HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ևս մեկ դեպք Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում

Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հերթական մահվան դեպքն է գրանցվել: Պարանոյիդ շիզոֆրենիա ախտորոշում ունեցող հիվանդը` 1957թ. ծնված Արմո Ավակիմյանն իրեն ցած է գցել երկրորդ հարկի պատուհանից: Դեպքի մասին մեզ այսպիսի պարզաբանում տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյոք տուն-ինտերնատի պատուհաններին ճաղավանդակներ չեն ամրացված, որ հիվանդը կարողացել է այն անարգել բացել և ցած նետվել, Հ. Խաչատրյանը նշեց, որ Ա.Ավակիմյանն այն հիվանդներից էր, որի վիճակը գնահատված էր այնպես, որ կարող էր նույնիսկ դրսում լինել: Նախատեսված չէ, որ նման հիվանդները գտնվեն ճաղավանդակներ ունեցող սենյակում:

Հ. Խաչատրյանը պատմեց, որ համաձայն տուն-ինտերնատից ստացված բացատրության, մինչ դեպքը հիվանդը գանգատվել է գլխացավից, նրան դեղորայք է տրվել, սակայն ոչ արյան ճնշումն է բարձր եղել, ոչ էլ ջերմություն է ունեցել:

«Ինքն իրեն գցել է, տեղում մահացել է, անմիջապես կանչվել է շտապբուժօգնություն, տեղյակ է պահվել ոստիկանությանը, և տեղում արձանագրվել է, որ Ավակիմյանը մահացել է: Ներկայումս ոստիկանության կողմից նախաքննական աշխատանքներ են կատարվում»,- մանրամասնեց Հ. Խաչատրյանը:

Ճշտելու համար, թե հիվանդն ինքն է իրեն ցած նետել, թե հնարավոր է որևէ միջադեպի հետևանքով է հիվանդը վայր ընկել, և ինչ է արձանագրել ոստիկանությունը, դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք: Գրավոր հարցմանը դեռ պատասխան չենք ստացել:

Վերջին մեկ ամսվա մեջ սա արդեն երկրորդ մահվան դեպքն է Վարդենիսի տուն-ինտերնատում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին ևս մեկ հիվանդ էր մահացել այնտեղ:

ՀՀ ոստիկանությունից խնդրել ենք նաև հայտնել նախորդ դեպքի վերաբերյալ մանրամասներ, մասնավորապես, թե ինչ է պարզել դատաբժշկական փորձաքննությունը և արդյոք քրեական գործ հարուցվել է, թե ոչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter