HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Աղաբաբյան. «Մեզ պետք չի «Ռոլս ռոյսերով» ման գալ»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ

-Պարոն Աղաբաբյան, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունն ի՞նչ առավելություններ կտա մեր երկրին:

-Դեռ վերջնական չի կանոնակարգվել, դա ուղղակի ցանկություն է, չգիտենք՝ այդ միությունն ի՞նչ օրենքների հիման վրա կգործի, բայց շատ մեծ բեռ կթափվի, այսինքն՝ ավելացված արժեքի հարկը կվերանա, և մեր արտադրանքը ավելի մրցունակ կլինի տվյալ շուկաներում մյուս երկրների համամետ:

-Այսինքն՝ ավելի մրցունակ կլինի ղազախական և բելառուսակա՞ն շուկաներում:

-Այո՛, և՛ ռուսական, և՛ ղազախական և՛ բելառուսական: Զարգացումները տանում են նրան, որ այդ մեծ տերությունները փորձում են հեշտացնել Հայաստանի նման պետություններին... Սա խրախուսման ձև է, որովհետև շուկա չունենալ, նշանակում է չես կարող արտադրություն ունենալ: Իսկ շուկայի հարցը լուծելով՝ կզարգանա արտադրությունը: Ե՛վ ծանր արդյունաբերության, և՛ թեթև արդյունաբերության ոլորտներ, և՛ մեր քիմիական գործարանները կարող են արդեն շուկա ունենալ՝ արտահանելով  կոշիկ, տրիկոտաժ, առավել ևս սնունդ, որովհետև Հայաստանում սնունդը ես համարում եմ ամենաէկոլոգիականը: Քանի որ մեր քիմիական գործարանները չեն աշխատում, մեր  սնունդը մրցունակ է:

-Իսկ եթե Հայաստանը չնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ կկորցնի:

-Իմ կարծիքով՝ շատ բան կկորցնի, եթե չմտնի այդ համագործակցության մեջ, որովհետև մեր ապրանքատեսակները, մեր արտադրական պոտենցիալը գնալով կբարձրանա: Պատկերացրեք՝ մի երկիր, որը շրջափակման մեջ է, տարել ենք երկրաշարժ, պատերազմ, հիմա եթե չկարողանանք արտադրել, մեր բյուջեն մեզ չի թողնի, որ մենք նորմալ ապրենք:

-Հիմա ո՞ր դեպքում տանուլ կտանք՝ Եվրամիությա՞նը, թե՞ Եվրասիական միությանը անդամակցությամբ:

-Չեմ կարծում, թե Եվրոպական միություն մտնելով շատ տանուլ կտայինք, բայց բոլոր դեպքերում ճիշտ կլինի կապերը չխզել Եվրոպայի հետ, մտնել Եվրասիական միություն, բայց Եվրոպայի հետ կապերը չխզել: Մենք դրա իրավունքն էլ չունենք, որովհետև մենք աշխարհում այնպիսի պետություն չունենք, որ այնտեղ սփյուռք չունենանք:

-Եվ Հայաստանը կլինի՞ կանխատեսելի կամ վստահելի գործընկեր Եվրոպայի համար:

-Դա իրենց ցանկությունը պետք է լինի, որովհետև իրենք այսօր մի քիչ խանդ են ապրում, որ այնտեղ չենք, այլ այստեղ ենք: Բայց ես համարում եմ, որ ունենալով մեծ սփյուռք, մենք պետք է լինենք բոլոր տեղերում, նաև Ամերիկայում, Կանադայում: Այսօր ամեն մի պետություն չէ, որ մեծ սփյուռք ունի, և մենք պետք է համագործակցենք մեր սփյուռքի հետ, իսկ դա նշանակում է՝ ամբողջ աշխարհի հետ:

-Իսկ օրինակ, ինչո՞ւ 3,5 տարի  Հայաստանի իշխանությունները բանակցություններ էին  վարում Եվրոպական միության հետ:

-Դա ես համարում եմ մի քիչ ավելի դիվանագիտական խնդիր, որովհետև  ճշմարտության չափանիշը պրակտիկան է, և հարկավոր է փորձել, համագործակցության եզրեր գտնել բոլորի հետ:

-Բացառո՞ւմ եք, որ ճնշումներ են եղել՝ Հայաստանի իշխանության վրա Մաքսային միություն մտնելու որոշումը կայացնելու համար:

-Գիտեք ինչ, երբ մարդը քաղաքականությունից և դիվանագիտությունից հեռու է, բնականաբար, այդպես կմտածի: Չեմ կարծում, որ դա ճնշման արդյունք է: Այդպես թվացել է  բոլորին: Ամբողջ Եվրոպան չի կարող համարվել այն շուկան, ինչ այսօր ներկայացնում է ռուսական և բելառուսական շուկան: Մեզ շուկա է պետք: Դա մեր ժողովրդի կենսական ճանապարհներից է: Տնտեսությունն ինքը բնորոշում է  տվյալ պետության հզորությունը:

-Օրինակ, ի՞նչ կարտահանենք կամ կներկրենք:

-Ինչ որ ուզենանք: Մեզ պետք չի «Ռոլս ռոյսերով» ման գալ, պետք է մատչելի գնողունակություն ունեցող, մեր գրպանին համապատասխան ապրանքատեսակներով ման գալ: Շուկան, գնային քաղաքականությունը պետք է մրցունակ լինի:

-Ի վերջո, Մաքսային միության անդամակցությամբ Հայաստանը ի՞նչ կկորցնի:

-Ոչ մի բան: Եթե ոչ մի բան չունես, նոր առավելություններ ես ձեռքբերում, ի՞նչը պիտի կորցնես: Ինչ կորցրել, կորցրել ենք:

-Ի՞նչ ենք կորցրել:

-Կորցրել ենք մեր ճանապարհները: Մենք այսօր կոմունիկացիոն ճանապարհներ չունենք: Կորցրել ենք մի մեծ ժողովուրդ երկրաշարժի, պատերազմի ժամանակ: Մենք բարոյահոգեբանական կորուստ ենք ունեցել: Սրա մասին է խոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter