HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգային թիմի խաղացողներին արժանի փոխարինողներ չկան

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլի երիտասարդական հավաքականների երեկվա խաղը (1-2) հայ երկրպագուներին հիասթափեցրեց ավելի շատ, քան ամսի 10-ի Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը (1-4): Եթե Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբում Ֆրանսիան ակնհայտ առաջատար է եւ նրանից թեկուզ խոշոր հաշվով կրած պարտությունը կարող է ընկալվել, ի՞նչ ասել ղազախների հետ խաղի մասին, երբ թիմը պարտվում է իրենից մակարդակով ավելի ցածր թիմի, ավելին՝ ցույց չի տալիս մի խաղ, որը նրանից սպասում են բոլորը:

Ղազախստանում մեր հավաքականը մրցակցին հաղթել էր 1-0 հաշվով, բայց երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ մերոնք առանձնապես չեն տարբերվում ղազախներից իրենց մակարդակով, չնայած խումբը ձեւավորելու ժամանակ այսպիսի պատկեր էր. Ֆրանսիա, Բելառուս, Հայաստան, Իսլանդիա, Ղազախստան:

Ռաֆայել Նազարյանի (լուսանկարում) ղեկավարությամբ երիտասարադականը 2013 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում բավականին հաջող էր հանդես եկել, զբաղեցրել 2-րդ տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չէր կարողացել մտնել փլեյ-օֆ: Այն ժամանակ մեր մրցակցիներն էին Չեխիան, Չեռնոգորիան, Ուելսը, Անդորրան, բայց մեր թիմը պատվով հանդես եկավ: Իսկ այս անգա՞մ: Թիմը առաջին խաղում սեփական հարկի տակ 1-2 պարտվեց Իսլանդիային, որը, անկեղծ լինենք, զարմացնում է այս շրջափուլում հիանալի արդյունքներով, հետո մերոնք դժվարությամբ 1-0 հաշվով հաղթեցին ղազախներին նրանց դաշտում, այնուհետ Երեւանում իրար հետեւից պարտվեցին ֆրանսիացիներին ու միջինասիացիներին:

Նույն սինդրոմն է. ազգային հավաքականի նման երիտասարդներն էլ անհաջող են խաղում իրենց պատերի ներքո: Խնդիրը պետք է դիտարկել զուտ հոգեբանական ոլորտում. ֆուտբոլիստները «վառվում» են իրենց դաշտում հաղթելու ցանկությունից, սառնասիրտ չեն գործում, շտապում են, երբեմն ցայտնոտի մեջ ընկնում, ինչը միայն բացասական հետեւանքներ կարող է ունենալ: Նազարյանն էլ խաղից հետո խոստովանել է, որ մարզական հոգեբանի ներկայությունը շտաբում վատ չէր լինի: Մի՞թե այսքան ժամանակ դժվար էր մտածել եւ որոշում ընդունել դրա վերաբերյալ:

Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ երբ Նազարյանը աշխատում էր «Բանանցում», երիտասարդականի հիմնական մասը այդ թիմից էր, իսկ հիմա, երբ նա «Փյունիկի» գլխավոր մարզիչն է, մեկնարկային կազմում դաշտ է դուրս գալիս «Փյունիկի» 7-8 ֆուտբոլիստ: Ու ստացվում է, որ փյունկցիներից կազմված պաշտպանական գիծը երկու, ներողություն արտահայտության համար, հիմար գոլ է բաց թողնում:

Երկու խոսք դարպասապահ Գոռ Մանուկյանի մասին. Նազարյանն ասում է, թե հավասարազոր երկու դարպասապահ ունի՝ գանձասարցի Արսեն Բեգլարյանն ու փյունիկցի Մանուկյանը: Բայց փաստ է, որ առաջինն ավելի բարձրակարգ խաղացող է, ու ղազախների հետ խաղը ապացուցեց, որ Նազարյանի ընտրությունը հօգուտ Մանուկյանի սխալ էր: Հյուրերի խփած երկրորդ գոլն ամբողջությամբ Մանուկյանի «հաշվին» պետք է գրանցել: Դարպասապահն իրավունք չունի սխալ դիրք զբաղեցնել ստանդարտների ժամանակ, իսկ օդից եկած գնդակի համար պայքարում, ունենալով ձեռքով խաղալու հսկայական առավելություն, զիջել մրցակցին:

Այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականում կա մյուսներից առանձնացող 4 ֆուտբոլիստ. Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Աղվան Պապիկյանը, Սարգիս Ադամյանը: Հարոյանը վաղուց հաստատվել է նաեւ ազգայինում ու շուտով տարիքի պատճառով (նրա 21-ը լրացել է օգոստոսին) այլեւս չի լինի երիտասարդականում: Ընդ որում՝ նշվածներից միայն Հարոյանն է տեղական կադր, Արսենն ու Աղվանը ֆուտբոլային կրթություն ստացել են Ռուսաստանում, իսկ Ադամյանը՝ Գերմանիայում: Այդուհանդերձ, այս տղաները դեռ երկար պետք է աշխատեն՝ ազգային թիմում հաստատվելու համար: Մասնավորապես, նույն Պապիկյանը երիտասարդականի վերջին հանդիպումներում, ինչպես միշտ, աչքի ընկավ լավ տեխնիկայով, սակայն չկարողացավ իրացնել ղազախներին գոլ խփելու 100-տոկոսանոց հնարավորությունը, ինչը տասնյակ անգամ կարեւոր է, քան մի քանի հնարք ցուցադրելը:

Այս ամենն ազդանշան է մեր ֆուտբոլային գործիչների համար, քանզի մի քանի տարի հետո ազգային թիմի համար որակյալ կադրեր ունենալը խնդիր է լինելու, այնինչ երիտասարդականը կոչված է հենց այդ կադրերը պատրաստելուն: Մասնավորապես, Հենրիխին, Արասին, Յուրային արժանի փոխարինողներ կամ փոխարինողի թեկնածուներ այսօր չենք տեսնում: Իսկ եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ անց երանությամբ ենք հիշելու ազգային թիմի ներկայիս սերնդին:      

Լուսանկարը՝ sport.news.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter