HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարից ընկած զրույցներ գլոբալի մեջ. տարօրինակ է

Բաց նամակ կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Իրադյանից

Արձագանք մի խումբ երիտասարդ կոմպոզիտորների` «Բաց նամակ Կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ» հրապարակմանը 

Յուրքանչյուր քննադատություն եւ քննարկում, մասնավորապես մեր օրերում, կանխորոշված է ունենալու հստակ հարցադրում:Եթե չկա հարցադրման հստակությունը եւ հարցի կարեւորությունն ու արդիականությունը, մենք շարունակում ենք կռիվ տալ երեւակայական հողմաղացների դեմ, որոնք էական ազդեցություն չունեն գլոբալ -տեխնոկրատական ժամանակաշրջանում:Ազատ է շուկան եւ ամեն րոպե բաց են կոմունիկացիոն հնարավորությունները:

Այս պարագայում ուշադրությունն ուզում եմ հրավիրել շունչը փչած եւ միայն ֆորմալ բնույթ կրող կառույցներին `մասնավորապես Կոմպոզիտորների միության ֆունկցիոնալ նշանակության վրա:

Օրեր առաջ մամուլում հայտնված «Բաց նամակ Կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ» նամակի բուն էությունը եւ արդյունավետությունը, որպես երիտասարդ կոմպոզիտորի, ինձ մտահոգել է ավելի խորքային առումով:Նամակի հիմնական բովանդակության հանգուցակետը Ռոբերտ Ամիրխանյանն է եւ նրա վարած քաղաքականությունը ՀԿՄ-ում:

Երաժիշտների ցանկը, որի մեջ կարող էի ներառված լինել նաեւ ես, ինձ ուղղորդում է այլ դիտանկյունից նայելու հարցին, որը չէի անվանի ոչ ծայրահեղ քննադատություն, ոչ էլ հանդուրժողականություն:

Բանն այն է, որ միութենական կառույցները վաղուց արդեն կուլիսային կարգավիճակում են, որովհետեւ մշակույթի տարրը, արվեստի նմուշը եւ նույնիսկ (որքան էլ ցավալի է) արվեստագետը, բազմատարրության եւ բազմաշերտության մթնոլորտում չեն կարող միաժամանակ գտնվել խմբակային մտածողության, ֆինանսական հոսքերի պարզաբանման (ինչը հատուկ է վարչարարական կառույցներին), համաժողովների (որոնց արդյունքը հաճախ ֆուրշետներն ու ոչ մասնագիտական քննարկումներն են) եւ անձնական գզվռտոցների մթնոլորտում ու ստեղծեն ինդիվիդուալ, բայց տարածքայնություն ընդգրկող գործեր:

Ինձ հասկանալի է, որ նա, ով ավելի տարված է «կոմպոզիտորի տիտղոս» ունենալու (ինչը զավեշտալի է ստեղծագործողի համար ստեզծումի պահին, այն էլ երիտասարդ տարիքում) մտայնությամբ եւ վերջինիս լուծումը տեսնում է ֆունկցիոնալ նշանակությունը կորցրած –ությունների շրջանակներում, չի կարող մի պահ դուրս գալ Ռոբերտ Ամիրխանյան անձի, միության ակտիվացման կամ անվանակոչումների խնդիրների հորձանուտից եւ ուղղակիորեն հարցադրումներ մշակի այնպիսի լուրջ մտահոգությունների շուրջ, որոնք գոյություն ունեն երաժշտական եւ երաժշտագիտական աշխարհում:

Ինչպիսի՞ն է Երեւանի պետական կոնսերվատորիայի կրթական համակարգը, որո՞նք են ժամանակակից հայ երիտասարդ կոմպոզիտորի խնդիրները, ինչպիսի՞ մարտահրավերներ է իր հետ բերել գլոբալիզացիայի ժամանակաշրջանը երաժշտության եւ վերջինիս մատուցման համար:

Արդյո՞ք առաջնային տեղում եւ դերում է խորհրդային սիմվոլիստական կառույցը, երբ լիազորված եւ ոլորտում կարեւորություն ունեցող համապատասխան մարմինները ձեւավորում են լոկալ երաժշտական իրականությունը` ունենալով այնպիսի թերություններ, որոնց խորհրդատու- շտկողները այս պահին զբաղված են Ամիրխանյանի, միության, անվանափոխման հարցերով` ուժ կամ համարձակություն չունենալով հատակի փշրանքները մաքրելու փոխարեն հեռացնել Կոնսերվատորիայի առաստաղի մեծ սարդոստայնները:

Ինչպե՞ս ստացվեց, որ նամակը ստորագրած երաժշիտների մոտ երեսուն տոկոսը անբարբառ կերպով հեռացել է երկրից, ամենայն հավանականությամբ արդարացի պատճառներով, եւ այս ընթացքում որեւէ կերպ չի արձագանքնել երաժշտական կարեւոր իրադարձություններին, չի ինտեգրվել բարդություններին, որոնց բախվում է այստեղ ապրող երաժիշտը, սակայն հեռավորության վրա, առանց հաշվի առնելու հարցադրման կարեւորությունն ու նշանակությունը, ստորագրում  է մի փաստաթուղթ, որի պահանջը ժամանակավրեպ է եւ անկարեւոր:

Երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը, անդրադառնալով այս թեմային, գրում է.

«Ամեն տարի տեղի ունեցող դասարանական համերգ հիշեցնող կամ, ավելի ճիշտ է ասել, փորձ հիշեցնող համերգ, որին կոմպոզիտոներին հրավիրում են իրենց ստեղծագործությունների կատարման ժամին, որպեսզի չձանձրանան մյուսների գրված ստեղծագործությունները լսելուց»:

Այո, հարգելի Սերգեյ Ումրոյան, որպեսզի չձանձրանան, որովհետեւ այսօր նորարարական երաժշտական տենդենցները, շուկան, ժառանգությունը, կրթությունը եւ օժտվածությունը տալիս են մեծ հնարավորություն երիտասարդ կոմպոզիտորին որակյալ երաժշտություն ստեղծելու եւ ոչ թե զբաղվելու տարատեսակ վարչարարական աշխատանքներով:

Այո, այսօր մենք ավելի ուրիշ, լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք ողջ աշխարհում դիտարկման եւ քննարկման են դրված:Այսօր մեր կոմպոզիտորներն ունեն ինտենսիվ կրթություն ստանալու պակաս, հովանավորչության խնդիրներ, սեփական կոմպոզիտորական աշխարհայացքի ձեւավորման պրոբլեմներ, որոնք ամենեւին էլ կապ չունեն ոչ Ամիրխանյան անձի, ոչ էլ այսօր գործառությունից գրեթե դուրս միության հետ:

Հուլիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահը վստահվեց ինձ եւ իմ երաժիշտ ընկերներին` ներկայացնելու իմ նոր երաժշտական պոեմը եւ Ստրավինսկու «Գարուն Սրբազանը»:Ու՞ր էիք Դուք, եւ երաժշտությամբ հետաքրքվող իմ մնացած կոլեգաները, որոնք այսօր խոսում են «փորձեր հիշեցնող» համերգների մասին եւ ժամանակ չունեն լսելու իրենց ժամանակակցի ստեղծագործությունը`ներկա չգտնվելով համերգին:

Նորից եմ կրկնում ավելի հստակ լինելու համար, որ իմ բարձրացրած խնդիրները չեն նսեմացնում վերոնշյալ նամակի պահանջները, այլ վերջիններիս կարեւորությունը դուրս է մղում կամ հեռացնում է այս հարցը հրատապների շարքից:

Գերհագեցած կոմերցիոն աշխարհն այսօր գործ ունի մեկ գրողի, մեկ կոմպոզիտորի, մեկ երաժիշտի հետ:Նրան չի հետաքրքրում կոմպոզիտորի տիտղոսը, իր երկրում ունեցած վաստակն ու կոչումները, նրան հետաքրքրում է հիմնական պրոդուկտը` երաժշտությունը, արվեստի նմուշը, որն, ավաղ, գրեթե չի քննարկվում մեր լոկալ կոմպոզիտորական հանրույթում:

Ուզում եմ նաեւ հասկանալ նամակի տրամաբանությունը, որովհետեւայն այդպես էլ չի տալիս լուծում, չի անվանում որեւէ մեկին, ով պատրաստ է ղեկավարել մի կառույց, որը ժամանակի մեջ արդեն մեռել է:

Մենք հարության տո՞նի ենք պատրաստվում:

Հ.Գ. նման արձագանքները ես, որպես երիտասարդ կոմպոզիտոր, որն ունի լայն շփումների շրջանակ միջազգային ասպարեզում եւ բազմաթիվ մրցանակներ, իմ կողմից եւս ժամանակավրեպ եւ ոչ օգտակար եմ համարում:Ինձ թույլ եմ տալիս նման շռայլություն միայն այն ժամանակ, երբ դադար եմ առնում ստեղծագործելու ընթացքում:

Գուցե ժամանա՞կն է ավելի լուրջ եւ մասնագիտորեն վերաբերել կոմպոզիտորի առաջ ծանրացած խնդիրներին եւ նորից չվերցնել խորհդային բրիչն ու քլնգել ժայռը, որի տակ այլեւս ոչ մի օգտակար ապար չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter