HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» երկամյա, թվով 10-րդ գիտաժողովը՝ Իտալիայի Սիեննա քաղաքում

Վերջերս Իտալիայի Սիեննա քաղաքում տեղի ունեցավ գիտաժողով։ 2013 թ. հունիսի 19-ից 22-ը Իտալիայի Սիեննա համալսարանը հյուրընկալեց «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» երկամյա, թվով 10-րդ գիտաժողովը, որտեղ զեկուցումներով հանդես եկան մի քանի հարյուր գիտնականներ` աշխարհի տարբեր երկրներից։ Գիտաժողովը կրում էր «Ցեղասպանությունից հետո։ Զոհերն ու ոճրագործները, ներկայացումն ու մեկնաբանությունները» խորագիրը։

Գիտաժողովին ներկա էր «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» անդամ, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան հիմնադրամի մրցանակակիր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանը, ում հետ հարցազրույցի արդյունքում ստացանք հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։

Պրն. Սարուխանյան, հաճախ Ձեր միջոցով ենք տեղեկանում Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող` ցեղասպանության գիտական քննարկումների մասին։ Դուք մեկ տասնամյակից ավել անդամակցում եք «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը» և մասնակցել եք գրեթե բոլոր երկամյա գիտաժողովներին։ Այս անգամ ի՞նչ զեկուցմամբ եք հանդես եկել։

Զեկուցումս` «Արմին Թ. Վեգներ։ Հայոց ցեղասպանության ականատեսը` պատմվածքի վերածումը հուշակոթողի» („Armin T. Wegner Witness to the Armenian Genocide. From Narrative to Cultural Monument”), նվիրված էր գերմանացի գրող, հրապարակախոս Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) այն չուսումնասիրված վկայություններին և անտիպ փաստաթղթերին, որոնք ուսումնասիրել եմ բազմաթիվ անգամներ այցելելով Գերմանիայի Շիլլերի անվան գրականության արխիվ։ Այս առումով պետք է նշեմ, որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ անգլիախոս երկրներում պատշաճ ուսումնասիրված չէ գրողի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ թողած գրական և պատմական ժառանգությունը։ Ցավոք սրտի, ինչպես հայագիտական գրականության մեջ, այնպես էլ վավերագրական ֆիլմերում Արմին Թ. Վեգները ներկայացվում է` որպես «մարտիրոս», «հերոսական» կերպար։ Մինչդեռ գրական հերոսի կերպարը տրամաբանորեն հակասում է պատմական այն կերպարի գործունեությանը, որի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գործունեությունը, ցավոք սրտի, ուղղակի հակահայկական է եղել։ Վեգների արխիվի ուսումնասիրությունը թույլ է տալիս համարձակորեն պնդելու, որ այն լուսանկարները, որոնք ներկայացվում են` որպես վեգներյան, իրականում պատկանելիս են եղել այլ անձանց։ Չնայած պետք է ընդունել, որ միայն Վեգների շնորհիվ է (որը բծախնդիր կերպով հավաքել է լուսանկարների այդ հավաքածուն), որ Հայոց ցեղասպանության լուսանկար-աղբյուրների թիվը հարստացել է մի քանի տասնյակով։ Գիտական անաչառությունը, սակայն, պահանջում է, որպեսզի տարբեր թանգարաններ և վավերագրական ֆիլմերի հեղինակներ չսրբացնեն գրողի կերպարը միայն այն բանի համար, որ նա զբաղվել է լուսանկարների հավաքչությամբ և նշեն այն իրական անունները, որոնք լուսանկարել են Հայոց մեծ եղեռնի արհավիրքները` վերապատմելու ու ներկայացնելու այդ պատմությունը պատկերների և լուսանկարների միջոցով։

Ես գիտական հանրությանը ներկայացրի մինչ օրս անհայտ այն հրապարակումները, որոնք պատկանում են թուրքական բանակի ենթասպա Արմին Թ. Վեգներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, թղթակցելով «Նոր Արևելք» պարբերականին, ցավոք, Օսմանյան Թուրքիայից Գերմանիա վերադարձած Վեգները հիացմունքի տողեր է ձոնել Հայոց ցեղասպանության մեծագույն ոճրագործ Թալեաթ փաշայի հասցեին` կոչելով նրան «Արևելքի Բիսմարկ», «մեծ կամքի տեր անձնավորություն», չթաքցնելով իր հիացմունքը երիտթուրք այլ պարագլուխների և թուրքական ոճրագործ քաղաքական ռեժիմի նկատմամբ։ Այս ամենով հանդերձ, ես իմ պարտքը համարեցի անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Վեգների հայամետ գործունեությանը, գրական այն ստեղծագործություններին, որտեղ հեղինակը գրական մեծ հույզով ու զգայականությամբ, գերմանական էքսպրեսիոնիստներին հատուկ անմոռանալի արտահայտչականությամբ է ներկայացրել Հայոց ցեղասպանության իր պատումը։ Բնավ չցանկանալով թաքցնել բոլոր այն փաստերը, որոնք ստվերում են Վեգներ-մարդու կերպարը, ես իմ առջև խնդիր էի դրել փաստել, որ վեգներյան գրական ստեղծագործությունը, ցեղասպանության նրա պատումը իսկապես վերածվել է գրական և մշակութային այն հուշակոթողին, որին մենք վկայակոչում ենք տարբեր առիթներվ` ներկայացնելու մեր ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությունը։ Այս առումով, Վեգների պատումն անուրանալի, անմոռաց և հիասքանչ կոթող է, որի արձակած գրական ելևէջները հասնում են յուրաքանչյուրին` անմոռաց հետք թողնելով` թուրքական վայրագությունների և հայ ժողովրդին վրա հասած սարսափների գրական նկարագրություններով։

Ինչպիսի՞ անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանությանը։

Հայոց ցեղասպանությանն անդրադարձան ինչպես հայազգի, այնպես էլ օտար զեկուցողներ։ Շուրջ երկու տասնյակ զեկուցումներ ամբողջովին նվիրված էին Հայոց ցեղասպանության պատմության տարաբնույթ հարցերի, իրավական խմդիրներին նաև գրական անդրադարձին։

Ինչպե՞ս էր Հայաստանի ցեղասպանագիտական հանրությունը ներկայացված գիտաժողովում։

Այս հարցին ցանկանում եմ անդրադառնալ մասնակի կերպով։ Նախ` Հայաստանից ժամանած գիտնականների մեծ մասը իմ պատկերացմամբ առաջին անգամ էր մասնակցում ընկերակցության գիտաժողովին։ Երկրորդ` ինձ համար շատ տարօրինակ է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» կայքում կարդալ այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են Սիեննայում տեղի ունեցած գիտաժողովին։ Այնտեղ նշված չեն սփյուռքահայ մասնակիցների անունները, նաև` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Խոսրոևայի անունը, ով նույնպես մասնակցել է գիտաժողովին։ Սա մտորման առիթ է տալիս այն առումով, որ ստացվում է, որ ՀՀ ԳԱԱ կազմում գործող Հայոց ցեղասպանագիտության թանգարանը լուսաբանում է միայն այն իրադարձությունները, որոնց կենտրոնում կարծեք թե միևնույն, թանգարան-ինստիտուտում աշխատող անձինք են։ Դա ես համարում եմ ոչ պարկեշտ։ Իսկ եթե դա միտումնավոր չէ արված, ուրեմն` ճիշտ կլիներ զեկուցումների և մասնակիցների անունների հղումները տալ ամբողջությամբ։

Ապա, գալով գիտաժողովներում հայաստանյան մասնակցությանը, ես այն համարում եմ արդյունավետությամբ անբավարար։ Հիմնավորեմ` ինչու։ Զավեշտալի է, բայց` փաստ, որ Հայոց ցեղասպանության թեմայով մինչ օրս հայ գիտկաններից որևէ մեկը հանդես չի եկել հրապարակմամբ` ազդեցության գործակից ունեցող միջազգային որևէ պարբերականում։ Սա խոսում է այն մասին, որ գիտաժողովներում այս կամ այն անձի մասնակցությունը մեծ առումով ոչինչ չի տալիս։ Չի տալիս այն իմաստով, որ գիտնականները կա՛մ պետք է մասնակցեն գիտաժողովներին` ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները, որոնք եթե համապատասխանում են գիտական չափորոշիչներին, ապա հրատարակվեն միջազգային պարբերականներում, կամ էլ մասնացկեն` ներկայացնելու արդեն հրատարակված աշխատանքի արդյունքները։ Ուստի, այն փաստը, որ մինչ օրս մենք որևէ նշված կարգի հրատարակման չենք հանդիպել, փաստում է այն մասին, որ հայաստանյան ներկայացուցչությունը նման գիտաժողովներում արդյունավետ չէ։

Ինչո՞վ էր առանձնահատուկ այս գիտաժողովը։

Գիտաժողովի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ ներկա դրությամբ ցեղասպանագիտական հանրությունում տեղի է ունեցել լուրջ սերնդափոխություն։ Ներկա չէին, ինչպես նախկինում, ցեղասպանագիտության հիմնադիրներից շատերը։ Նրանց միջին տարիքը անցնում է իննսունը։ Փոխարենը, տեղի ունեցած սերնդափոխության արդյունքում, կազմակերպությունը բավականին երիտասարդացել է, նրանում ընդգրկվել են զգալի թվով երիտասարդ կադրեր։ Պարզ է, որ լեգենդար գիտնականներից շատերը, այդ թվում մեր նախկին ուսուցիչներից շատերը, այլևս գիտաժողովներին չեն մասնակցելու։ Պատճառն, իհարկե, պատկառելի տարիքն է և այդ տարիքի թելադրած խոչընդոտները։

Գիտաժողովում նաև որոշում կայացվեց, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցիը` 2015թ. «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» գիտաժողովն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter