HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի միջոցառման զոհը և պաշտոնյաների որդիների բիզնեսը

42-ամյա Հասմիկ Մելիքյանը այս տարվա օգոստոսի 13-ից գամված է մահճակալին: Այդ օրը նա տնից դուրս է եկել և դժբախտ պատահարի զոհ դարձել:

Օգոստոսի 13-ին Հասմիկն անցնում էր Օպերայի մոտով, որտեղ  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում եռաչափ (3D) նկարներ էին ցուցադրվում: ժամը 19-20-ի սահմաններում մոտեցել է եռաչափ նկարները դիտելու:

Հասմիկը հիշում է, որ տարածքում քամի էր, մարդկանց հետ զրուցելով նայել և հիացել է նկարներով: Օպերայի հրապարակում տեղադրված է եղել մեծ հովանոց. «Սրճարանի շատ մեծ մի զոնտ չգիտեմ` ինչու էր այնտեղ դրված, կային անվտանգության աշխատակիցներ, տեսան, որ քամի էր, փոխանակ հավաքեին այդ զոնտը, գնում էին նկարներն էին պաշտպանում, ինչ-որ երկաթներ դնում,- պատմում է Հասմիկը,-  հանկարծակի դաշտը բացվեց, զոնտը պտտվեց, պտտվեց քամուց, դուրս եկավ երկաթե ձողով՝ ամբողջ ծանրությամբ խփեց իմ դեմքին: Հարվածն այնքան ուժեղ էր, որ չկարողացա հավասարակշռությունս պահել և ամբողջ մարմնով ընկա ասֆալտին՝ իմ ձախ ազդրի վրա»: Ընկնելու հետևանքով Հասմիկի ազդրի վզիկը կոտրվել է, ոսկորները տեղաշարժվել են: 

Ժամանել է շտապօգնության մեքենան, դեպքի վայր են եկել նաև ոստիկանության աշխատակիցները: Հասմիկին տեղափոխել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այստեղ Հասմիկին ախտորոշել են ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք` տեղաշարժով: Նրան վիրահատել են, կատարել են ազդրի ոսկրաբեկորների փակ համադրում` երկաթե երեք պտուտակների միջոցով:

«Բժիշկներն ասում են՝ 50/50: Պետք է նաև երկրորդ վիրահատությունը, որ այդ պտուտակները հանեն, բայց եթե հանկարծ վիրահատության արդյունքում ոսկորը չկպչի և չսնուցվի, պետք է անցնել էնդոպրոթեզավորման, ինչը շատ թանկ հաճույք է՝ 7000 դոլարից ավելի,- ասում է Հասմիկը,- ես չէի պատկերացնում, որ տեղի կազմակերպիչներն այնքան հիմար, անփույթ ու անպատասխանատու կլինեին, որ իրենց կազմակերպած միջոցառման հետևանքով ես կհայտնվեմ հիվանդանոցում: Իմ ամենահասարակ, իմ բնական կարիքներն անգամ ես ինքս չեմ կարող հոգալ, էլ չեմ ասում, որ անկողնուն գամված եմ և անգամ կողաշրջվել չեմ կարողանում»:

Երևանի քաղաքապետարանի ծրագիրը «կյանքի է կոչել» «Բի Բի մեդիա»-ն, որը ղեկավարում է Հայկ Սիմոնյանը: Նա Հասմիկին այցելել է հիվանդանոցում, խոստացել է հիվանդանոցային ծախսերը հոգալ: «Եկավ, մեծ-մեծ խոստումներ տվեց՝ ես անպայման ամեն ինչ կանեմ, որ գոնե ձեր բժշկական կարիքները հոգամ»,- պատմում է Հասմիկը: Հաջորդ օրը եկել և ասել է, որ իրեն խաբել են և ուզում են գումար վաստակել իր հաշվին: Հասմիկն ու եղբայրը, ով նույնպես բժիշկ է, հաշվարկել են, որ 12 հազար դոլար կկազմի Հասմիկի վերականգնումը, եթե էնդոպրոթեզավորուման անհրաժեշտություն ծագի: Հայկ Սիմոնյանն ավելի ուշ ասել է, որ ինքը պատրաստ է ոչ թե առձեռն գումար տալ Հասմիկին, այլ ծախսերը հոգալ անմիջականորեն՝ վճարելով հիվանդանոցային, վերականգնողական գործընթացների ծախսերը: Ասել է, սակայն առ այսօր ոչինչ չի արել:

«Քաղաքապետարանից ինձ ասացին, որ վիրահատությունը փակվել է պետպատվերով, բայց հիվանդանոցից ինձ զանգեցին, թե՝ ոչ մի բան էլ չի փակվել, մուծում չի կատարվել, և ինձ սպառնում են դատի տալ»,- ասում է Հասմիկ Մելիքյանը:

Հասմիկը քաղաքապետարանին խնդրել է գրավոր տեղեկանք տալ այն մասին, որ հիվանդանոցի ծախսերը փակված են: Չեն տրամադրել:

Հասմիկը դիմել է ՀՀ նախագահին՝ գրավոր նամակի պատճեններն ուղարկելով ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Ներկայացրել է իր վիճակը. ապրում է 80-ամյա մոր և եղբոր հետ: Աշխատանքի չի կարողանում գնալ, ֆինանսական սուղ պայմաններում են: Իսկ իրեն կալցիումով հարուստ սնունդ ու դեղորայք է անհրաժեշտ: Ամբողջ ընթացքում վերականգնողական բուժումը Հասմիկը ստանում է իր ընտանիքի անդամների ջանքերի շնորհիվ, որքան կարողանում է: Հասմիկը ևս երկու ամիս պետք է անշարժ պառկի:

Աշխատում է ԵՊՃՀ-ում, միջազգային կապերի մասնագետ է: Ավարտել է Երևանի պետական լեզվաբանական և Հայաստանի ամերիկյան համալսարանները: Սովորել է  նաև ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի պետական համալսարանում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Բուլղարիայում բիզնեսի գծով ասպիրանտուրա է ավարտել: Աշխատել է ԱՄՆ Սանտա Կռուզի քաղաքապետի օգնական և այդ քաղաքի պատվավոր քաղաքացի է:

«Ես կարող էի մնալ ԱՄՆ-ում, բայց այդ ամենը դրել եմ մի կողմ, եկել եմ, որ իմ երկրին օժանդակ լինեմ ինչով որ հնարավոր է: Ես ոչ թե ինչ-որ ողորմություն եմ խնդրում, այլ ուզում եմ հասկանալ, թե ինչու ես պիտի ուրիշի անփութության պատճառով զրկվեմ աշխատանքից, ֆիզիկական վիճակից՝ իմ սովորական կարիքները հոգալուց, քայլելուց և չկարողանամ վայելել այս եղանակը, պիտի երկու ամիս գամված լինեմ, երեք-չորս ամիս էլ այսպես դեռ մնամ, հետո էլ Աստված գիտի՝ ինչ է լինելու»,- վրդովվում է Հասմիկը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի օգնական Նարեկ Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վիրահատության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով միջնորդել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Հասմիկի վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվի և վճարման խնդիր չառաջանա: Թե ինչու է նման խնդիր առաջացել, Նարեկ Մելքումյանը դժվարացավ պատասխանել, համենայնդեպս բժշկական կենտրոնի ո՛չ տնօրենի, ո՛չ էլ փոխտնօրենի մակարդակով իրենք վճարման պահանջ կամ հաղորդագրություն չեն ստացել:

Նարեկ Մելքումյանը նշեց, որ օրերս ստացել են նաև Հասմիկի նամակը և էպիկրիզը, որից պարզ է դարձել, որ թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական վերականգնման շրջանը բավականին բարդ է, և անհրաժեշտ է բժշկի հսկողությամբ նորմալ վերականգնողական թերապիա անցնել: Նարեկ Մելքումյանը հայտնեց, որ տոնական միջոցառումներից հետո պատրաստվում են այցելել նրան:

Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում, սակայն դեռևս քրեական գործ հարուցված չէ: Ոստիկանության Կենտրոնի քննիչ Նարեկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որն նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն` պարզելու, թե խախտվե՞լ են աշխատանքային կանոնները, անձրևանոցի տեղադրման թույլտվություն ունեցե՞լ են միջոցառումն իրականացնողները, եթե այո, պահպանվե՞լ է տեղադրման կարգը, թե՞ ոչ: Դատատեխնիկական փորձաքննությունից հետո պարզ կդառնա` քրեական գործ կհարուցվի՞, թե՞ քրգործի հարուցումը կմերժվի: Նարեկ Ավետիսյանը հնարավոր համարեց, որ փորձաքննության պատասխանն այսօր պատրաստ լինի:

«Բի Բի մեդիա»-ի տնօրեն Հայկ Սիմոնյանի հետ մեր հեռախոսազրույցը կարճ տևեց. ասաց` կճշտի վճարման հետ կապված խնդիրը և կտեղեկացնի: Այլ մանրամասների մասին չցանկացավ խոսել` պատճառաբանելով, թե հարսանիքի է, հարմար չէ:

«Բի Բի մեդիա»-ի կայքում որևէ տեղեկություն չկա, թե ինչ ընկերություն է, ովքեր են ղեկավարները: Հայկ Սիմոնյանի հետ զրույցից քիչ անց զանգահարեցինք «Բի Բի մեդիա», որպեսզի ճշտենք, թե որ ՍՊԸ-ի միջոցով է այն գործունեություն ծավալում: Հեռախոսավարուհին անակնկալի եկավ հարցից, խնդրեց տվյալներ թողնել, որով քիչ անց կապ կհաստատեն մեզ հետ և կհայտնեն ՍՊԸ-ի տվյալները: Հեռախոսավարուհին ասաց, որ տնօրենը (Հայկ Սիմոնյանը) տեղում է, բայց զբաղված է այդ պահին: 

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ այս անվան տակ աշխատում է «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ն, որի բաժնետերը մեկ այլ ընկերություն է` «Կատանա» ՍՊԸ-ն: Այս ընկերության 50-ական տոկոսների բաժնետերեր են Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի դուստրն ամուսնացել է ԱԱԾ պետի տեղակալի որդու հետ:  

2008-ին այս ընկերության տնօրենը եղել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության ներկայիս պետ Արազ Բաղդասարյանը: Հենց այս վարչությունն է պատվիրում քաղաքապետարանի համար որևէ տեսակի ծառայություն որևէ ընկերությունից:

Մեկնաբանություններ (3)

Ռուբեն Այվազյան
Ինձ է դիմել քաղաքացի` Հասմիկ Մելիքյանը, որը 2013թ.-ին ծանր մարմնական վնասվածք էր ստացել Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված միջոցառման նախապատրաստական աշխատանքները կատարելու ժամանակ: Փաստորեն Տարոն Մարգարյանի կազմակերպած միջոցառման ընթացքը չի համապատասխանում ՀՀ-ում գործող տեխնիկական անվտանգության կանոններին: Անցել է արդեն 3 տարուց ավելի ժամանակ, սակայն Տարոն Մարգարյանը որևէ փոխհատուցում չի տվել իր մեղքով հաշմանդամ դարձած քաղաքացուն:
Mary
es zarmanum em urishner@ erazum em USA qaxaqaci darnan u orinakan ed erkrum apren vomanq el @ntrum en irenc sireli hayreniq@ ev irenc parahex erkri koxmic storacvum en u groshnerov aprum ,de hima mek@ tox indz asi te vorna aveli chisht................
Phil
I know a recent similar case that happened to a friend in the U.S.; the company that inflicted harm got sued by the injured party, and the victim received compensation in millions of dollars for lost wages, emotional distress, and possible future medical care. Hospital bills were paid by the company separately with no questions asked. It is a shame how Armenian authorities act; unfortunately it does not even surprise me that they act so shamelessly. Even though the oldest Christian nation has become a heaven for corrupted officials (it is a post-Soviet society with little rule of law, poor sense of integrity, sometimes no fear of God, and no self-conscious) I believe that there are great Armenians out there who are not apathetic and they will be willing to ACT to help you. I would call for lawyers to offer their services (with no fees imposed on the victim) to help at this hardest moment of this great Armenian citizen. The best move would be to find a good lawyer to sue the event organizers for safety violations that caused her injury. We should be able to get the help of professors from legal department of AUA if we publicize her case and reach a broader audience. Most lawyers would not charge you a fee and lawyer fees will be deducted after they win the case. We need to raise this issue on international level. Lawyers should deal with these irresponsible people, not you, Hasmik, because now you should only worry about getting a plenty of rest and nutrition to have a rapid recovery. It is a shame that Armenian authorities do not step up to the plate to help this great Armenian woman! I cannot believe they would even hesitate to cover her meal and medical expenses. I would involve international human rights and legal organizations. The editors of this article should translate this article into English so we can publicize this issue on international level. Or, can someone volunteer to translate this into English? The perpetrators should not only pay your hospital bills with no questions asked but you also need to sue them for lost wages, emotional distress and future possible medical care (etc. physical therapy, etc.). I am so angry and I cannot believe how unacceptable and heartless these people are. Enough is enough! Armenia Authorities, step up to the help and do what is right!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter