HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ծառայություն՝ բաժանորդի նյարդերի հաշվին

Արդեն մեկ տարի օգտվում եմ «Յուքոմ» ընկերության կաբելային հեռուստատեսության ծառայությունից: Սակայն այս ընթացքում բազմիցս հասցրել եմ քայքայել նյարդերս: Այս մեկ տարվա մեջ չի եղել մի ամիս, որի ընթացքում գոնե 2-3 անգամ կապը չխափանվի: Եվ դա միշտ տեղի է ունենում գիշերվա ժամը 12-ի սահմաններում:

Վերջին նման դեպքը եղավ անցած կիրակի: Սակայն եթե նախկինում խափանումից հետո կապ չէր լինում մոտ կես ժամ, ապա այս դեպքում այն տեւեց նվազագույնը 2 ժամ: Ասում եմ նվազագույնը, որովհետեւ գիշերվա 2-ի դրությամբ գոնե կապ չկար, ինչից հետո, այլեւս սպասելու ցանկություն չունենալով, քնեցի: Սակայն մինչ այդ, ինչպես սովորաբար անում եմ, զանգեցի ընկերության 060 444-444 հերթապահ համարով: Ի զարմանս ինձ՝ այս անգամ խոսափողը վերցրին, ինչը հաճախ չի լինում: Օպերատորը՝ ոմն Նիկոլայ, բողոքս լսելուց հետո ասաց, թե «այս պահին տեխնիկական աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ»: Ընկերոջը հայտնեցի, որ արդեն հոգնել եմ նրանց միանման պատասխաններից ու պարբերական խափանումներից: «Կարող եք դիմել սպասարկման մոտակա բաժին»,- եղավ պատասխանը, ինչն ավելի զայրացրեց ինձ: Կարծես թե իրենք չեն մեղավորը, որ բաժանորդը, ով պարտաճանաչորեն վճարումներ է կատարում, ամեն ամիս ստիպված է լինում նյարդեր փչացնել իրենց անորակ ծառայության պատճառով:

«Յուքոմի» մի շարք բաժանորդներից նույնպես լսել եմ, որ ժամը 12-ի խափանումները իրենց համար էլ են սովորական: Ու հետաքրքիր է, որ այս մեկ տարվա ընթացքում կոնկրետ ինքս ոչ մի առաջընթաց չեմ նկատել, եւ խափանումները նույն կերպով շարունակվում են:

Ձեռքիս տակ կա 4 փաստաթուղթ, որոնցով կարգավորվում են իմ եւ «Յուքոմի» հարաբերությունները: Դրանք են՝ «Էլեկտրոնային հաղորդակցության եւ հարակից ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ եւ պայմաններ» փաստաթուղթը, հեռուստաալիքների ցանկ-հավելվածը, բաժանորդի դիմումը եւ սարքի (մոդեմ) ընդունման-հանձնման ակտը: Դրանցից երկկողմանի ստորագրված է միայն սարքի վերաբերյալ ակտը, հավելվածը եւ դիմումը ստորագրել է բաժանորդ հանդես եկած հայրս, իսկ ընդհանուր պայմանները, որոնք ամենակարեւորն են, ընդհանրապես անստորագիր են, ինչին այսքան ժամանակ սխալմամբ ուշադրություն չեմ դարձրել:

Սարքի հանձնման-ընդունման ակտի մեջ գրված է, որ այն բաժանորդային պայմանագրի անբաժանելի մասն է, սակայն ամբողջ հարցն այն է, որ պայմանագիր որպես այդպիսին գոյություն չունի: Եվ ահա թե ինչու: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի՝ այս բաժանորդային պայմանագիրը իրենից ներկայացնում է գրավոր, երկկողմ, հրապարակային գործարք (ՔՕ հոդվածներ 296, 442): 296 հոդվածը հստակ սահմանում է. «Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը եւ ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից»: «Յուքոմի» կողմից ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության եւ հարակից ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ եւ պայմաններ» փաստաթուղթը պարունակում է պայմանագրի բոլոր դրույթները, սակայն այն ստորագրված չէ, ինչը օրենքի պահանջ է:

Ստացվում է, որ «Յուքոմը» ծառայություն է մատուցում առանց պատշաճ պայմանագրի, որի մեջ հստակ պարտավորություններ է ստանձնել: Մասնավորապես, պայմաններից մեկը հետեւյալն է. «Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, բաժանորդը սույնով ընդունում է, որ ծառայությունների մատուցումը եւ դրանց որակը կախված է ոչ միայն օպերատորից, այլ նաեւ օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում՝ այլ օպերատորների ցանցերի աշխատանքներից»:

Անկախ ամեն ինչից՝ ես օպերատորին պարտաճանաչ կերպով ամսական վճարումներ եմ կատարում: Մենք պարտավորության կողմեր ենք (ՔՕ հոդվածներ 345, 346): Որպես մյուս կողմ՝ նա էլ պարտավորվում է անխափան ծառայություն մատուցել: Սակայն ամսական պարբերական խափանումները չեն կարող տեղավորվել այս պայմանների եւ պարտավորությունների համատեքստում. «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը» (ՔՕ հոդված 408):Հետեւաբար ես կարող եմ մյուս կողմից հատուցում պահանջել. «Պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները» (ՔՕ հոդված 409):

«Յուքոմից» օգտվող բոլոր այն բաժանորդները, որոնք նման խնդիր ունեն, միանգամայն կարող են իրենց իրավունքները պաշտպանել դատարանում: 

Հ.Գ. Պարզաբանումների համար ընկերության 060 444-444 հեռախոսահամարին զանգահարելու մեր բոլոր փորձերը անհաջող էին, քանի որ համարն ուղղակի անհասանելի էր: 

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Ես էլ եմ այդ ծառայությունից օգտվում, բայց, ինչ ասեմ , թո բողոքի պատճառները ինձ մոտ չկան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter