: Չնայած պատմության ընթացքում մեր ահռելի կորուստներին` մենք դեռևս մնացել ենք աշխարհաքաղաքական գետերի խառնարանում: Իրանն ու Սիրիան այսօրվա համաշխարհային քաղաքականության հետաքրքրության առանցքն են, և Հայաստանի աշխարհագրական մերձավորությունն այդ երկու երկրներին, ինչպես նաև դիրքն ընդհանրապես, երկիրը դարձյալ կարևոր են դարձրել ԱՄՆ-ի համար: Սիրիական արհավիրքի հետ կապված` սրացել են ռուս-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ում ավելի ու ավելի ուժեղ են լսվում հակառուսական ձայները: Սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ում իր ելույթում, անգամ նախագահ Օբաման ակնարկով պատասխանեց նախագահ Պուտինի՝ «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրականին: Պարզ է, որ այս համատեքստում ԱՄՆ-ը չի կարող դրական գնահատել իր դաշնակից Եվրոպայից դեպի իր հակառակորդ Ռուսաստան կատարած Հայաստանի ցատկը:

-Հայաստանի քաղաքական շրջանակներում Մաքսային միությանը միանալը պայմանավորում են գլխավորապես անվտանգության գործոնով: Ձեր կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցությունը իսկապե՞ս նվազեցնում է ԼՂՀ-ում պատերազմի վերսկսման ռիսկերը:

-Ո՛չ, այն չի նվազեցնում պատերազմի վերսկսման ռիսկերը, սակայն նվազեցնում է պատերազմի շուտափույթության և հայկական կողմի ծանրագույն կորուստների ռիսկերը: Պատերազմն, իմ խորին համոզմամբ, անխուսափելի է: Խնդիրը մեզ ցուցաբերվող աջակցության մեջ է: Աջակցություն ստանալու հույսերը դրանով մնում են կենդանի:

-Ռուսաստանցի մի շարք վերլուծաբաններ սարկազմով արտահայտվեցին Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանք չուներ: Այսուհետև, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

-Մի քանի տարի առաջ Կրեմլին մոտ կանգնած հայտնի քաղաքական գործիչ և քաղաքագետ, այժմ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովն ինձ ասաց, որ թեև Ռուսաստանում շատերը կարծում են թե Հայաստանն այլընտրանք չունի և չի կարող իրենց վերահսկողությունից դուրս գալ, սակայն դա այդպես չէ: Կարծում եմ` այսօր Պուշկովը բոլորովին այլ կարծիք ունի: Հետևաբար` վերաբերմունքը կլինի այնպես, ինչպես վերաբերվում են այլընտրանք չունեցող երկրին:

-Եվ ի՞նչ գին կվճարի Հայաստանն իր ընտրության համար:

-Դժվար է ասելը: Համենայնդեպս, այդ հաճույքը մեզ էժան չի արժենա: Չեմ կարծում, սակայն թե էժան կարժենար նաև Ասոցացման պայմանագրի ստորագրումը: Ակնհայտորեն Հայաստանի նախագահն ունեցել է գնացուցակը, և ըստ այդմ` պարզ հաշվարկ է կատարել: Այլ կերպ` տեղի ունեցածը դժվար է բացատրելը:

Լուսանկարը՝  Գերման Ավագյանի (Հ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter