HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են թաքցնում իրական արդյունքները

«Հետքի»հարցերին պատասխանում է «Գլոբալ հիմնադրամ»-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն

«Գլոբալ հիմնադրամ»-ի կայքում որեւէ տեղեկատվություն չկա այն մասին, որ Հայաստանը Տուբերկուլյոզի 8-րդ փուլի` 2010 թ. ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար «C» է ստացել: Ինչո՞ւ է այս ցուցանիշը բացակայում կայքից:

Որոշ ձգձգումներ կային մեր կայքում` դրամաշնորհների մասին վերջին տեղեկատվության թարմացման հետ կապված: Վարկանիշի տվյալները փոխանցվել են շահագրգիռ անձանց դեկտեմբերի 10-ին: (Նշենք, որ 2010 թ. ապրիլ-հունիս ժամանակահատվածի վարկանիշը, երբ Հայաստանը «C» է ստացել, կայքում չկա, իսկ հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածի վարկանիշը տեղադրված է: Ստացվում է, որ ավելի վաղ շրջանի տվյալները չեն թարմացվել, իսկ վերջին շրջանին վերաբերող վարկանիշն արդեն տեղադրված է-հեղ.):

Ճի՞շտ է, որ «Գլոբալ հիմնադրամ»-ը նվազեցրել է հաջորդ երկու քառորդների համար նախատեսված գումարները ստացած նվազագույն գնահատականի պատճառով:

Այո, այդպես է, ինչը մենք գրել ենք նաեւ մեր ուղարկած նամակներից մեկում:

Բացի նշվածից, Հայաստանը այլ «C» գնահատական ստացե՞լ է:

Ոչ: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Տուբերկուլյոզի ծրագրի 5-րդ փուլի համար տրամադրված դրամաշնորհի կատարման արդյունքները նվազել եւ հասել են «B2»-ի` ծրագրի կառավարման հետ կապված խնդիրների պատճառով (սա պրն Պողոսյանի ղեկավարման ժամանակ էր):

«Գլոբալ հիմնադրամ»-ի քարտուղարությունը որոշում է կայացրել 2011-ի հունվարի 1-ից ՄԱԿ-ի գրասենյակին հանձնել ԳԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի գլխավոր կետերի կառավարումը, այդ թվում` գնումները: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ:

Դեկտեմբերի 22-ին դրամաշնորհ ստացող կառույցը փոխանցեց մի նամակ, որում նշված էին այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկի գնումների գործընթացը պարզեցնելու համար: Բայց դեռ որեւէ որոշում դրա վերաբերյալ չի կայացվել, գնումների օրենսդրության մեջ արված վերջին փոփոխությունների շուրջ ոչ մի մեխանիզմ դեռ չի մշակվել (ենթաօրենսդրական ակտերը դեռ մշակված չեն, այդ պատճառով գնումների գործընթացը չի իրականացվում), եւ մեր դրամաշնորհների իրականացումն առայժմ դադարեցված է: Ինչպես ես նշել եմ նախորդ հարցազրույցում եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ հանդիպումներում, ներկայիս պետական համակարգը թույլ չի տալիս բավականաչափ ճկուն իրականացնել դրամաշնորհային ծրագրերը եւ ապահովել դրանց հաջողությունը: Անհրաժեշտ է գտնել այլընտրանքային լուծումներ, եւ մենք այժմ քննարկում ենք դրանք:

«Գլոբալ հիմնադրամ»-ի ղեկավարությունը տեղյա՞կ է Հայաստանում հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կատարման ընթացքի մասին:

Իհարկե, մանրամասն տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է ԳՀ-ի ղեկավարներին, եւ երբ անհրաժեշտ է` Գլխավոր վերահսկողի գրասենյակ:

Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ Վահան Պողոսյանն է ոչ արդյունավետ ղեկավարել ծրագրերը, մինչդեռ Հայաստանը «C» գնահատականը ստացել է ոչ նրա օրոք: Ինչպե՞ս կբացատրեք սա:

Վահան Պողոսյանի ղեկավարման ժամանակ ծրագիրը համակարգող խումբը աշխատակիցների խիստ կարիք ուներ: Բացի դրանից, խմբում ընդգրկված էին մի քանի սկսնակ անդամներ, որոնք նման մասշտաբի ծրագրերի իրականացման համապատասխան փորձ չունեին: Արդյունքում, բազմաթիվ հարցեր կուտակվեցին, որոնք չէին կարող անմիջապես պարզվել եւ լուծվել նոր համակարգող խմբի կողմից:

Տեղյա՞կ եք, արդյոք, որ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է «Գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը եւ բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ է հայտնաբերել:

Իհարկե: Որքան էլ զարմանալի է, ամփոփման արդյունքների մեջ կշտամբանքներից մեկը վերաբերում էր Օվսաննա Նաջարյանին` Համակարգող խորհրդի ղեկավար ընտրելուն, ինչը ցույց է տալիս, որ ԳՖ-ի ծրագրերի պահանջներին համապատասխան ղեկավար ընտրելու կարողություն չկա: Այլ բացահայտումներ էլ էին եղել (պրն Պողոսյանի կողմից հիանալի կառավարումը` 2010-ի ձախողումների համեմատությամբ, որոշ աշխատակիցների փոփոխություններ ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով եւ այլն), որը ես համարում եմ որոշակի կողմնապահություն եւ վերագրում քաղաքական միջամտություններին` ծրագիրը կատարող այն անձանց շահերի համար, ովքեր հետաքրքրված են կառավարման նախկին ձեւաչափը պահպանելու հարցում: Այս հետաքրքրության հնարավոր պատճառները ներկայացվել են «Գլոբալ հիմնադրամ»-ի քարտուղարությանը եւ Վերահսկողի գրասենյակին, քանզի, ի վերջո, դրանք կապված են շահերի բախման իրավիճակների եւ ավելի օպտիմալ գնումներ կատարելու հետ (ինչպես երեւում է գնումների վերջին զեկույցից, պրն Պողոսյանի կառավարման ժամանակահատվածում դիտարկվում են անկումներ):

Տեղյա՞կ եք, որ տուբերկուլյոզի ծրագրերի համար նախատեսված դեղամիջոցները ժամկետանց են դարձել: Ի՞նչ եք պատրաստվում անել:

Դեղերի խնդիրը կապված էր հավելյալ դեղամիջոցների վատ տեղաբաշխման հետ, ղեկավարում էր պրն Պողոսյանը, նա կարգադրել էր երկամյա բուժման ողջ ընթացքի համար նախատեսված հավելյալ դեղամիջոցները միանգամից առաքել` պարբերաբար ու կանոնակարգված առաքման փոխարեն: Վերջինը հնարավորություն կտար խուսափել դրանից, եւ դեղերի գործածության ժամկետը չէր անցնի: Միեւնույն ժամանակ, առաջին անգամ էր, որ դեղերի առաքման նմանատիպ կարգադրություն եղավ, սխալները բնական էին: Մենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեցինք կորուստներից խուսափելու համար, ինչպիսին էր «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հետ համագործակցությունը, որպեսզի սկզբում օգտագործվեն ավելի վաղ ստացած դեղերը: Բայց դեռեւս մեզ չեն հայտնել դեղերի կորստի ամբողջ ծավալի մասին: Դրանից հետո դեղամիջոցների առաքումը կատարվել է կանոնակարգված կերպով:

Լուսանկարում Սանդրա Իրբեն` ձախից չորրորդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter