Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Peeping tom»-ը` անվերնագիր նկարաշարքի հիմքում



Ջորջ Գեւորգ Քասաբյանի այս շարքը դեռեւս անուն չունի: Մի քանի ժամ շարունակ մտածում եմ անվան մասին, ու այդ մտորումի մեջ ակնհայտ է դառնում, որ շարքը հենց ստեղծողի համար մի ինչ-որ ազդակի, ինչ-որ նոր իրականության, որը գուցե պայմանավորված է տարածական ազատության, սոցիալական պարտավորություններից այս պահին ունեցած անկախությամբ (մի քանի ամսով Ջորջը Կանադայից տեղափոխվել եւ ստեղծագործում էր Երեւանի իր արվեստանոցում), եւ այլ ներքին բախումների հետեւանք է:

Բնական եւ տրամաբանական է թվում այն, որ ինժեների, համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ, գիտության ոլորտում բազում փորձարկումներ կատարած նկարիչը տիրապետում է ներքին հաշվարկի հմտությանը, սակայն բոլոր տարիների աշխատանքները այս շարքի հետ համեմատության եզր չունեն:Այս շարքն ընդգրկում է 6 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրում պատկերված է մեկ ֆրագմենտ: Այս առանձնացումը կարող է վկայել այն, որ արվեստագետի կյանքում երկարատեւ զգացական վակուումը, որի էներգիան դրսեւորվել է գիտության ոլորտում, ընտանիքում, այժմ ավելի սուր զգացական բարձրության վրա է:

Այդ վակուումի առատ արտահոսքը թույլ է տվել, ընդամենը լույսը եւ ստվերը խաղարկելով, ստանալ այն բոլոր մտապատկերները, որոնք նկարչի համար բարդույթ չեն եղել, բայց դուրս են մնացել կենսական ժամանակագրությունից:

«Միշտ երազել եմ կնոջ մարմին նկարել, բայց քանի որ մինիմալիստ եմ եղել 1973 թվականից, չէի կարող անել դա, մինչեւ որ ծնվեց գաղափար միմիայն ֆրագմենտներով ներկայացնել կնոջ ամենագեղեցիկ եւ ազդեցիկ մասերը` կրկին ելնելով մինիմալի սկզբունքից»,-շարքի ստեղծման գաղափարի մասին պատմում է Ջորջը:

Մեծ կտավները (110 x 145, 100 x 145 սմ) ընդգրկում են մի ամբողջ սենյակ, ես նրանց կենտրոնում եմ, զննում եմ աջ ու ձախ. այնպիսի տպավորություն է, որ սեփական մարմնի ճանաչելի հատվածները նորովի են երեւում, դիտանկյունն ու էներգիան այլ են:

Այս շարքում մասնատվածություն չկա, չնայած որ ոչ  մի նկարում ամբողջական մարմին ներկայացված չէ, բայց յուրաքանչյուր ֆրագմենտի ճշգրիտ պատկերը եւ էներգետիկան թույլ են տալիս զգալու այն շարժումը, որը վերագրված է կանացի ճկունությանն ու գործողությանը, ապրումն ու մասնատվածությունը:

Նրանք, ովքեր չեն ճանաչում Գեւորգ Ջորջ Քասաբյանին, դժվարությամբ կարող են շարքին առանձնացում տալ եւ որակել: Անհրաժեշտ եմ համարում այդ պատճառով ներկայացնելու այն մեթոդը, որի միջոցով դիտողին որեւէ ցուցասրահում կերեւան նկարները:

Նրանց ներկայացնելու առանձնահատկությունը լինելու են սպիտակ սավանի մեծ կտորները, որոնք ծածկելու են նկարները: Դիտողը մեկ մետր հեռավորության վրա սկսելու է տեսնել նկարը`արդեն լուսավորված, իսկ երբ շատ մոտենա նկարին, լույսերը մարելու են, եւ կրկին ոչինչ չի երեւալու:

 «Peeping tom» (չափազանց հետաքրքրասեր մարդու) սինդրոմն է, որ Ջորջին հանգեցրել է այս մտքին: Ըստ նրա` սա հենց այն է, ինչ մարդը բանալու անցքից, պատուհանի հետեւից կարող է տեսնել եւ բավարարություն ստանալ`տուրք տալով իր սեքսուալ եւ մնացյալ հետաքրքրասիրություններին: Սա նաեւ միաժամանակյա վախն է՝ բացահայտելու այն, ինչ արդեն կա իր (դիտողի) մտապատկերում:Մեկնաբանության կարիք Ջորջը նույնպես չի զգում, նա մի քանի մետր հեռավորությունից դիտում է նկարները, ես հասկանում եմ, որ նյութի եւ իր մատուցման ձեւից գոհ է: Նա մեծ աշխատանքային սեղանի վրա յուրաքանչյուր նկարից հեռացնում է շրջանակը, որպեսզի տեղափոխի Կանադա:

Հ.Գ. Ջորջ Գեւորգ Քասաբյանի կենսագրական եւ ստեղծագործական մանրամասներն՝ այստեղwww.georgekassabian.am:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ