HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Կամերայինը կաշխատի «open stage»-ի մեթոդով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոր մաեստրո ունի: Վահան Մարտիրոսյանը 2010 թ. սեպտեմբերից Caen սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է եւ գլխավոր դիրիժորը:

Երբ ստանձնեցիք ղեկավարի պաշտոնը, կամերային նվագախմբի վրա արդյո՞ք բացասական ազդեցություն թողել էր գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր բացակայությունը:

Նվագախումբը լավ վիճակում էր: Պարզապես մեկուկես տարի առանց գեղարվեստական ղեկավար աշխատելուց հետո միշտ մի հոգու ձեռք պակասում է: Բայց, միաժամանակ, լավն այն էր, որ շատ երկար իրենք աշխատել են գեղարվեստական ղեկավարի հետ, իրենց ամեն ինչը, ձայնը պահել են եւ այսքան ժամանակ աշխատել են հրավիրված դիրիժորների հետ, իսկ դա միաժամանակ շատ լավ է: Բայց եթե ռադիոյով լսեի այս նվագախմբին, չէի կարողանա արդեն ձայնով ասել` սա Հայաստանի կամերայինն է, որովհետեւ կորցրել էին մի բան, որ կարելի է ձեռք բերել միայն մեկ հոգու հետ աշխատելիս: Իսկ որակը պահել էին, որովհետեւ ամեն հրավիրված դիրիժորից իրենք ստացել էին այն, ինչը կարող էին եւ չստանալ իրենց գեղարվեստական ղեկավարից, որովհետեւ գեղարվեստական ղեկավարն ունի իր եւ լավ կողմերը, եւ թերությունները: Դրա համար ժամանակ առ ժամանակ շատ հետաքրքիր է ուրիշ դիրիժոր բերել:

Դուք հենց նման բան եք ուզում անել: Նկատի ունեմ Ձեր առաջարկած open stage-ի մեթոդով աշխատելը:

Այո: Open stage-ը շատ կարեւոր մի բան է եւ աշխարհում շատ տարածված, այսինքն` բոլոր մեծ նվագախմբերն աշխատում են open stage-ով: Բոլոր մեծ նվագախմբերում գեղարվեստական ղեկավարը անում է համերգների մոտ կեսը: Մնացած ժամանակ հրավիրում են ուրիշ դիրիժորներ, որ նվագախումբը սովորի: Դիրիժորական ժեստին է պետք սովորել, որովհետեւ գոյություն ունի մի լեզու, այսինքն`    դիրիժորի ժեստը լեզու է: Հիմա եթե ճապոնացու բերեմ կանգնեցնեմ իրենց դիմաց, առանց խոսելու, իր ձեռքով երաժիշտները պետք է կարողանան նվագել այն, ինչ ինքը պահանջում է: Եվ դրան պետք է սովորել պարզապես, որովհետեւ եթե իմ ժեստը պերսոնալ ժեստ է, ամեն մեկինն էլ պերսոնալ ժեստ է, բայց դրա մեջ կան որոշ համաչափ ժեստեր, որ պետք է իրենք սովորեն ճանաչել:

Փաստորեն, կարելի է ասել, որ կամերային նվագախումբն այսքան ժամանակ որոշ առումով հենց open stage-ի սկզբունքով էր աշխատում:

Այո: Նվագախումբը որոշ ժամանակ աշխատել է open stage-ի սկզբունքով: Եվ ճիշտն ասեմ` նվագախումբը հարստացել է դրանից: Պարզապես շատ երկար առանց մի հոգու` գեղարվեստական ղեկավարի լավ չէ աշխատել: Իրենց մենակությունը տեւել է մեկուկես տարի. նորմալ է, բայց ավելի երկար պետք չէր: Եթե ավելի երկար տեւեր, արդեն կարող էին ուրիշ խնդիրներ սկսվել:

Նվագախմբի ծրագրում ի՞նչ փոփոխություններ են լինելու:

Ծրագրում լինելու է հայ ժամանակակից երաժշտություն եւ աշխարհի երաժշտությունը` սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից: Շատ մեծ տեղ պետք է գրավեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես ուզում եմ Հայաստանի երաժշտական ֆոնդը մեծացնել: Այն բոլոր գործերը, որ մինչեւ այսօր չէին կատարվել, կփորձենք կատարել: Իհարկե, իմ ճաշակն էլ այդտեղ իր խոսքը կասի` ամեն մեկին հերթով չեմ կատարի, ըստ ընտրության, բայց այնպես կանեմ, որ երաժիշտների մեծ մասը ներկայացվի: Պետք է իմանալ, որ կոմպոզիտորներն առանց կատարողի` ոնց որ դաշնակահարն առանց դաշնամուրի: Գործերը պետք է հնչեն: Երաժիշտները, կոմպոզիտորներն աճում են, երբ իրենց գործերը լսում են: Դա շատ կարեւոր է: Միաժամանակ արտասահմանից փորձելու եմ բերել ինչքան հնարավոր է շատ երաժիշտ, մենակատար, դիրիժոր: Տեղացի դիրիժորների հետ եմ աշխատելու: Փորձելու ենք հերթով բոլորին հնարավորություն տալ ղեկավարել մեր կամերայինը: Առայժմ միակ դժվարությունը, որ աշխատանքի ընթացքում հանդիպել եմ, մեր ֆինանսական պայմաններն են, որոնք շատ սուղ են: Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որ երաժիշտների կյանքը բարելավենք:

Քանի որ երկար ժամանակ աշխատել եք արտերկրում, մասնավորապես` Ֆրանսիայում, եւ հիմա էլ շարունակում եք աշխատել, այնտեղ ֆինանսական խնդիրներն ի՞նչ ճանապարհով են լուծվում:

Ֆրանսիայում նվագախմբերի գործունեությունը 99%-ով ապահովում է պետությունը: Մի նվագախումբ կարող է երկրի մշակույթի նախարարությունից որոշ գումար ստանալ, որոշ գումար` դեպարտամենտից, որոշ գումար` մեկ այլ տեղից. այդպես ձեւավորվում է տարվա բյուջեն: Որոշ գումար կարող է ստանալ նաեւ հովանավորներից, բայց դա մեծամասամբ ծախսվում է հրավիրվող երաժիշտների վրա` հյուրանոց եւ այլն: Նվագախմբի ներքին գործունեությունն իրականացվում է պետական գումարներով:

Հիմա ինչպե՞ս եք շարունակելու աշխատել` եւ Ֆրանսիայում, եւ այստե՞ղ:

Այո, իհարկե, եւ Ֆրանսիայում, եւ Հայաստանում, եւ ոչ միայն, աշխարհի բոլոր կետերում, որովհետեւ Ճապոնիայից Ամերիկա ղեկավարում եմ: Այսպես պետք է լինի անընդհատ` ես գամ, մեկ շաբաթ, 10 օր նվագախմբի հետ աշխատեմ, վերադառնամ, եւ հետո իմ փոխարեն ուրիշն աշխատի: Եվ նվագախումբը պետք է այսպես աշխատի` ամեն խմբի կոնցերտմայստեր իր խմբի պատասխանատուն է: Կոնցերտմայստերներն ամեն մեկն իր խմբի հետ է աշխատում, հետո, երբ դնում ենք իրար հետ, համարյա դիրիժորին էլ աշխատանք չի մնում: Այդպես արեցինք, եւ շատ լավ ստացվեց:

Տարբեր երկրներում դիրիժորի աշխատանքի մեջ տարբերություններ կա՞ն:

Այստեղ մի տարբերություն կա: Հայաստանում դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը միայն երաժիշտ չէ: Այստեղ պետք է լինել մենեջեր եւ մտածել ամեն ինչի մասին: Ես, օրինակ, Կաննում որ աշխատում եմ, նույնիսկ չգիտեմ` երաժիշտներից ով ինչքան է ստանում եւ երբ է ստանում, ով է գումար տվողը, ամեն ինչ իր հունով ընթանում է: Իսկ այստեղ պետք է գրել, ուղարկել, հանդիպել: Երաժշտական աշխատանքը լրիվ նույնն է, բայց այստեղ ավելանում է մի ավելորդ աշխատանք: Այստեղ ավելի ինտիմ է ստացվում երաժիշտների հետ աշխատանքը, որովհետեւ նվագախմբում 25 հոգի են, եւ ինձանից ամենահեռու նստած երաժիշտը ընդամենը 5-6 մ հեռավորության վրա է: Սիմֆոնիկ նվագախմբում կարող է նստած լինել 20 մ հեռավորության վրա: Արդեն իմ ղեկավարությունն է փոխվում, խոսելս է փոխվում, ամեն ինչ փոխվում է: Ամեն մեկն ունի իր հարստությունները: Միշտ դիրիժորը եղել է մի կողմում, նվագախումբը` մյուս: Այսինքն` երկու հոգի են, ոնց որ զույգ լինեն` ամուսին եւ կին: Ինձ թվում է, որ երկուսն էլ շատ կարեւոր են` եւ սիմֆոնիկ, եւ կամերային նվագախմբեր ունենալ լիարժեք երջանիկ երաժիշտ լինելու համար:

Համաշխարհային կամերային երաժշտության ոլորտում ի՞նչ միտումներ կան այսօր:

Երաժշտությունը շարունակվում է: Այսօրվա անսամբլները հատկապես շատ են աշխատում ժամանակակից երաժշտության վրա, որովհետեւ հասկանում են, որ Մոցարտի ժամանակ Մոցարտն էր ժամանակակից: Բայց այսօր նա դարձել է դասական: Հիմա մենք աշխատում ենք ժամանակակիցների հետ, որովհետեւ գիտենք, որ հենց նրանց մեջ կլինի ապագա Մոցարտը, ում ստեղծագործությունները 300 տարի հետո կշարունակեն կատարել: Շատերը կարող է եւ վերանան, բայց նրանց մեջ կլինի մեկը, դրա համար պետք է կատարենք: Ու բացում ենք այդ ռեպերտուարը: Հիմա տենդենց կա դեպի բարոկկո վերադառնալ, այսինքն` այն երաժշտությունը, որ շատ երկար ժամանակ չի կատարվել, եւ կատարել այդ երաժշտությունը այնպես, ինչպես կատարվել է իրենց ժամանակ` բոլոր տրադիցիաները վերականգնել, ջութակները, որոնք, գիտենք, 1900-ականների սկզբից սկսած նույնիսկ լարերն են փոխվել, ամեն ինչ փոխվել է, հիմա փորձում են նորից գցել այդ հին ժամանակվա լարերը, որ տեսնեն` ինչ ձայն է ունեցել: Այդ ուղղությունները կան: Ֆրանսիայից ճանաչում եմ բարոկկո երաժշտության մեծ մասնագետների, որոնց մեկ-մեկ կբերեմ այստեղ, որ մեր նվագախմբին էլ ծանոթացնեն այսօրվա այդ տենդենցների հետ, միաժամանակ արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների կբերեմ, որ տեսնեն` ինչ է կատարվում երաժշտական արվեստում:

Մարդկանց մոտ կամերային դասական երաժշտությունն ընկալելու հետ կապված փոփոխություններ նկատո՞ւմ եք:

Այսօր կան երաժշտության տեսակներ, որ երիտասարդությանն ավելի են ձգում իրենց պարզությամբ, որովհետեւ, ցավոք, այսօր նույնիսկ աշխարհն է այդ ձեւով գնում. շատ մարդիկ արդեն գրիչով գրել էլ չգիտեն, որովհետեւ ձեռքի տակ համակարգիչ կա: Նույնն էլ երեւի երաժշտության մեջ է կատարվում, ցավոք: Բայց մի բանն է լավ, որ մեր հանդիսատեսը միշտ հստակ է, այսինքն` միշտ կան այս երաժշտության սիրահարներ: Եվ մեր դահլիճները միշտ լիքն են, որովհետեւ մարդու կյանքում գալիս է տարիք, որ մեկ էլ սկսում են հետաքրքրվել այն բաներով, որով երիտասարդ ժամանակ հետաքրքրվելու ժամանակ չեն ունեցել կամ հնարավորություն չեն ունեցել կամ իրենց պարզապես ոչ ոք ցույց չի տվել: Եթե այսօր հեռուստացույց միացնեք, դասական երաժշտություն այդքան էլ չեք լսի:

Երաժշտություն լսելն էլ պետք է կրթել այնպես, ինչպես սովորեցնում են գրել-կարդալ: Ֆրանսիայում նույնպե՞ս կա երիտասարդներին կրթելու այդ խնդիրը:

Կա: Փորձում ենք ամեն ինչ անել դրա համար: Օրինակ` Կաննի իմ նվագախմբով 4 համերգ ենք տալու երիտասարդների համար: Դպրոցներից ենք բերում դահլիճ, թույլ ենք տալիս, որ փորձերին մասնակցեն, երեխաներին բեմ ենք բարձրացնում: Եվ երբ երեխաները գալիս են մեր համերգներին, հետո ծնողներին խնդրում են, որ մեր իսկական համերգներին իրենց բերեն, ոչ թե երիտասարդական: Միշտ պետք է դեպի երիտասարդները գնալ եւ հասկացնել, որ պետք չէ վախենալ այս երաժշտությունից: Այս երաժշտությունը բարդ չէ, երաժշտությունը խոսում է բոլորի հետ: Երբ այդ նույն երաժշտությունը հնչում է ինչ-որ ֆիլմում կամ գովազդ են ստեղծում այդ երաժշտությամբ, բոլորի դուրը գալիս է, բայց չգիտեն, որ այդ երաժշտությունը գրել է ոմն Շուբերտ կամ Մոցարտ: Բոլորի դուրը կգա այդ գովազդը, բայց մտքներով էլ չի անցնի իմանալ` ում ստեղծագործությունն է դա, ինչու այդ գովազդը այդպիսի մեծ հաջողություն ունեցավ: Պետք է կրթել մարդկանց, որ իմանան, բացատրել, որ իրենք այդ երաժշտությունը սիրում են, թեկուզ դեռ չգիտեն դրա մասին:

Մարտի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նորանշանակ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ նվագախմբի առաջին համերգը: Այն նվիրված էր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին: Ծրագրում հնչեցին Մոցարտի, Մենդելսոնի եւ Միրզոյանի ստեղծագործությունները: Համերգից հետո դիրիժորը մեկնեց Ֆրանսիա, որտեղ մի քանի համերգներ տալուց հետո վերադառնալու է Հայաստան: Ավարտելով Փարիզի կոնսերվատորիան` Վ. Մարտիրոսյանը ստացել է դաշնամուրի եւ կամերային երաժշտության Առաջին մրցանակ եւ Կոնսերվատորիայի Բարձրագույն դիպլոմը` հնարավորություն ստանալով կատարելագործվել Ժակ Ռուվիեի ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել աշխարհի տասնյակից ավելի երկրների հեղինակավոր համերգասրահներում` լավագույն նվագախմբերի հետ, հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է միջազգային փառատոների` հանդես գալով այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Մ. Ռոստրոպովիչը եւ Ի. Գիթլիսը: Վ. Մարտիրոսյանի վերջին ձայնասկավառակներից մեկը` «Armenia»-ն, ստացել է «Le Monde de la Musique» ամսագրի 2007 թ. «Տարվա սկավառակ» կոչումը: 2005 թ. Վահան Մարտիրոսյանը Kurt Masur-ի կողմից հրավիրվել է Նյու Յորքում դիրիժորական սեմինարի, որտեղ ղեկավարել է Մանհեթն սքուլի նվագախումբը: Վ. Մարտիրոսյանը նաեւ «Մաեստրիա» կամերային նվագախմբի հիմնադիրն է, որի հետ նա հանդես է եկել Ֆրանսիայի ամենահեղինակավոր համերգասրահներում:

Վ. Մարտիրոսյանը պարբերաբար հանդես է գալիս որպես հրավիրված դիրիժոր` ղեկավարելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Ամալգամ» նվագախումբը, Կաննի նվագախումբը, Թուլոնի օպերայի նվագախումբը, Նովոսիբիրսկի կամերային նվագախումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter