Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Բարեգործությունը կեցության ձեւ է եղել մեր ընտանիքի համար»



«Էս կովն ինձ շաբաթական 8-10 հազար դրամ եկամուտ է ապահովում, օրական 6-7 լիտր կաթ է տալիս, որով եւ ընտանիքս է սնվում, եւ վաճառում եմ: Կարեւորը, որ խանութից էլ պարտք չեմ անում, իմ օրվա շաքարը, բրինձն ու մակարոնեղենը կարողանում եմ սրանով ապահովել»,- կովին տեսության եկած բարերարին` Մարալ Անջարղոլյանին, իր երախտագիտությունն է հայտնում Շենիկ գյուղի բնակիչ Էմիլյան:

Բարերարի նվիրաբերած կովը որքան ուրախություն, այնքան էլ մտահոգություն է պատճառել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքին` արոտավայր չունեն եւ ձմռան նախաշեմին կովին կերակրելու խնդիրն է ծագելու: «Էս ձմեռը, որ կարողանամ հանել, գարուն էդ հարցը կլուծեմ»,- ժպտացող աչքերով հայտնում է Էմիլյան:

Ընտանիքի միակ սեփականությունը կովն է, շինությունն անգամ, որտեղ նրանք բնակվում են, ընտանիքի սեփականությունը չէ: Արցախյան ազատամարտի մասնակից Համբարձում Արշակյանին ընդառաջել են եւ 1994 թ.-ից տրամադրել են նրանց բակվելու համար: Շինության մի հատվածն արդեն զբաղեցնում է կովն իր նորածին հորթի հետ:

Արմավիրի մարզի Շենիկ գյուղում բնակվող այս ընտանիքը վեցերորդն է Մարալ Անջարղոլյանի ցուցակում, որին կով է նվիրել: Հետաքրքիր այս մտահղացման մասին լոսանջելեսաբնակ տկն Մարալն ասում է, որ իրեն հուշել է Սեւանի հյուրանոցներից մեկի աշխատակցուհին: Իրեն հանդիպած հերթական աղքատ ընտանիքին աջակցելու ցանկություն ուներ, բայց այնպիսին, որ կայուն եկամուտ ապահովեր ընտանիքի համար: Նրա խորհրդով Սեւան քաղաքում բնակվող մի ընտանիքի համար կով գնեց, իսկ երբ հաջորդ տարին նրանց այցելելիս ընտանքի սոցիալական վիճակն անհամեմատ բարելավված տեսավ, «կովերու ծրագիրը» իր բարեգործության հիմնական ձեւը դարձրեց:

Ընտանիքների ընտրությունը երբեմն շատ պատահական է եղել, ինչպես օրինակ Քոբայրում, երբ նկատել էր պատռված կոշիկներով գեղեցկատես աղջկան: «Վերադարձա Լոս Անջելես եւ որոշեցի նրանց համար կով գնել ու այն իրականացրի Հայստանում գտնվող աղջկաս` Սառա Անջարղոլյանի միջոցով: Այնուհետեւ ամեն տարի Հայաստան այցելելիս կով եմ նվիրում աղքատության մեջ գտնվող ընտանիքներին»,- պատմում է տկն Մարալը: Օգնության հասցեատերերը Հայաստանի տարբեր մարզերի եւ Արցախի բնակիչներ են: «Նրանք արդեն իմ ընտանիքն են, ամեն անգամ Հայաստան գալիս այցելում եմ, մեկ տարի հետո այդ կովը հորթ է ունենում եւ ուրախանում եմ նրանց կեցությունը էականորեն փոխված տեսնելով»,- ասում է տկն Մարալը:

Բարեգործությունը նա ժառանգել է հորից, հայրն էլ իր հորից: «Հայրս Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետն էր Բաղդադում, նրանից առաջ հորս հայրն էր բարեգործությամբ զբաղվում: Իրաքում առաջին գինու արտադրությունը պապս էր հիմնել եւ շատ հաջող բիզնես ուներ: Բարեգործությունը կեցության ձեւ է եղել մեր ընտանիքի համար»,- պատմում է մասնագիտությամբ դեղագործ Մարալ Անջարղոլյանը եւ հիշում մանկության պատմություններից մեկը. Բարեգործականից աջակցություն ակնկալող ընտանիքները երբ մերժվում էին, անմիջականորեն հորն էին դիմում, որը նրանց դրամը հատկացնում էր անձնական քսակից: «Լավ է շապիկս էլ չտվար»,- մի առիթով հորը կշտամբել էր բազմանդամ ընտանիքի մայրը:

«Հաճույքով եմ զբաղվում բարեգործական աշխատանքներով, սիրով եմ անդամակցում այդ նպատակով ստեղծված տարբեր միություններին` «Համահայկական միությանը», «Իրաքահայերի ընտանեկան միությանը» եւ «Հայ դպրոց» կազմակերպությանը»,- նշում է տկն Մարալը: «Հայ դպրոց» կազմակերպության աջակցությամբ Հայաստանի մի շարք դպրոցներում վերանորոգումներ են կատարվել, գույք եւ լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերել: Օրերս նա Մեծամորի ավագ դպրոցին հանձնեց կազմակերպության ձեռք բերած լաբորատոր սարքավորումները: Այս դպրոցի նստարանները նույնպես «Հայ դպրոց»-ի նվիրատվությունն են:

ԱՄՆ տեղափոխված իրաքահայերն այնտեղ ստեղծել են «Իրաքահայերի ընտանեկան միությունը», որը վերջին տարիներին, Իրաքի պատերազմական շրջանում, մեծապես աջակցեց տեղի հայերին: Նրանց աջակցությամբ 103 իրաքահայ ընտանիքներ տեղափոխվեցին Հայաստան եւ մեկ տարի միությունը նրանց ամսական գումար հատկացրեց:

Ներկայումս ԱՄՆ-ում գործող գրեթե բոլոր հայկական միություններն զբաղված են 2015 թ.-ին տեղի ունենալիք ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով: Տկն Մարալը նույնպես իր մտահղացումներն ունի հիշատակի միջոցառումներն առավել նշանակալից դարձնելու վերաբերյալ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ