HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Մարդուն, կարծես, փորձում են դարձնել կռվող շուն»

Հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի հետ

-Ձեր «Ամեն երկուշաբթի» ներկայացման մեջ անդրադարձել եք արտագաղթի թեմային՝ նշելով, որ երկիրն այնքան է դատարկվել, որ նմանվել է «դրախտի»: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ «դրախտում»:

-«Դրախտում» ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում, բայց հարցն այն է, թե ինչպիսի ջրում, ինչ մաքրությամբ ջրում, ինչ չափի թունավորված ջրում, ինչ չափի պղտոր ջրում: Եվ ասել, թե խուսափում եմ մեր «դրախտավայրի» հոգսերից, թունավորվածությունից, բոլորովին ոչ: Մտածում եմ, որ մարդու կյանքը հենց դա է, և մարդուն տրված է հնարավորություն՝ այդ ցեխերը, այդ պղտորվածությունը մաքրելու համար: Դրանից պետք է չփախչել: Չգիտեմ, թե որքանով է ինձ հաջողվում դա անել, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ ինչ-որ բան անել, այս տխուր, դառնացած ժամանակներում մարդկանց հոգիներն ինչ-որ չափով ջերմացնել, ինչ-որ չափով մարդուն, իսկապես, մոտեցնել դրախտին, այսինքն՝ մարդու մեջ անընդհատ արթնացնել մարդուն: Շատ դժվար ու դաժան քաղաքական ժամանակներ ենք ապրում ամբողջ աշխարհում: Մարդուն, կարծես, փորձում են դարձնել կռվող շուն: Մարդուն, կարծես, դիտմամբ կատաղեցնում են: Մարդկանց, կարծես, զինում են իրար դեմ, մարդկանց սնում են ատելությամբ: Ըստ իս՝ արվեստի գերխնդիրը հակառակն անելն է՝ ամեն ինչ անել մարդու մեջ մարդուն արթնացնելու համար, մարդու մեջ մարդ պահելու համար: Դա է իսկական դրախտը, երբ մարդու մեջ արթուն է մարդը, երբ մարդը սիրում է մարդուն, հոգում է նրա հոգսերը, անտարբեր չէ նրա խնդիրների նկատմամբ:

-Ինչպե՞ս կձևակերպեք Հայաստանում տիրող վիճակը:

-Ես չեմ կարող դա անել հիմա: Եթե լինեի Հուլիոս Կեսարը, միգուցե կարողանայի: Հիշո՞ւմ եք նրա խոսքերը՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: Բայց ես Հուլիոս Կեսարը չեմ և չեմ կարող կարճ՝ երեք բառով ձևակերպել: Ես այդ ամենը փորձում եմ ինչ-որ ձևով ներկայացնել իմ ներկայացումներում, հարցազրույցներում:

-Ի՞նչն է փոխվել վերջին տարիներին Հայաստանում:

-Գիտեք, կյանքն ավելի է դժվարացել: Բոլորս էլ տեսնում ենք դա: Շատ-շատ մարդիկ թողել-գնացել են: Դա էլ ենք տեսնում: Եվ տեսնում ենք, որ ամեն ինչ ավելի է դժվարանալու, և տեսնում ենք, որ մարդիկ դեռ գնում են, և տեսնում ենք, որ մարդիկ սկսում են կորցնել հույսը: Սա շատ տխուր է: Մարդիկ շատ են դառնացած: Նրանք, կարծես, անընդհատ հուսախաբ են լինում: Մենք ապրում ենք հուսախաբության տևական ժամանակահատված: Թե ինչքան կտևի դա, չգիտեմ: Ավելանում են մեծ սուպերմարկետները, փակվում են փոքրիկ խանութները, արհեստավորների կրպակները, մեծանում են մեր երեխաները, մեծանում ենք մենք ինքներս:

-Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա հանդիսատեսին: Բեմից նկատո՞ւմ եք մարդկանց տխրությունը:

-Հայ մարդն ընդհանրապես հոգու խորքում տխուր մարդ է, մի քիչ դառնացած է: Դա շատ հասկանալի է պատմության պատճառով. մեր պատմությունը մեզ դառնացրել է: Շատ հաճախ իմ հարցազրույցներում պատմում եմ իմ ընտանիքի մասին: Մենք շատ երգող մեծ գերդաստան ենք: Առաջին 2-3 բաժակներից հետո բոլորը սկսում են երգել՝ մայրս, մորաքույրներս, մեր սերունդը… Ինչ երգ ասես, չենք երգում՝ ժողովրդական երգեր, ռոք երգեր, ջազ, մի խոսքով՝ բազմագույն երգեր, և վրացիները մեզ շատ կնախանձեին: Բայց մեր սեղանները միշտ վերջանում էին տխուր երգերով. մայրս, մորաքույրս սկսում էին «Մշո գորաններ» երգել, «Քելե, լաո, քելե էրթանք մեր էրգիր»: Մենք երիտասարդներով նայում էինք ու ծիծաղում՝ ասելով, որ ինչքան էլ ուրախանանք, միևնույն է՝ վերջում տխրում ենք: Թախիծը, միևնույն է, կա հայի սրտի մեջ: Այդ նույն թախիծը կա նաև հայ հանդիսատեսի մեջ: Դրա համար ասում եմ, որ անընդհատ փորձում եմ պայքարել դրա դեմ, մարդուն ուրախացնել: Բայց նաև փորձում եմ այդ թախիծին դարման անել, որովհետև միայն ուրախացնելը քիչ է: Դու նրան պետք է հնարավորություն տաս շփվել իր հոգսերի հետ, և այդ շփման մեջ նա պետք է ուրախանա: Իմ ներկայացումներում հաճախ օգտագործում եմ հոգեբուժության վարժություններ, և, կարծում եմ, առայժմ ինձ դա հաջողվել է: Մանկուց երազում էի բժիշկ դառնալ: Իմ մեջ կա մարդուն խնամելու կարոտը, հետո մի պահ հասկացա, որ շատ ուժեղ եմ բեմում, և հնարավոր է համատեղել կատակն ու բժշկությունը:

Վերջերս կյանքից հեռացավ մեր նահապետը՝ Սոս Սարգսյանը: Նա իմ բոլոր ներկայացումներին գալիս էր և վերջում բարձրանում էր բեմ, խոսում մարդկանց հետ իմ մասին: Այդ պահերին կոկորդս միշտ սեղմվում էր: Նա շատ ջերմ էր արտահայտվում իմ մասին: Նրա ամենաջերմ խոսքն իմ մասին այն էր, որ ասաց՝ Վարդանը մեր որդին է: Ավելի մեծ հաճոյախոսություն դժվար է ստանալ բեմում հենց բեմի նահապետի կողմից: Նրա մահից հետո հաղորդումներ էին հեռարձակվել: Դրանցից մեկում պատահաբար լսեցի, որ նա ասում էր. «Մենք մի երգ չունենք, որի բառերը բոլորս իմանանք. մի էրկու բառ գիտենք սկզբից, մի էրկու բառ էլ վերջից: Այ եթե գա էն օրը, որ մենք՝ հայերս, ձեռք-ձեռքի բռնած երգենք, մեզ էլ ոչ ոք չի հաղթի»: Նա, կարծես, իմ ներկայացման տեքստն էր ասում: Ես նրա այս խոսքերը լսել եմ նրա մահից հետո, ես այնքան էի ուզում, որ նա նայեր այդ ներկայացումը: Պատկերացնո՞ւմ եք նրա ապրումները: Իր միտքը կիրականար:

Մարդկանց մտքում, կարծես, այդ բանը կա. ինչո՞ւ մենք իրար հետ չենք երգում, ինչո՞ւ ենք օտարացած իրար հանդեպ, ինչո՞ւ իրար չենք վստահում, ինչո՞ւ ենք ավելի օտարամոլ, ինչո՞ւ ենք ավելի հայատյաց, ինչո՞ւ ենք մեր մեջ տեսնում ստրուկի, ճորտի, ինչո՞ւ ենք ինքներս մեզ արհամարհում: Իմ ներկայացումների մեջ միշտ փորձում եմ պայքարել դրա դեմ, մարդուն անընդհատ վերածնել՝ հիշեցնելով, որ ինքը մեծ, հերոսական, բարոյական բարձր արժանիքների տեր ժողովրդի զավակ է: Այո, մենք էլ ունենք թերություններ ու արատներ, բայց մենք ունենք շատ լավ բաներ: Եվ եթե ուզում ես՝ կյանքն ինչ-որ չափով լավանա, մարդու մեջ անընդհատ պետք է արթնացնես լավը: Ոչ մի աշակերտի անընդհատ փնովելով գերազանցիկ չեն դարձնում:

-Ի՞նչն է Ձեզ ավելի շատ վախեցնում մեր երկրի ապագայի հարցում:

-Արտագաղթն ինձ վախեցնում է, որովհետև գնալով կորցնելու ենք մեր մարդկային ռեսուրսները, մենք բանակում ծառայողներ չենք ունենալու, և մի քանի տարի հետո մեր երկիրը կարող է դառնալ անպաշտպան: Իմ տղան այս պահին ծառայում է բանակում: Այս տարի նա պիտի զորացրվի, բայց նրա ծառայությունը մի քիչ ձգձգվելու է, քանի որ լսել եմ, որ այս տարի աշնանային զորակոչը տարեսկզբին կամ տարեվերջին կլինի: Վատ բան չեմ տեսնում դրանում, և նվնվալու հարց չի կարող լինել: Բանակը մնում է բանակ: Բայց վաղն ի՞նչ ենք անելու: Լավ, ենթադրենք, այս զորակոչը եկավ մի քիչ ուշ, հետո մյուս զորակոչը 2 տարվա փոխարեն ծառայի 2,5 տարի, մյուս զորակոչը՝ 3 տարի, հետո հաջորդ զորակոչին գնան 30 տարեկանները, հետո՝ ես… Այսպես ո՞ւր ենք գնալու, երբ Հայաստանում մնա 200.000 կամ 500.000 մարդ: Այդ դեպքում ո՞վ է ծառայելու: Թե՞ մենք ունենալու ենք մի քանի ոստիկանախումբ, մի քանի ջոկատ ներքին հանդարտությունը պահելու համար, բանակազուրկ: Սա է ինձ վախեցնում:

Մենք մի կողմից հպարտանում ենք մեր բանակով, մեր բանակի կայացմամբ, որովհետև մեր պաշտպանը բանակն է, մեր ապահովության գրավականն է:

-Ի՞նչ կորցրեցինք անկախության 22 տարիներին:

-Հավատը, շատ հավատը… Հավատն ինքներս մեր նկատմամբ: Սա շատ վատ բան էր, որ արեցին մեր իշխանություններն անկախության առաջին օրերից սկսած: Դա եղավ գիտակցված, թե անգիտակցված՝ չեմ կարող ասել, բայց այնպիսի տպավորություն էր, որ առաջին օրերից սկսեցին ջարդել հայ մարդու ողնաշարը: Այն հայ մարդու, որը Ղարաբաղյան շարժումից և Ադրբեջանի հետ պատերազմի հաղթանակից հետո պինդ կանգնած էր: Սա ամենաուժեղ կացնի հարվածն էր հայ մարդուն, հայ պետականության ողնաշարին: Հայ մարդը կորցրեց հավատն իր նկատմամբ, իր պատմության նկատմամբ, իր առաջընթացի նկատմամբ, իր ապագայի նկատմամբ: Գիտե՞ք, ինչ ծանր բան է, երբ մարդը հավատ չունի, և գիտե՞ք, ինչքան ուժեղ և անպարտելի է այն մարդը, որ ունի հավատ: Չեք կարող տապալել մեկին, որը հավատ ունի: Հավատը ոտքի է կանգնեցնում: Ես հավատում եմ, դրա համար ինձ չեն կարող տապալել գետնին: Քանի դեռ ես հավատում եմ, քանի դեռ կառչած եմ իմ պատմությունից, իմ արմատներից, ես անպարտելի եմ: Եվ մարդուն հաղթելու համար առաջին հերթին նրան հեռացրեցին Աստծուց, մեր արմատներից, նրանց գցեցին փողոց և որբի պես մեկուսացրեցին:

-Եվ ինչպե՞ս պետք է վերականգնել այդ հավատը: Կա՞ն տարբերակներ:

-Դրա համար հասարակության ամեն մի ինստիտուտ պետք է լավ ու նվիրված աշխատի: Ամեն ինստիտուտ պետք է անի այն, ինչ վերապահված է իրեն: Եկեղեցին պետք է անի իր գործը, և ամենակարևոր պահն այս գործում վերապահում եմ եկեղեցուն: Արվեստը ևս շատ մեծ գործ ունի: Սրանք այն երկու ճանապարհներն են, որոնք տանում են դեպի Աստված, որտեղ մարդը վերագտնում է իր հոգևորը: Իսկ ամեն ինչ պետք է սկսել հոգևորից, մինչև անգամ տնտեսական, սոցիալական հարցերը:

-Եվ ո՞րն եք համարում այսօրվա մարդու ողբերգությունը:

-Հավատի բացակայությունը: Ցավոք սրտի, մեր մեջ այսօր հավատը շատ է քչացել: Ասել, որ դա իսպառ վերջացել է, չեմ կարող, որովհետև, կարծում եմ, մարդիկ, այնուամենայնիվ, ինչ-որ չափով հավատ ունեն իրենց ներսում:

Եթե հավատ լիներ, մարդն այլ կերպ կնայեր աշխարհին: Եթե հավատն ուժեղ լիներ, մարդն այլ կերպ կնայեր իր զրկանքներին: Ես խուսափում եմ խոսել այս մասին հարցազրույցներում, որովհետև ճիշտ չեն հասկանում: Ես միշտ մի օրինակ եմ բերում, որն ասել է Նիցշեն. նույնիսկ այգեպանները գիտեն, որ այն բույսը, որ չափից ավելի լավ պայմաններում է աճում, դեգրադացվում է, ուր մնաց կենդանին. կատուն սկսում է մուկ չորսալ, շունը սկսում է չհաչել, չհարձակվել գողի վրա: Մարդն էլ է դեգրադացվում՝ դառնալով ինչ-որ տարօրինակ կենդանի, բնազդներին կառչած՝ ուտել, քնել, հետո նորից ուտել, հետո նորից քնել, մի քիչ բազմանալ: Ցավոք սրտի, մարդուն մարդ մնալու համար անհրաժեշտ են մի քիչ զրկանքներ: Հայ մարդուն շատ են տրված զրկանքները, կրել ենք պատմության ամենամեծ զրկանքները: Ֆրանսիացի հայասեր մի մտածող ասել էր. «Եթե թերթենք մարդկության տառապանքների գիրքը, ապա ամենադաժան էջերը բաժին են ընկել հայ ժողովրդին»:

Ափսոս, որ մենք մեր պատմությունից դասեր չենք քաղում, և մենք անընդհատ կրկնել, կրկնել, կրկնել ենք մեր նույն սխալները՝ անընդհատ խորանալով անդունդի մեջ:

-Լավատեսության հատիկ չկա՞: Ելք չկա՞:

-Ելքը ելք փնտրելու մեջ է: Հավատը հենց դրա համար է ծառայում մարդուն, որ նա ուժահատ չլինի, թե չէ մարդը հոգնում է ելք փնտրելով և վերջում ձեռքը թափ տալիս: Անընդհատ պետք է փնտրել, բայց ես տպավորություն ունեմ, որ ելք չենք փնտրում: Մեր մտավորականների խավը հոգնել է: Իսկ մտավորականը նա է, ով անընդհատ մտածում է, ելք է փնտրում: Ես էլ երբեմն հոգնում եմ, բաներ կան, որ չեմ հասկանում՝ քաղաքականությունից չեմ հասկանում, տնտեսությունից հեռու եմ, ինչ-որ չափով մարդկային հոգուց եմ հասկանում և ուզում եմ վերանորոգել այդ հոգին:

Նժդեհի խոսքերն եմ ուզում կրկնել, որ մեր փրկությունը հայ մարդու հոգեվերանորոգման մեջ է: Սա մշտական աշխատանք է, որ ամեն ժողովուրդ պետք է տանի, և ամեն ժողովրդի մտավորական խավը պարտավոր է օգնել: Մենք սիրում ենք, չէ՞, «ռեմոնտ» անել տունը, նույնն էլ վերաբերում է մարդու հոգուն: Մարդը անընդհատ պետք է վերանորոգի, թարմացնի իր հոգին: Եվ պետք է չհոգնի այդ գործից: Սա է ելքը՝ հոգեվերանորոգումը:

Լուս.՝ newsbox.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter