HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան երեխաներին 4 մլն դրամի վնաս հասցրած տնօրենի քրեական գործի վարույթը կարճվել է

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի նամակը՝ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի կողմից 2007-2008 թթ. ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետևանքով ՊՈԱԿ-ին հասցված 4.093.165 դրամ էական վնաս պատճառելու մասին:

Պատգամավորը հարցնում է, թե արդյոք այս փաստը բավարար չէ՞ պաշտոնատար անձին պատժելու համար, կամ որքա՞ն պետք է լինի չարաշահված գումարի չափը, որ ՀՀ-ում պաշտոնատար անձը պատժվի:

Կից ներկայացվում է պատգամավորի նամակը:

«Հուլիսի 9-ի «Panorama» ինտերնետային կայքէջում հրապարակված «Եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում, պետք է պատժվի՞ՙ» հոդվածում բարձրացվել էր Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի կողմից 2007-2008 թթ. ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետևանքով ՊՈԱԿ-ին հասցված 4.093.165 դրամ էական վնաս պատճառելու մասին հարցը, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ այս խնդրով 2011թ. հունիսի 22-ին նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, և սույն թվականի հուլիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության պետական խորհրդական Ա. Թամազյանի ստորագրությամբ ստացել եմ պաշտոնական պատասխան, որում ասվում է, որ Ռ. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, որը կոչվում է պաշտոնական անփութություն: Այնուհետև նամակում ասվում է, որ 2010թ. հունիսի 15-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009թ. հունիսի 19-ի որոշմամբ:

Փաստորեն, իրավապահ մարմինն արձանագրել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի արդյունքում մանկատան երեխաներին հասցվել է 4.093.165 դրամ վնաս, ու այն վերականգնելու ոչ մի պարտավորություն չի դրվել «պաշտոնական անփութություն» դրսևորած տնօրենի վրա:

Կարելի է տարբեր վարկածներ փնտրել այն մասին, թե ինչպես նույն ժամանակահատվածում Գյումրու մեկ այլ մանկատան տնօրենի կողմից 1 մլն դրամ գումարի չարաշահման արդյունքում նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից, իսկ այս տնօրենի նկատմամբ գործը ոչ միայն կարճվել, այլև պետական բյուջեի 4 մլն դրամ մսխելը որակվել է որպես անփութություն, ու որևէ պատասխանատվության չենթարկվելով՝ այդ քաղաքացին շարունակում է մնալ տնօրեն: Սա մեր անօրեն ու անարդար իրականությունն է, նաև որի պատճառով երկրից արտագաղթում են մեր հայրենակիցները:

Հարգելի պարոն նախարար, լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում, ուրեմն պետք է պատժվի: Այնպես որ հասարակությունն սպասում է Ձեր համապատասխան քայլերին, որոնց մասին կտեղեկանամ 10-օրյա ժամկետում՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ կետի համաձայն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter