HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցկեղով հիվանդների համար դեղորայք ձեռք բերելու նպատակով երկար ճանապարհ պետք է գնալ

Կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդ, անհուսալի վիճակում հայտնված Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Անժելա Ավագյանին բժշկի կողմից նշանակված հոգեմետ տրամադոլ և ապաուրին դեղերը անվճար չեն տրամադրվում ոչ Ախթալայի առողջության կենտրոնի և ոչ էլ Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից:

Անժելան ապրում է մոր հետ, որը նույնպես ծանր հիվանդ է: Նրանք իրենց գոյությունը պահում են մոր 20 հազար և Անժելայի 15 հազար դրամ թոշակով: Հոգեմետ դեղերը ստանալու համար Ախթալայի առողջության կենտրոնի տնօրեն, բժիշկ Կարեն Ազարյանը շաբաթվա ընթացքում երկու անգամ դեղատոմս է գրում հիվանդի անունով: Վերջինիս միակ խնամողը` քույրը, չեղած տեղից ավելորդ ճանապարհածախս անելով, դեղատոմսի վրա Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետի վարիչ, բժիշկ Միքայելյանի ստորագրության համար մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ Ախթալայից գնում է Ալավերդի, այնտեղից էլ՝ Վանաձոր կամ Նոյեմբերյան` դեղերը գնելու համար:

Ախթալայի առողջության կենտրոնի տնօրեն Կարեն Ազարյանը «Հետքին» հայտնեց, որ անվճար հոգեմետ դեղեր քաղցկեղով ծանր հիվանդին պարտավոր է տրամադրել Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետը, որը, սակայն չի տրամադրում: Բժիշկ Ազարյանը նաև հայտնեց, որ Ալավերդու դեղատներից ոչ մեկը չունի հոգեմետ դեղեր վաճառելու լիցենզիա, որի պատճառով էլ Անժելայի քույրը ստիպված դրանք գնում է Նոյեմբերյանից կամ Վանաձորից: Անժելային անվճար հոգեմետ դեղեր չտրամադրելու մասին «Հետքը» խնդրեց «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի մեկնաբանությունը:

«Ալավերդի քաղաքի և Թումանյանի տարածաշրջանի բոլոր համայնքների քաղցկեղով ծանր հիվանդներին անհրաժեշտության դեպքում մենք անխտիր պարտավոր ենք տրամադրել ցավազրկող նարկոտիկներ: Սակայն հոգեմետ դեղեր սպասարկում ենք Ալավերդու և
մեր տարածաշրջանի բուժակ մանկաբարձական կետեր ունեցող համայնքերի քաղցկեղով հիվանդներին: Ախթալա համայնքի բնակիչ Անժելա Ավագյանին անվճար հոգեմետ դեղեր պարտավոր է տալ Ախթալայի առողջության կենտրոնը: Դրա համար կենտրոնի տնօրինությունը պետք է ձեռք բերի հոգեմետ դեղեր տրամադրելու լիցենզիա»,- ասաց Ստեփան Մոսինյանը: Կրկին խնդրեցինք բժիշկ Կարեն Ազարյանի բացատրությունը: «Մենք ֆինանսական այդ հնարավորությունները չունենք՝ հոգեմետ դեղերի լիցենզիան ձեռք բերելու համար: Ես չեմ էլ պատրաստվում ձեռք բերել այդ լիցենզիան, որովհետև չունենք նաև դրանց պահպանելու հնարավորություն: Տարածաշրջանում կա մեկ ՕՆԿՕ կաբինետ, որը պարտավոր է հոգեմետ դեղերով սպասարկել բոլոր համայնքների՝ չարորակ ուռուցքով ծանր վիճակում գտնվող հիվանդներին»,- ասաց Կարեն Ազարյանը:

Շնողի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Հերմինե Առաքելյանից էլ տեղեկացանք, որ ամբուլատորիան, որ սպասարկում է Շնող և Թեղուտ գյուղերի ազգաբնակչությանը և չի ենթարկվում Ալավերդու բժշկական կենտրոնին, նույնպես չունի հոգեմետ դեղերի բաշխման լիցենզիա: «Քաղցկեղով մեր հիվանդներին նարկոտիկներ և հոգեմետ դեղեր նշանակում և տրամադրում է Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետը»,- ասաց Հերմինե Առաքելյանը:

Պարզվեց Ալավերդու դեղատների սեփականատերերը նույնպես ամեն կերպ խուսափում են ծանր հիվանդներին հոգեմետ և նարկոտիկ ցավազրկող դեղերի վաճառելուց` կապված վաճառքի լիցենզիա ձեռք բերելու, դրանց պահպանության անվտանգության լրացուցիչ ծախսերի և իրավապահների պարբերական ստուգումների պատճառով: Դեղատների սեփականատերերի մի մասը այն կարծիքը հայտնեց, որ հոգեմետ և նարկոտիկ ցավազրկող դեղորայք ամբողջ տարածաշրջանի՝ քաղցկեղով, այդ թվում և՝ այլ ծանր հիվանդներին անվճար պետք է տրամադրի այն դեղատունը, որը կատարում է պետպատվերով բնակչության անվճար դեղորայքի բաշխումը: Նրանք հայտնեցին, որ Ալավերդիում դա կատարում է «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի սեփական դեղատունը:

Անժելա Ավագյանին բժշկի կողմից նշանակված հոգեմետ տրամադոլ և ապաուրին դեղերը առողջապահական հիմնարկների կողմից անվճար չտարամադրելու մասին հայտնեցինք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը խոստացավ մինչ իր կողմից խնդրին ծանոթանալն ու կարգավորելը Անժելա Ավագյանին ֆինասական օգնություն տրամադրել` պահանջված դեղորայքը գնելու համար: Իհարկե, սա խնդրի արմատական լուծումը չէր: Ալավերդիում և տարածաշրջանում Անժելայի դեպքը եզակի չէ: Քաղցկեղով հիվանդների հարազատների կողմից նարկոտիկ ցավազրկող և հոգեմետ դեղերի անվճար տրամադրման գործից դժգոհությունները միշտ էլ եղել և շարունակվում են: Սակայն Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից խնդիրը այդպես էլ արմատապես չի կանոնակարգվում: Հիշեցնենք, որ միայն Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետում հաշվառված են 600-ից ավելի չարորակ ուռուցքով հիվանդներ: 

Մեկնաբանություններ (2)

IrinaYour name
This is really a pitty. When someone is dying from cancer and they are in palliative care you need to treat their pain. Tramadol won't even touch the pain that cancer causes. You can't worry about the addiction of a drug, you need to keep them pain free and to die with dignity
Tlkatintsi
What a tragedy! Shame on the medical system. My prayers are with Anzhela.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter