HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու աղբահանությունն «անլուծելի» խնդիր է դարձել

Ամեն տարի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի կողմից Ալավերդի քաղաքի աղբահանության համար համայնքի բյուջեի եկամուտներից հատկացվում է շուրջ 33 մլն դրամ:

Բացի այդ՝ աղբահանության գործը արդյունավետ կազմակերպելու համար քաղաքի Մադան թաղամաս գնացող ճանապարհին հարող տարածքում 2012 թ.-ին կառուցվել է 130 մլն դրամ նախահաշվային արժեքով աղբավայր: Վերջինիս կառուցման համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից 65 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարության «Հրատապ-2» ծրագրով: Մյուս 65 մլն դրամը հատկացվել է համայնքի բյուջեի բնապահպանական ծրագրով: Չթերագնահատելով Ալավերդու աղբավայրի կառուցման կարևորությունը՝ ալավերդցիները, սակայն, նկատում են, որ քաղաքի աղբահանության վատ կազմակերպման պատճառով , համայնքի և պետբյուջեի այդ պատկառելի միջոցները դառնում են անարդյունավետ ծախսեր:

Ալավերդին շարունակում է մնալ աղբակույտերի քաղաք: Այստեղ ամենամեծ` Ս/Սարահարթ թաղամասի բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող շատ աղբարկղներ հակասանիտարական միջավայր են ստեղծում բնակչության համար: Աղբահանությունից հետո աղբարկղների լվացման մասին Ալավերդիում խոսք լինել չի կարող: Տարիներ շարունակ քաղաքապետարանի պատասխանատուներին այդպես էլ չի հաջողվում կարգավորել թաղամասի թափառող անասունների խնդիրը: Հին ավանդույթի համաձայն աղբարկղների կենցաղային աղբը շարւնակում են շրջակայքում տարածել Սանահին գյուղի գյուղացիներին պատկանող կովերն ու ձիերը, բնակիչների ընտանի թռչունները, ինչպես նաև կատուներն ու շները: Աղբարկղները իրենց հակասանիտարական վիճակով սպառնալիք են դարձել թաղամասի թիվ 12 դպրոցի և քաղաքապետարանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն գնացող երեխաների համար: Թաղամասի 2/29 շենքի բակում կուտակվող աղբը օրերով չի տեղափոխում աղբարկղներից: Օրվա բոլոր ժամերին աղբարկղների վրա նստած շների և կատուների պատճառով բնակիչները աղբը դեպի աղբարկղներ նետում են մի քանի մետր հեռավորությունից:

Թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը նախօրեին «Հետքին» հայտնեց, որ դպրոցի տարածքում տեղադրված աղբարկղների հակասանիտարական վիճակի մասին մի քանի անգամ ահազանգել է Ալավերդու քաղաքապետարանին. «Եկան, աղբարկղները տեղափոխեցին հարևան շենքի բակ, որտեղ նաև ես եմ ապրում, սակայն բնակիչները շարունակում էին աղբը թափել դպրոցի տարածքում: Աղբարկղները ստիպված կրկին վերդարձրին դպրոցի տարածք»:

Անանցանելի և հակասանիտարական վիճակում է գտնվում Սրահարթի 2Գ և հարակից շենքերին հարող, դեպի Մետալուրգների փողոց իջնող ճանապարհը: Բնակիչները փողոցը անվանակոչել են «Լքված և մոռացված» անունով: Այս  ճանապարհի եզրին գտվող աղբարկղները բնակիչներին անհասանելի են դառնում հատկապես անձրևներից հետո: Այդ ժամանակ նրանք ստպված 10-15 մետր հեռավորությունից են կենցաղային աղբը շպրտում դեպի աղբարկղները:

Քաղաքապետարանը բառացիորեն անուշադրության է մատնել քաղաքի սանիտարական վիճակի բարելավման գործում բնակչությանը ներգրավելու խնդիրը: Քաղաքում բացակայում են Ալավերդին մաքուր և օրինակելի քաղաք դարձնելու մասին ցուցապաստառներն ու ցուցատախտակները: Ս/Սարահարթ թաղամասի ամենափնթի աղբարկղները տեսանելի են դեպի Սանահինի եկեղեցի գնացող ճանապարհից, որտեղով անցնող զբոսաշրջիկների աչքից չեն վրիպում անտանելի բուրմունքով աղբակույտերն ու այնտեղ տիրաբար նստած կենդանիները:

Ալավերդու քաղաքապետարանի պատասխանատուները երազում են Ալավերդին զբոսաշրջության կենտրոն դարձնելու մասին, սակայն անտեսում են, որ զբոսաշրջիկներին քաղաքից կարող են առաջին հերթին վանել հենց աղբակույտերը: Ստեղծված իրավիճակում Ալավերդու ավագանու կողմից համառորեն չեն վերահսկվում համայնքի եկամուտներից աղբահանության համար հատկացված միջոցների ծախսումները: 

Մեկնաբանություններ (1)

Artavazd
hargeliners ays qaxaqi xekavarnery miayn irenc andznakan shahi masin en mtacum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter