HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում միանգամից նշվեց երկու տոն

Հուլիսի 17-ին ալավերդցիները նշեցին Ալավերդու օրը և հանքագործի ու մետալուրգի մասնագիտական տոնը: Առավոտյան, ի նշանավորումն տոների, Ալավերդու Ս.Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Միքայել Շաղոյանը պատարագ մատուցեց եկեղեցում:

Պատարագից հետո «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին Ալավերդիում և Թեղուտում հանքահումքային արտադրության զարգացմանը, պղնձաձուլական գործարանի տեխնոլոգիական հետագա վերազինմանն ու արտադրության ծավալների ընդլայնման հեռանկարներին և Ալավերդու զարգացման այլ խնդիրների:

Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում քաղաքապետարանի վերջին մեկ տարվա լավագույն հաջողությունը համարեց այն, որ քաղաքապետարանը վերջնականապես մարել է համայնքի բյուջեի նախորդ տարիների աշխատավարձի և սոցվճարների պարտքերը:

Քաղաքապետը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Ալավերդին ծերացող քաղաք է դառնում: «Եթե մի քաղաքում տնտեսական զարգացման հեռանկարներ են սպասվում, այդ քաղաքը չի կարող դասվել ծերացող քաղաքների շարքին»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Ըստ նրա՝ Ալավերդին եղել է, կա ու կլինի արդյունաբերական քաղաք: Արթուր Նալբանդյանը քաղաքի հետագա զարգացման խնդիրները կապում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ, որից հետո Ալավերդիում պղնձարտադրության ծավալները կմեծանան, կտեղադրվի ժամանակակից նոր ձուլող վառարան: «Այս դեպքում քաղաքապետարանը պետք է համագործակցի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հետ' քաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Տոնակատարության շրջանակներում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին Ալավերդու պղնձաձուլական գործարանի խորհրդային տարիների առաջավոր ու հանրահայտ 13 մետալուրգի դիմանկարներն ու քանդակները:

Քանդակների հերոսներին ընտրել է Խաչատուր Իսկանդարյանը: Նկարչին հոգեհարազատ ու նախընտրելի է եղել ձուլող Տելեմակ Մնացականյանի կերպարը, որի մասին էլ նա պատմեց. «Տելեմակն ինձ շատ դուր եկավ, և ես իսկույն պայմանավորվեցի, որ մի 4 օր հետո գա ինձ մոտ»:

Չորս օր հետո նկարիչը իր արվեստանոցի մոտ տեսնում է մի անծանոթ տղայի: «Տեսնեմ՝ սափրվել է, մազերը սարքել է, մետալուրգի գլխարկն էլ փոխել է: Ասի՝ տղա ջան, կգնաս, մի 5 օր հետո կգաս հենց այն տեսքով, որով աշխատում ես գործարանում»,- պատմեց նկարիչը:

Խաչատուր Իսկանդարյանը 13 դիմանկարի քանդակները ստեղծել է 20 օրում, քանդակներից 4-ը խորհրդային տարիներին ցուցադրվել է Մոսկվայում և Վիենայում: Դրանց մեջ ուշագրավ է եղել Տելեմակ Մնացականյանի քանդակը: Խաչատուր Իսկանդարյանն անցյալ տարի Ալավերդու պղնձաձուլական գործարանի 240-ամյակի տոնակատարությանը նվիրված շքանշան ստացավ Վալերի Մեջլումյանից:

Ցուցահանդեսին հաջորդեց հանդիսավոր մեկ այլ արարողություն մշակույթի կենտրոնի դահլիճում: Այստեղ էլ օրինակելի աշխատանքի համար «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրինությունը շնորհակալագրեր, պատվոգրեր և նվերներ հանձնեց մի խումբ մետալուրգների:

Երեկոյան Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում տեղի ունեցավ տոնական համերգ, որից առաջ ալավերդցիներին տոնի առթիվ շնորհավորեց քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Վալերի Մեջլումյանի մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը հրապարակեց «Բեյզ Մեթըլս» ընկերության որոշումը՝ աղբի ավտոմեքենա նվիրել Ալավերդու քաղաքապետարանին՝ քաղաքի օրվա առթիվ:

Տոնական համերգին ելույթ ունեցան Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, Ալավերդու և Երևանի երգի թատրոնի երգիչները: Համերգի վերջում մարզադաշտում տեղի ունեցավ հրավառություն:

Պղանձաձուլական արտադրամասի ձուլող բանվոր Գուրգեն Գրիգորյանը «Հետքին» ասաց, որ մետալուրգիական արտադրամասում աշխատում է արդեն 22 տարի, ունի 3 անձից կազմված ընտանիք, ամսական ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ, որից դժգոհ չէ: Գուրգենի խոսքերով՝ պղնձաձուլական գործարանի տնօրինությունը վտանգավոր տեղամասերում աշխատող բանվորներին տալիս է լրացուցիչ սնունդ՝ երշիկ, պանիր, հաց, մածուն:

Անդրադառնալով Ալավերդու շրջակա միջավայրում մետալուրգիական արտադրամասի մեծ քանակությամբ գազերի տարածմանը՝ Գուրգենն ասաց, որ հնարավոր է՝ քամին է տարածում այդ գազերը:

Գուրգեն Գրիգորյանի խոսքերով՝ անցած տարիներին պղինձ ձուլել են նույն վառարանում, վերջինիս արդիականացման համար փոփոխություններ չեն կատարվել, սակայն վառարանը 2 տարին մեկ անգամ կանգնեցվում է՝ վերանորոգման նպատակով: «Այս տարվա սեպտեմբերին վառարանի աշխատանքները դադարեցվելու են վերանորոգման նպատակով»,- ասաց ձուլող բանվորը:

Նա շնորհավորեց Ալավերդու և հանրապետության բոլոր հանքագործներին՝ նրանց մաղթելով առողջություն և երկար կյանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter