HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ գյուղում ընդամենը 3 ընտանիք է ապրում

Վայոց ձորի Կապույտ և Սերս գյուղերի ցուցանակը աշխուժության առաջացրեց ավտոբուսում: Քիչ հետո ավտոբուսը կանգ առավ, ոմանք լուսանկարեցին ցուցանակը: Ցուցանակից հետո ճանապարհի «տրամադրությունը», կարծես, փոխվեց: Նեղլիկ արահետը տանում էր դեպի Կապույտ: Արահետի ձախ հատվածում ցորենագույն տարածություններն էին, որոնք ձուլվում էին հեռվում եզրագծվող կապույտ լեռներին: Ավտոբուսը հետուառաջ էր գնում: Ճանապարհը նման մեքենաների համար չէր, վարորդը, սակայն, չէր համաձայնում, հուսադրում էր  իր փորձառությամբ: Արևը տաքացնում էր ավտոբուսի ապակին, որի կեղտոտ մակերեսին գծագրվում էին  լեռները:

Գյուղի աղբյուրի մոտ ավտոբուսը կանգ առավ, մարդիկ իջան: Աղբյուրից քիչ հեռու գտնվող ցանկապատից սագերի ընտանիքն էր անցնում: Մարդիկ սկսեցին փնտրել գյուղի գոնե մի բնակչի՝ իմանալու, թե գյուղի որ հատվածում են գտնվում խաչքարերը: Քիչ հետո եկավ Գևորգը: Նա նախ զարմացավ, որ իրենց գյուղ հյուրեր էին եկել, որովհետև գյուղն այնքան հեռու է մայրաքաղաքից:  Գյուղ եկած  հյուրերն էլ,  ըստ նրա, գալիս են 13-րդ դարից պահպանված  խաչքարերը նայելու: Գևորգն իր որդու հետ մեզ ուղեկցեց դեպի այդ խաչքարերը: Ճանապարհին սկսեցինք զրուցել:

«Անտերություն ա: Ոչ մեկը չի գալիս մի հատ հարցնի՝ էստեղ մարդ ապրո՞ւմ ա: Սահմանամերձ գյուղերին օգնում են, բայց մենք ոչ մի բան չենք տեսնում: Մեր գյուղը սահմանակից ա Նախիջևանին, բայց ոչ մի բանով չեն օգնում: Յաբախտի ապրում ենք»,- ասաց Գևորգը:

Կապույտում, ըստ Գևորգի, ձմռանը բնակվում է 3 ընտանիք, իսկ ամռանը՝ հանգստանալու, ոմանք էլ անասնապահության նպատակով գալիս են գյուղ: Գյուղը ներառվում է հարևան Գոմք գյուղական համայնքի կազմում, հետևաբար, երկու գյուղն ունեն մեկ գյուղապետ: «Ոչ գազ ունենք, ոչ ջուր ունենք, ոչ դպրոց ունենք, ոչ խանութ ունենք, ոչ  բուժկետ ունենք, ոչ մի բան չունենք»,- մասրենու թփերին նայելով՝ պատմում էր գյուղի բնակիչը, որը  ատամի ցավից բողոքելով՝  պատասխանում էր մեր հարցերին: Գևորգի ասելով՝ ատամը բուժելու նպատակով պետք է հասնի Վայք, բայց դրա համար ո՛չ տրանսպորտի, ո՛չ էլ ատամնաբույժին վճարելու գումար չունի: Դրա համար էլ, ըստ նրա, պետք է տանջվի, հարմարվի ցավին: «Ես ոչ մի բան չեմ սպասում կառավարությունից, որովհետև 20 տարի ա՝  էստեղ բնակվում եմ, վիճակը դեպի վատն ա գնում: Փոխարենը դեպի լավը գնա, դեպի վատն ա գնում: Գյուղից էնքան են գնացել, որ մնացել ենք երեք ընտանիք, երևի էդ ընտանիքներն էլ գնան, գյուղը քանդվի: Դե մարդիկ տեսան, որ ոչ  մի բան չեն անում, գնացին Ռուսաստան… արտագաղթեցին»,- նշեց նա, ում խոսքով՝ վերջին անգամ իշխանություններն իրենց հիշել են ընտրություններից առաջ՝ լավ ապագայի խոստումների տեսքով:

Խորհրդային Միության տարիներին Կապույտ գյուղում ադրբեջանցիներ էին ապրում, ովքեր իրենց տները կառուցել են խաչքարերը ջարդելով: Բայց դրանից առաջ, ըստ Գևորգի, գյուղը բացառապես հայաբնակ էր:

Գևորգն ունի երկու անչափահաս երեխա: Գյուղում ընդհանուր հաշվով կա երեք երեխա: Երեխաները գնում են Գոմքի դպրոց: Կապույտից  մինչև Գոմք, ըստ նրա, 2-3 կմ է: Երեխաներին դպրոց է հասցնում մեքենան, որը, սակայն, նախորդ ձմռանը հանձն չէր առել այդ աշխատանքը, քանի որ  ճանապարհները սառցակալել էին; Հետևաբար, երեխաները ամբողջ ձմռանը չեն գնացել դպրոց:

Ձմռանը  գյուղում փակվում են ճանապարհները, աղբյուրը սառչում է, և բնակիչները ստիպված են ձյան հալոցքով ջուր ստանալ:

«Ձմռանը եթե ճանապարհ չի լինում, որ ձորից ջուր բերենք, ձյուն ենք հալեցնում, ձյան ջրով ենք յոլա գնում: Գայլերի ոհմակը լցվում ա գյուղը: Դե, գյուղում որ բնակիչ չկա, ոնց որ գազանանոց դառնա: Շատ-շատ-շատ դժվար ա: Երբ արևը մայր ա մտնում, գայլերը լցվում են գյուղը: Լինում ա, որ առավոտյան դուրս եմ գալիս, հայաթում լրիվ գայլերի հետքեր են»,- պատմում էր Գևորգը, ում խոսքերին ուշադիր հետևում էր նրա որդին՝ Հայկը: Գևորգի փոխանցմամբ՝ ձմռանն անհնարին է լինում երեկոյան ժամը վեցից հետո փողոց դուրս գալը, քանի որ բակը լցվում է գայլերով:

«Եթե սահմանի գյուղին ուշադրություն չեն դարձնում, ուրեմն, ամեն ինչ վերջացած ա: Գյուղացին էլ կզզվի, կթողնի, կգնա»,- նշեց Կապույտի բնակիչը:Քիչ հետո մենք Գևորգի հետ գնացինք նրա տուն:

Տան բակում նրա կինը՝ Ռուզաննան, ճաշ էր եփում կրակի վրա, երեխաները խաղում էին: Հետո բոլորը  հավաքվեցին տանը:

Տան դողդոջուն աստիճանների պես էր փոքրիկ պատշգամբի հատակը: Հատակի փայտերն իրարից հեռացել էին, բայց տնեցիները հարմարվել են նաև այդ ամենօրյա տեղաշարժին: Ու թվում է՝  այս մարդկանց կյանքում տեղաշարժ ասվածը միայն այս ձևով է... «Երազում ենք գնանք մեր գյուղից: Ախր, անհետաքրքիր ա էստեղ, ոչ մի երեխա չկա: Երեք հոգով էլ խաղերը հետաքրքիր չեն»,- պատմում էին երեխաները:

Երբ հետաքրքրվեցի Գևորգից, թե հնարավոր է՝  տեղափոխվեն գյուղից, փոքր-ինչ լռելուց հետո ասաց. «Եթե ամեն ինչ էսպես շարունակվի, հնարավոր է... Բայց գյուղն ա անտեր մնում, գյուղը: Սահման ա...»:

Արևն արդեն մայր էր մտել, երբ հրաժեշտ տվեցի Գևորգի ընտանիքին: Իրիկնամուտի կապույտը, ասես, լցվել էր գյուղ... Իսկ հեռվում լսելի էին գազանների ձայները...

«Ձմեռը մոտ է, քիչ-քիչ կիջնեն մեր գյուղ»,- ճանապարհին  բացատրում էր Գևորգը՝ հետո կեսկատակ-կեսլուրջ ավելացնելով՝ «Մեր գյուղում բնակիչները դարձել են գազանները»:

Հ.Գ. ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ տեղեկանքի համաձայն՝ Հայաստանում  մինչև 100 բնակիչ ունեցող գյուղերի թիվը հասնում է 110-ի, որոնցից 27 գյուղ բոլորովին բնակիչ չունի: 11 գյուղերում կա 1-ից 10 բնակիչ:

Մեկնաբանություններ (1)

henri
ինչ նախագահՙՙՙ ինչ կառավարութիւն--- Սոված գիւղեր են ,կողոպտելու բան չկայ - - -

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter