HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ հիմնականում մտահոգում է ծրագրի կառավարումը»

«Հետքի» հետ զրույցում ասում է«Գլոբալ ֆոնդ»-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն

«Գլոբալ ֆոնդ»-ը հայաստանյան տարբեր գերատեսչությունների նամակներ է ուղարկել` կապված Ֆոնդի կողմից Հայաստանում ֆինանսավորվող տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի հետ եւ դժգոհություն հայտնել: Անձամբ այցելել եք Հայաստան, հանդիպել նաեւ վարչապետի հետ: Ի՞նչ խնդիրներ են առաջացել եւ ինչի՞ց եք դժգոհ:

Այստեղ տարբեր գործոններ կան: Պետք է սկսել նրանից, թե ինչու ենք մենք այցելել վարչապետին մեր ղեկավարի հետ: Կան բազմաթիվ ադմինիստրատիվ արգելքներ` կապված հումանիտար հանձնաժողովի կամ ֆինանսների նախարարության, առողջապահության նախարարության ընթացակարգերի հետ: Այս ամենը ընդհանուր առմամբ դժվարացնում է «Գլոբալ ֆոնդ»-ի աշխատանքը` դրամաշնորհներ ներդնելու իմաստով: Մենք ակնկալում ենք, որ ծրագրերն արագ կմեկնարկեն, որպեսզի յուրաքանչյուր եռամսյակում արդյունքներ լինեն: Բայց եթե ֆինանսների նախարարության կողմից տարեկան բյուջեի հաստատման համար պահանջվում է երեք ամիս, պատկերացնում եք, թե ինչ արդյունքներ կլինեն այդ եռամսյակի ավարտին: Օրինակ` գնումները նույնպես անցնում են Գնումների պետական գործակալության միջոցով: Նրանց մեթոդներն այնքան էլ չեն համապատասխանում այն մեթոդներին, որով աշխատում է «Գլոբալ ֆոնդ»-ը` կապված թափանցիկության, մրցակցության եւ այլնի հետ: Դրանից բացի` կա նաեւ ծրագրերը կառավարող անձի գործոնը, որն արտահայտվում է ծրագրի ղեկավարման վրա: Կան այս կամ այն չափով հաջողված մենեջերներ ՀՀ առողջապահության նախարարությունում: Ես կարող եմ միայն լավն ասել պրն Քուշկյանի մասին, ով անձամբ էր ղեկավարում մեր ծրագրերը: Դա ընդհանրապես հազվադեպ երեւույթ է, երբ որեւէ երկրում նախարարն անձամբ է ողջ տարվա ընթացքում ղեկավարում եւ ռազմավարական հենարան էր մեր ծրագրերի իրականացման համար, ինչպես տուբերկուլյոզի ծրագրի դեպքում էր: Նրան հաջողվեց ապացուցել, որ նախարարությունն իսկապես կարող է աշխատել միջազգային չափանիշներով: Եվ դա հրաշալի համագործակցություն էր: Նշանակվեց նոր փոխնախարար` Սերգեյ Խաչատրյանը, եւ նոր աշխատակազմի ղեկավար` Վահան Պողոսյանը (վերջինս անցյալ տարվա նոյեմբերին նշանակվեց ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար-հեղ.): Բնական է, որ նախարարը երկար ժամանակ չի կարող անձամբ ղեկավարել ծրագրերը: Նա այդ գործառույթները հանձնեց իր տեղակալին` Ս. Խաչատրյանին: Բնական է, որ երբ մարդը նոր է մտնում ինչ-որ տեղ, նոր բովանդակության է հանդիպում, ծագում են հարցեր, առաջանում են ձգձգումներ, բացի այդ՝ ծրագրերի եւ պայմանագրերի ստորագրման փուլն էր, եւ հանկարծ գալիս է մեկը, ով չի ստորագրում պայմանագիրը շուրջ 10 ամիս, քանի որ ինքը հարց ունի, բայց բոլոր հարցերն արդեն վաղուց պարզաբանվել էին: Այդ պատճառով էլ մենք նամակ էինք գրել: Մենք հասկացանք, որ այդ կերպ շարունակել չի լինում: Դա անդրադառնում է ծրագրի արդյունքների վրա:

Ձեր կայքում տեղադրված վարկանիշային արդյունքների համաձայն, բացի առաջին ծրագրից, բոլոր 5 ծրագրերը վատ վարկանիշ են ապահովել՝ արժանացել են B1 կամ B2 գնահատականների: Եթե լավ են աշխատել, ինչո՞ւ են այդքան ցածր գնահատականի արժանացել:

Այստեղ եւս տարբեր պատճառներ կան: Մի պատճառն այն է, թե ինչու էր առողջապահության նախարարությունը երկար ժամանակ B2 ստանում. իրենց ոչ օպտիմալ կառավարման արդյունքն էր դա: Պրն Պողոսյանը նախկինում նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետն էր, նա նաեւ տուբերկուլյոզի ազգային ծրագրի ղեկավարն էր, դրանից բացի՝ ղեկավարում էր այլ ծրագրեր, որոնք իրականացվում էին շատ քիչ թվով մարդկանց հետ, ովքեր չէին համապատասխանում այն ծավալի աշխատանքին, որն ակնկալվում էր: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ նույն մարդը կարո՞ղ է այդ ծավալի աշխատանք կատարել, եւ բոլորն էլ՝ հաջողությամբ: Մենք բազմիցս ասում էինք` շատ մարդիկ ներգրավեք, ասում էին` 2-3-ը բավականացնում է: Ոչ, չի բավականացնում: Օրինակ` կարեւոր հարց է, որ ամեն ինչ ժամանակին գնվի, որ ծառայությունները մատուցվեն, փողը ծախսեն, ծրագիրն ընթանա, պետք է ժամանակին գնումներ անել: Եթե, օրինակ, Վրաստանում գնումների վրա աշխատում է 5 անձ, Հայաստանում` 1-ը, ընդ որում` շատ երիտասարդ ու անփորձ: Կամ` ոչ փորձառու ֆինանսիստը չի կարող հաշվարկել 3-4 մեծ դրամաշնորհների գումարները, նա պարզապես չի հասցնի: Այդ պատճառով այս տարվա սկզբին, իսկապես դժվար բանակցություններից հետո, Վ. Պողոսյանին հեռացրին թե տուբերկուլյոզի ազգային ծրագրից, թե «Գլոբալ ֆոնդ»-ի դրամաշնորհային ծրագրերից: Բայց մեկ անձի հեռացումն անմիջապես չի բարելավի արդեն կուտակված գործերի ընթացքը, որոնք պետք էր իրականացնել: Նոր-նոր բարելավումներ են լինում:

«Գլոբալ ֆոնդ»-ը գո՞հ է Հայաստանին հատկացված դրամաշնորհների իրականացումից, գումարների վերաբաշխումից:

Այո, որովհետեւ մենք ունենք հստակ վերահսկողական մեխանիզմներ: Մենք ունենք տեղական գործակալներ, որոնք ստուգում են ծախսերը, ունենք հաշվետվություններ, աուդիտ, տարբեր տիպի ստուգումներ: Սկզբունքորեն, այդ առումով ես մտահոգություններ չունեմ: Մեզ հիմնականում մտահոգում է ծրագրի կառավարումը:

Հիմա արդեն ամեն ինչ կարգավորվե՞լ է, թե՞ դեռ դժգոհություններ ունեք:

Մեր բանակցությունների հաջողությունը նաեւ այն էր, որ փորձառու անձ գտնեին, որը տիրապետեր եւ աշխատեր միջազգային չափանիշներով: B2 գնահատականը հիմնականում տուբերկուլյոզի ծրագրին էր տրված, որը նույնպես ընդհանուր թույլ կողմեր ուներ: Մայիսից նոր մենեջեր նշանակվեց այդ ծրագրի համար` Մարգարիտա Բալասանյանը, ով լավ բնութագիր ունի, նրանից առաջ Վ. Պողոսյանն էր, որը հաջող կամ անհաջող, ավելի շուտ` անհաջող, իրականացնում էր ծրագիրը:

Ինչպե՞ս եք գնահատում տուբերկուլյոզի վիճակը Հայաստանում:

Տուբերկուլյոզը Հայաստանում շատ մեծ խնդիր է: Հատկապես կայուն տուբերկուլյոզը: Կրկին ծրագրի եւ հատկապես հաստատության վատ կառավարումն է առկա: Իհարկե, հասկանալի է, որ քիչ աշխատավարձ են ստանում, բժիշկները հեռանում են Հայաստանից, չկան ենթակառուցվածքներ եւ այլն: Բայց այն, ինչ հանրապետական դիսպանսերում է կատարվում, անընդունելի է: Այն փաստը, որ տուբերկուլյոզը ֆինանսավորվում է այն սկզբունքով, թե մահճակալը քանի օրով է զբաղեցրած, այսինքն` ինչքան երկար հիվանդը մնա հիվանդանոցում, այնքան շատ հիվանդանոցը գումար կստանա, արդեն ընդունելի չէ: Այն անձը, ում մոտ վարակը հաստատված է, եւ անձը, ում մոտ վարակի հաստատման փուլն է դեռ, եթե միասին են նույն պալատում, մեկը մյուսից կարող են վարակվել, նույնիսկ եթե կայուն տուբերկուլյոզի վերապատրաստում են անցել: Աբովյանի դիսպանսերի ղեկավարությունն այնքան էլ չի արձագանքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին: Նրանք հետաքրքրված են իրենց հաստատության համար ավելի շատ գումար ստանալով: Բայց հիվանդության տարածման եւ վարակից խուսափելու տեսանկյունից դա անընդունելի մոտեցում է: Պետք է փոխել ֆինանսավորման համակարգը հատկապես տուբերկուլյոզի հետ առնչվող հաստատություններում, առավել եւս, երբ միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդը շատ հանգիստ կարող է բուժվել տնային պայմաններում:

«Գլոբալ ֆոնդ»-ի ծրագրերը որքանո՞վ են նպաստում կամ նպաստել ոլորտի բարելավմանը:

Մենք տարբեր միջոցառումներ ունենք` թե բուժանձնակազմի վերապատրաստում, թե դեղերի տրամադրում, թե թեստային համակարգերի ներդնում: Աշխատում ենք նաեւ ամրապնդել առողջապահության համակարգը, բայց մեր դրամաշնորհները նույնպես չեն կարող ընդգրկել ամեն ինչ: Երկիրն ինքն է ընտրում, թե ինչ է իրեն անհրաժեշտ եւ մեզ դիմում ինչ-որ կոնկրետ ծրագրի ֆինանսավորման համար:

Հարեւան երկրների համեմատությամբ Հայաստանը շատ ավելի քիչ դրամաշնորհներ է` ստացել: Արդյո՞ք սա պայմանավորված է կատարման արդյունքներով, թե՞ այլ հանգամանքներ կան:

Չէի ասի, որ Ադրբեջանում դրամաշնորհների ծավալն ավելի մեծ է, նրանց երկիրն էլ մի քիչ ավելի մեծ է, եւ տուբերկուլյոզի դեպքերն են ավելի շատ, այդ ամենը կախված է երկրից: Օրինակ` Վրաստանն ամեն տարի դրամաշնորհի հայտ է ներկայացնում: Նրանք շատ ակտիվ են աշխատում: Հայաստանի վերջին հայտը հաջող ստացվեց, դա մեծ ձեռքբերում է: Բայց նորից կրկնեմ, եթե բոլոր գործերով մեկ մարդ է զբաղվում, նա ամեն ինչ չի հասցնի: Ես կարծում եմ, որ նրանք կամ չէին հասցնում հստակ վերլուծել իրավիճակը եւ հայտ ներկայացնել, կամ չէին կարող համախմբվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter