HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ են լրագրողներին մերժում այցելել բանտեր

Շաբաթ և կիրակի օրերին (սեպտեմբերի 28-29) Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քրեակատարողական համակարգի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինար էր կազմակերպել, որին մասնակցում էր նաև արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Մասնակից լրագրողների մեծամասնությունը քննարկման ընթացքում դժգոհեց, որ լրագրողների մուտքը ՔԿՀ-ներ բավական բարդացել է, եթե ոչ՝ դարձել անհնար:

«Կոնկրետ անցյալ տարի լրագրողներից քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու խնդրանքով ստացվել է 53 գրություն, որից միայն 14-ն է մերժվել: Մերժելու չափորոշիչները շատ տարբեր են՝ ծառայողական ծանրաբեռնված վիճակից, մինչև դատապարտյալի ցանկություն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գոռ Ղլեչյանը: Ըստ նրա՝ մերժումը կարող է կախված լինել նաև կոնկրետ դատապարտյալի կատարած հանցանքից և դրա հետևանքներից:

«Անդրադառնալով այդ դատապարտյալի քրեական գործի որոշ մանրամասների՝ հնարավոր է, որ դրանք լուսաբանելուց հետո անցանկալի հետևանքներ լինեն թե՛ իր հարազատների շրջանում, թե՛ գործով տուժողների,- հավելում է Ղլեչյանը,- լինում են դեպքեր, երբ դատապարտյալն ինքը չի պատկերացնում հնարավոր հետևանքները: Բացատրելուց հետո ինքը որոշում է կայացնում, ըստ որի՝ մենք մերժում ենք»:

«Հետքը» նկատեց, որ վերջին տարիներին այս կամ այն դատապարտյալին այցելելու խմբագրության բոլոր դիմումները մերժվել են՝ «քրեակատարողական ծառայությունում աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառաբանությամբ: Սա այն դեպքում, երբ ՔԿՀ ղեկավարությունը նույն այդ շրջանում այլ լրատվամիջոցների թույլատրել է մուտք գործել տարբեր ՔԿՀ-ներ:

«Երբ դիմել եք, այդ պահին հնարավոր չի եղել,- ասում է Ղլեչյանը և շեշտում,- մենք ոչ մի լրատվամիջոցի միջև տարբերություն չենք դնում: Պատկերացրեք, թե մեկ լրագրողի մուտքը ՔԿՀ ապահովելով՝ քանի ՔԿՀ ծառայող է իր շատ ծանր աշխատանքից կտրվում»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ իրականում շատ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, թե որ լրատվամիջոցին է պետք թույլատրել այցելել ՔԿՀ. «Այսինքն՝ այն լրատվամիջոցներին են հատկապես թույլ տալիս, որոնցից, իրենց կարծիքով, վտանգ չկա ՔԿՀ-ների իրական կյանքը բացահայտելու առումով: Որովհետև ես բազմաթիվ փաստեր ունեմ անկախ և ազատ լրագրողների դիմումների, այդ թվում նաև մեր միջնորդությամբ, որոնք համատարած մերժվել են»:

Ինչ վերաբերում է ներկայացվող թվերին, որ այսքան լրագրող այցելել է ՔԿՀ, Իշխանյանի խոսքերով՝ դրանք մեծամասամբ այն թույլտվություններն են, երբ լրագրողների խումբն այցելում է ՔԿՀ՝ զանգվածային ինչ-որ միջոցառում լուսաբանելու:

«Եթե նկարահանվեն գարշահոտություն ունեցող ՔԿՀ-ի խցերը, միջանցքները, կարանտինային խցերը...Մի բան է, երբ լսում ես, որ 8 հոգու համար նախատեսված խցում 20 և ավելի մարդ է պահվում, մեկ այլ բան է, երբ տեսնում ես խունացած, քայքայված պատերով խուցը, որտեղ օդափոխություն չկա, և այդքան մարդ հրթափոխով է քնում, որովհետև քնելու տեղ չկա: Երբ հրապարակվի այդ տեսարանը, լրիվ այլ ազդեցություն կլինի»,- հավելում է Ավետիք Իշխանյանը:

Նա նշում է, որ համակարգը փակվեց հատկապես 2008-2009 թթ. հետո, ինչը պայմանավորված է տարբեր հանգամանքներով. «Երբ լրագրողներից մեկը այցելություն կատարեց ցմահ դատապարտյալների խուց, և լուսանկարները հրապարակվեցին ընդդիմադիր մամուլում, եղան տարբեր քաղաքական շահարկումներ: Դա, կարծում եմ, բավականին լուրջ ահազանգ էր իշխանություններին՝ ներքին կարգով ինչ-որ իմաստով սահմանափակել լրագրողների մուտքը ՔԿՀ-ներ: Երկրորդ՝ ես դա պայմանավորում եմ Հայկ Հարությունյանի՝ ՔԿՀ վարչության պետ դառնալով: Որպես նախկին ոստիկանապետ՝ նա բավականին փակ, պատժիչ հոգեբանություն ունեցող մարդ է: Ես նույնիսկ պատահական չեմ համարում հատկապես այդ դեպքերից հետո նրա նշանակումը, երբ ընդհանրապես համակարգի ներսում սկսվեց ավելի կոշտ քաղաքականություն տարվել, այդ թվում նաև լրագրողների՝ այցելության դիմումները մերժելով»:

«Ես խնդրում եմ չանձնավորեք. միշտ էլ լրագրողների թույլտվությունները եղել են այն սահմաններում, որոնք կան: Ես կարող եմ նախորդ տարիների թվերն էլ համամատել: Լրատվամիջոցները մեկ-մեկ խառնում էլ են ՀԿ-ների և ԶԼՄ-ների մուտքը, որոնք տարբեր բաներ են, տարբեր նպատակներ են հետապնդում»,- հակադարձում է Գոռ Ղլեչյանը և հավելում, որ կարող է ներկայացնել նաև թվերի համեմատությունը, թե Հայկ Հարությունյանի և նրան նախորդած ՔԿՀ վարչության պետերի օրոք ԶԼՄ-ների համապատասխան դիմումներից քանիսն են բավարարվել. «Ուղղակի, քանի որ ՔԿՀ վարչությունում նախկինում հանրային կապերի բաժին որպես այդպիսին չի եղել, ես չգիտեմ՝ զուտ թղթաբանական առումով պահպանվե՞լ են արդյոք մուտքերի և ելքերի այդ թույլտվության փաստաթղթերը»:

«Ես չեմ ուզում անձնավորել, բայց չնայած դե յուրե համարվում է, որ ՔԿՀ-ները գտնվում են արդարադատության նախարարության ենթակայության տակ, իրականում դա անկախ կառույց է, որը ենթարկվում է միայն հանրապետության նախագահին, որովհետև ՔԿՀ պետին նշանակում է երկրի ղեկավարը,- շարունակում է Ավետիք Իշխանյանը,- ՔԿՀ պետն ավելի հզոր դեմք է, քան արդարադատության նախարարը, որը եթե ուզենա էլ ինչ-որ բարեփոխումներ անել ոլորտում, պետք է հանդիպի, կախված անձից, ՔԿՀ կոշտ դիմադրությանը: Այսինքն՝ իմ համոզմամբ, արդարադատության նախարարը ոչ միայն չի տիրապետում քրեակատարողական համակարգին, այլև իսկապես լուրջ թերությունների դեպքում էլ չի կարող ինչ-որ նկատողություն տալ, կամ ինչ-որ փորձեր անել իրավիճակը փոխել: Նա այդ ուժը չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter