HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Էրդողանը վախենում է արժանանալ արաբական առաջնորդների բախտին». թուրք ակտիվիստ

27-ամյա Սամեթ Ֆրատ Սոյդեմիրը դժվարությամբ է կարողանում պատմել իր 19-ամյա ընկերոջ մասին, ով զոհվել է Թուրքիայի վերջին ցույցերի ընթացքում` Հաթայում: Ըստ սպանությունը նկարագրող տեսանյութի` տղան ծեծի է ենթարկվել մի քանի ոստիկանների եւ իշխանական ուժերի կողմից, ինչի հետևանքով ուղեղի ցնցումից մահացել է:  

Ֆրատ Սոյդեմիրը Հաթայի երիտասարդական շարժման հիմնադիրներից է, որը զբաղվում է քաղաքացիական հասարակության ձեւավորմամբ եւ երիտասարդական խնդիրների բարձրացմամբ ոչ միայն Հաթայում, այլ ողջ Թուրքիայում: Լինելով  «Մուստաֆա Քեմալ» համալսարանի ծրագրերի փորձագետ եւ կարիերայի կենտրոնի պատասխանատու` Ֆրատը հաճախ է համախմբում թուրք ուսանողներին` քաղաքացիական հասարակության կերտման գործում:

-         Թուրքիան մեծ փոփոխությունների կարիք ունի, որը պետք է իրականացնեն երիտասարդներն ու ուսանողները, բայց երբ իմ իսկ ոգեշնչմամբ բողոքի ակցիաներին մասնակցած 19-ամյա տղան մահանում է, ինձ մեղավոր եմ զգում, չեմ կարողանում նրա ծնողների աչքերին նայել, քանի որ ազատական գաղափարներ ես եմ սերմանել այդ տղայի մեջ, ով իր կյանքը կործանեց հանուն գաղափարների, որոնք միգուցե իր կյանքը չարժեին: Գեզիի ցույցերի 6 զոհերից 3-ը Հաթայում են եղել, ինչը խոսում է այն մասին, որ բողոքի ալիքը մեծ կենտրոնացում է գտել մեզ մոտ: Եւ այդ զոհերից մեկին` մեր կազմակերպության ամենաակտիվ անդամին, լրատվամիջոցները փորձեցին ներկայացնել որպես հասարակ քաղաքացու, բայց նա գիտակից քաղաքացի էր` միջազգային փորձով եւ իր երկրի նվիրյալը: Նա բռնարարքների ի վիճակի չէր, սովորում էր համալսարանում եւ ուզում էր ուսուցիչ դառնալ: 9 ոստիկան նրան դաժան ծեծի են ենթարկել, բայց մինչ այժմ որեւէ մեկը չի ձերբակալվել եւ գործ չի հարուցվել:  

Ի՞նչն ես համարում առաջնային, որ պիտի փոխվի Թուրքիայում եւ ո՞րտեղից պետք է սկսվի այդ փոփոխությունը:

Թուրքիան տիպիկ եվրասիական եւ բարդ երկիր է` ամենատարբեր մշակույթների ու ավանդույթների խառնուրդ: Պատմությունից գիտենք, որ այստեղ հատվել են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ: Ես չեմ համարում, որ այն, ինչ կա Թուրքիայում, պատկանում է միայն թուրք ժողովրդին: Սա տարածք է, որը կրում է մարդկության մեծ մասի ժառանգությունը եւ ոչ ոք չի կարող հերքել դա: Մենք նահապետական հասարակություն ունենք եւ շատ դժվար է այստեղ պատեր ու կարծրատիպեր ջարդել: Կարծում եմ` թուրք երիտասարդները պետք է առավել պատասխանատու եւ նախաձեռնող լինեն, քան հիմա կան:  Սակայն չպետք է նրանց քաղաքականացնել, քանի որ դրանով շահերի բախում ես առաջացնում, նաեւ կարող ես խնդիրներ ունենալ նրանց ընտանիքների հետ: Մեր նպատակն է հավաքել տարբեր ծագմամբ եւ  հետաքրքրություններ ունեցող երիտասարդների եւ միավորել նրանց՝ հանուն մեկ գաղափարի: Այս ճանապարհով փորձում ենք կառուցել գիտակից հասարակություն, որի ամեն անդամը մյուսի մասը կարող է կազմել: Մենք հավատում ենք, որ մի օր երիտասարդությունը կհասկանա, որ շատ որոշումներում հենց ինքն է պատասխանատուն եւ կարող է փոփոխություններ մտցնել երկրում:

Գեզիի պուրակին առնչվող վերջին իրադարձություններում տեսանք, որ հազարավոր երիտասարդներ պատրաստ են ոտքի կանգնել մեկ օրում. ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր նրանց բողոքի հիմնական խթանը:

Ես բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից եմ եղել առաջին 3 օրերին, եւ Հաթայն այս շարժման ամենակիզիչ կետերից էր ամբողջ Թուրքիայում: Զարմանալի չէ, որ Հաթայում բողոքի ալիքն այդքան արագ է բռնկվում, քանի որ այս քաղաքը տարբեր մշակույթների ու ազգերի խառնարան է: Բայց եթե անկեղծ լինեմ, Գեզիի պուրակի բողոքը մի քանի օր անց ամբողջովին դուրս եկավ իր իրական նպատակից, սկսեց ծառայել այլ նպատակների: Այն վերածվեց մի քաոսի, որը մինչ այսօր շարունակվում է: Գեզիի բողոքները սկսվեցին բնապահպանական խնդրի պատճառով եւ վերածվեցին էթնիկ կոնֆլիկտների` մասնավորապես Հաթայում, քանի որ այստեղ տեղակայված են Սիրիայի փախստականների մեծ ճամբարներ: Մենք ավելի քան 150 հազար սիրիացի փախստականներ ունենք Հաթայում: Այստեղ է ապրում նաեւ ալեւի փոքրամասնությունը, որը Բաշար Ասադի կողմնակից է: Սիրիացի փախստականներն ու ալեւիները հաճախ են կոնֆլիկտներ ունենում, որից էլ տուժում է քաղաքը: Վերջին 1-2 տարում Հաթայը վերածվել է ռազմական քաղաքի: Անընդհատ պայթյուններն ու քաղաքացիական հագուստով զինված անձինք մարդկանց պարանոիկ են դարձնում: Այս իրավիճակն իր ազդեցությունն ունեցավ, որ մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն: Բայց միեւնույն ժամանակ մենք չենք ուզում դառնալ արտասահմանյան գաղտնի ծառայությունների եւ ծրագրերի զոհը: Ի՞նչ էր անում Գերմանիայի «Կանաչների կուսակցության» անդամ Կլաուդիա Ռոթին Գեզիի այգու ցույցերի ժամանակ. դա ինձ համար հարց էր եւ նաեւ պատճառ`ցույցերին այլեւս չմասնակցելու համար: Մեր բողոքը եվրոպացի դիվանագետների հետ որեւէ կապ չունի, սա մեր ներքին բողոքն է:

Այդքան մեծ թվով մարդկանց միանգամից ապստամբելը պետք է որ այլ պատճառներ էլ ունենար: Ինչո՞ւ են մարդիկ հենց այս պահին այդքան պատրաստ ապստամբության:

Վերջին մի քանի տարիներին բազմաթիվ անմեղ լրագրողներ, բանակում ծառայողներ, սպաներ ու գրողներ հայտնվել են բանտերում` առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի կամ դատական վճռի: Նրանց միակ մեղքը կառավարությանը դեմ լինելն է: Վերջերս կառավարությունը որոշում կայացրեց արգելել աբորտները երկրում, ինչը չափազանց արական որոշում է, որի զոհը կանայք են դարձել: Ալկոհոլի եւ ծխախոտի գները Թուրքիայում չափազանց բարձր են` այն դեպքում, երբ մենք ալկոհոլի չարաշահման խնդիր չունենք, քանի որ մուսուլմանական երկիր ենք: Երեկոյան 10-ից հետո արգելել են ալկոհոլի վաճառքը: Առավել սրվել են կրոնական ճնշումները. միջնակարգ դպրոցում երեխաները շաբաթեկան 6 կրոնի դասաժամ ունեն: Կրթության եւ գիտության նախարարը հայտարարում է, որ դպրոցում աղջիկների կիսաշրջազգեստով համազգեստը պետք է փոխարինել տաբատով, քանի որ նրանք նույն աստիճաններով են բարձրանում, ինչ տղաները: Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարը հանրայնորեն հայտարարում է, որ տղաներն ու աղջիկներն այսուհետ պետք է միասին չմասնակցեն երիտասարդական ճամբարներին: Պետք է ստեղծել առանձին ճամբարներ` տղաների եւ աղջիկների համար: Մեկ այլ հոգեւոր հայտնի գործիչ հայտարարում է, որ հղի կանայք չպետք է դուրս գան փողոց, քանի որ դա մեր ազգային էթիկայից դուրս է: Գլուխը ծածկած կանանց դերն ավելի է արժեվորվում, իսկ բաց գլխով կանայք ճնշվում են: Այս եւ այլ տեսակի ճնշումներն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել հասարակության վրա: Պահպանողականներն ավելի ուժեղ են, իսկ լիբերալներն ավելի ու ավելի են ճնշվում այս հասարակությունում: Նախկինում Թուրքիան առավել լիբերալ քաղաքականություն ուներ, այժմ կրոնական, իսլամիստական ճնշումներն ամեն օր ավելանում են, ինչն էլ մասսայական բողոքների առիթ է տալիս:

Իրականում Էրդողանի կուսակցությունը ծայրահեղ իսլամիստական չէ, նրանք միշտ կենտրոնամետ դիրք են զբաղեցրել: Եւ եթե Թուրքիայի ընտրությունների պատմությունն ուսումնասիրենք, կենտրոնամետները միշտ էլ հաղթել են ընտրություններում: Ընտրություններից առաջ Էրդողանը միշտ նշում է իր կենտրոնամետ լինելը, որպեսզի ձայներ հավաքի: Այսօր մարդիկ այլեւս չեն հավատում նրա քաղաքականությանը, նրանք նոր առաջնորդ են ուզում, հոգնել են ճնշումներից ու խաբկանքից:

Կարելի՞ է ասել, որ կառավարությունը սկսում է ավելացնել ճնշումները, երբ վախենում է կորցնել իշխանությունը: Ինչի՞ց է վախենում Էրդողանը:

Թուրք հասարակությունն ընտրում է Էրդողանին, քանի որ եվրասիական մտածելակերպ ունի: Եվրասիական ազգերն իրենց համար առաջնորդ ընտրելիս՝ կարծես հոր կերպար են ընտրում, ով երբեմն կարող է բարկանալ իրենց վրա, երբեմն գոռալ եւ երբեմն էլ խփել: Էրդողանը շատ լավ է կարողանում այդ հոր կերպարը խաղալ իր ժողովրդի առջեւ: Իրականում նրա շուրջ գտնվող անձինք, կուսակցականներն են չափազանցնում Էրդողանի դերը` դրանով ավելի նվաստացնելով նրան: Ցույցերի ժամանակ Էրդողանի կողմնակից կանայք գոռում էին. «Մենք քո հետույքի մազն ենք, Էրդողան», սա արդեն չափազանց է առաջնորդին գովերգելու համար: Չնայած այդ ամենին` այո, Էրդողանը վախեցած է, նա վախենում է, որ իր վերջն էլ արաբական առաջնորդների վերջին կնմանվի, քանի որ նա Թունիսի, Լիբիայի եւ Սիրիայի առաջնորդների պես ավտորիտար քաղաքականություն է վարում: Նա վախենում է, որ դրսի ուժերը ցանկանում են շարունակել արաբական գարունը Թուրքիայում: Եւ դա էր պատճառը, որ նա միանգամից անցավ բռնությունների, որ բողոքի ալիքը հնարավորինս արագ սպանի:

Խնդիրն իրականում առաջնորդի՞, թե՞ տարիներ շարունակ կառուցված մի ամբողջ համակարգի մեջ է:    

Մի շարք ուսումնասիրողներ էլ փաստել են, որ այս բոլոր խնդիրները պլանավորված կերպով են առաջացել տարիների ընթացքում: 1980-ականներին Թուրքիայի իշխանությունները մաքրեցին բոլոր ձախերին եւ կոմունիստներին, նրանք ձեռբազատվեցին նաեւ ազգայնականներից: Այո, իրականում ամեն ինչ շատ խորքից է գալիս եւ վաղուց է պլանավորված եղել: Դեռ 80-ականներից մարդիկ վախենում են ապստամբել, վախենում են դեմ դուրս գալ իշխանությանը, քանի որ անընդհատ ապրել են ճնշումների ու տառապանքի մեջ: Մինչեւ հիմա մեր ծնողները խորհուրդ են տալիս չդառնալ քաղաքական գործիչներ, քանի որ այդպիսի խոսք ունենք, որ ինչպիսի քաղաքական գործիչ էլ լինես, վերջում տառապելու ես:  

Ես մի քաղաքական երգ լսեցի թուրքական հեռուստաալիքներից մեկով, որտեղ մի քանի կատարողներ Էրդողանին մեղադրում էին բազմաթիվ կյանքերի խլման, երկիրը կործանման տանելու մեջ: Ինչպե՞ս է այդ հեռուստաընկերությունը եւ ընդհանրապես ընդդիմադիր լրատվամիջոցները դիմակայում ճնշումներին: Թե՞ դա կեղծ ընդդիմության իմիտացիա է:

Լրատվամիջոցները Թուրքիայում ամբողջովին կառավարության վերահսկողության ներքո են: Թուրքիայի «Աշխատավորների կուսակցություն»-ը մի ընդդիմադիր հեռուստաալիք ունի միայն, որի առաջնորդն այս պահին բանտում է: Հանրապետական կուսակցությանը պատկանող մի հեռուստաալիք էլ կար, որը ցուցադրում էր բողոքի ակցիաներն ամբողջությամբ: Բայց նրանց ճնշեցին, ֆինանսական խնդիրների պատճառով փակվեցին: Այժմ մի քանի լրատվամիջոցներ են մնացել, որ փորձում են հնարավորինս ընդդիմադիր կոչեր տարածել, սակայն դրանք փակման եզրին են, իսկ խմբագիրներից ոմանք արդեն բանտերում են: Սոցիալական մեդիան մեծ դերակատարություն ունի այս պահին Թուրքիայում, եւ կառավարությունը պլանավորում էր նույնիսկ արգելել Ֆեյսբուքն ու Թվիթերը երկրում:

Կա՞ որեւէ ձերբակալված ոստիկան կամ կառավարական ուժի ներկայացուցիչ` խաղաղ ցուցարարներին սպանելու համար, թե՞ իշխանությունը ձերբակալում է միայն քաղաքացիական ակտիվիստներին եւ լրագրողներին:

Մինչ այսօր որեւէ մեկը չի ձերբակալվել ցույցերի ընթացքում զոհվածներին սպանելու եւ անմեղ քաղաքացիներին վնաս հասցնելու մեղադրանքով: Երբ առաջին մարդը սպանվեց ցույցերի ժամանակ, նրան սպանողներին այդպես էլ չգտան: Երկրորդը սպանվեց ոստիկանի կողմից՝ գլխի կրակոցից, բայց համարեցին, թե ոստիկանն ընդամենն ինքնապաշտպանվում էր` մարդուն գլխից կրակելով: Այժմ այդ նույն ոստիկանը շարունակում է աշխատել ոստիկանությունում: Նույնիսկ տեսանյութեր կային, որ կառավարական ուժերը մարդկանց դեմ են դուրս գալիս դանակներով, քյաբաբի սրերով ու բեյսբոլի մահակներով: Ոստիկանությունը նրանց թողնում էր ազատորեն գործածել այդ զենքերը: Մեր կոլեգայի սպանությունը նույնպես կա նկարահանված, որտեղ ակընհայտորեն երեւում է, թե ինչպես են 9 հոգի դաժանորեն ծեծում 19-ամյա տղային, ում հասակն ավելին չէր, քան 170 սմ-ը: Մյուս զոհերը եւս մահացել են ոստիկանների բռնությունների հետեւանքով եւ մինչ այսօր ոչ ոք ձերբակալված չէ: Մի շարք ոստիկաններ հրաժարվել էին աշխատանքից, քանի որ չէին կարող մարդկանց դեմ դուրս գալ, բայց լրատվամիջոցները այդ մասին չեն խոսել: Կառավարությունը ոստիկանությանն ամեն կերպ հասկացնել է տալիս, որ կարող եք անել ինչ ուզում եք եւ պատասխանատվություն չեք կրի:

Կարծում ես՝ ապստամբությունն ավարտվա՞ծ է, թե՞ դեռ շարունակություն կունենա:

 Դժվար է ասել, որովհետեւ առաջիկա գարնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, չգիտենք` ինչ կարող է լինել: Էրդողանը սկսել է ինքն իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպել, որպեսզի հաղթի ընտրություններում, քանի որ հասկացել է` որքան շատ են իր դեմ դուրս գալիս, այդքան ավելի շատ ձայներ է հավաքում: Եթե ցույցերն ու հանրահավաքները շարունակվեն, մտածում եմ, որ Էրդողանն ու իր կուսակցությունը կվնասվեն, բայց ցուցարարներն իրենք էլ պետք է շատ զգույշ լինեն, լավ հասկանան, թե ինչ են ուզում, այլապես ոչինչ չի փոխվի կառավարության փոփոխման հետ եւ մենք նորից նույն խնդիրների առջեւ կկանգնենք:

Որպես երիտասարդ ակտիվիստ ու քաղաքացի՝ որո՞նք են քո առաջնային նպատակները եւ ինչպե՞ս ես պատրաստվում հասնել դրանց:

Շատ դժվար է նպատակներ ունենալ հիմա Թուրքիայում, քանի որ բոլոր ֆոնդերն ու հնարավորությունները պահպանողականների ձեռքում են: Ես ինձ իմ երկրի հավասարազոր քաղաքացին չեմ զգում եւ որեւէ աջակցություն չեմ ստանում իմ պետության կողմից, եթե ոչ հալածանքներ: Բայց նաեւ գիտեմ արտագաղթողների դժվարությունները, հնարավորություն եմ ունեցել ճանապարհորդել մի շարք երկրներում եւ որեւէ երկրում ես ինձ այնքան լիարժեք չեմ զգում, որքան իմ երկրում: Ես ուզում եմ իմ երկրում ապրել եւ երեւի քաղաքական գործիչ դառնալ ապագայում: Այս պահին պատրաստ չեմ դրան, բայց հետագայում ուզում եմ բարեփոխումներ մտցնել այն երկրում, որն այդքան սիրում եմ: Ես նաեւ այլընտրանք ունեմ հանգիստ ապրելու, գիտական աշխատանք կատարելու…չգիտեմ, ներկայիս Թուրքիայի պայմաններում շատ դժվար է ապագայի պլաններ կազմել. ամեն ինչ անկայուն է: Պիտի պայքարեմ այնքան, քանի դեռ չեն նստացրել երեւի: 

Լուսանկարը` Սամեթ Ֆրատ Սոյդեմիրի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

GB
The crumble of Ottoman's started when their Sultans put their sensitive nose into other nations businesses ...Turkey's new Ayatollah Mr. Erdogan has the same fatigue desire of his predecessors. I won't be surprised to see Libyan or Syrian type conflicts in new Ottoman's land!!The last uprising of Gezi Park was the beginning!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter