HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատվաբեր, բայց ցավալի ոչ-ոքի

Եթե Իտալիա-Հայաստան խաղից առաջ որեւէ մեկն ասեր, որ մեր թիմը 2-2 է խաղալու Եվրոպայի փոխչեմպիոնների հետ, բոլորս էլ երեւի գոհ կլինեինք: Սակայն Նեապոլում կայացած խաղից հետո շատերս ափսոսանք հայտնեցինք, քանզի այդ խաղում հաղթանակը հեռու չէր:

Խոստովանենք, որ աշխարհի 2014 թ. առաջնության ուղեգիր նվաճելուց հետո Իտալիայի թիմը խաղում է իր պատվի եւ հաճույքի համար: Դանիացիների ու մեզ հետ վերջին երկու խաղերում իտալացիները հայտնվել են պարտվողի դերում, սակայն երկու անգամ էլ կարողացել են 2-2 ավարտել հանդիպումները: Հատկապես սկանդինավների հետ խաղում Պրանդելիի սաները ավելացված ժամանակում էին փրկվել պարտությունից: Նեապոլում էլ իտալացիները խաղում էին սեփական հանդիսատեսի համար՝ առանց ավելորդ ջանքեր թափելու, սակայն, իհարկե, սխալ կլինի մտածել, թե նրանք չէին ուզում հաղթել: Իսկ ահա Հայաստանի խնդիրը այլ էր. մեր թիմին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր հաղթանակը, չնայած երկրորդ տեղի հարցը առաջին հերթին որոշվում էր Դանիա-Մալթա եւ Բուլղարիա-Չեխիա խաղերում:

Երկու կոպիտ սխալ՝ երկու գոլ

Մեր թիմի մեկնարկը նման էր Դանիա-Հայաստան խաղի սկզբին. հավաքականը առաջ նետվեց՝ արագ գոլ խփելու նպատակով: Եվ դա հաջողվեց. 5-րդ րոպեին Մխիթարյանը որսաց մրցակցին սխալի վրա, եւ գնդակը հայտնվեց Յուրայի մոտ, որն էլ, անցնելով Աստորիից, գնդակը մխրճեց Մարկետիի դարպասը՝ 0-1: Բնականաբար, իտալացիները պետք է ձգտեին դրական արդյունքի սեփական հարկի տակ վերջին խաղում՝ բարձր նոտայով ավարտելով ընտրական փուլը: Բայց ստացվեց այնպես, որ դաշտի տերերի օրինակին հետեւեց հենակետային Եդիգարյանը, որը, հարթ տեղում ինքն իրեն խճճեց գնդակի հետ «պայքարում», ու արդյունքում այն հայտնվեց մրցակցի մոտ. Ինսինյեի գրագետ փոխանցումը 24-րդ րոպեին եզրափակեց Ֆլորենցին: Այսպիսով՝ իտալացիների «նվերին» մերոնք պատասխանեցին նույնկերպ՝ 1-1: Ցավալի գոլ էր:

Հաշվի հավասարվելուց հետո իտալացիներն իրենց ավելի վստահ սկսեցին զգալ ու աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը եւ քիչ դրվագներում էին գնդակը զիջում մերոնց: Հայ ֆուտբոլիստներն էլ, գնդակը խլելով, հապաղում էին, փորձում առավելագույնս զգույշ գործել, ավելորդություններ թույլ չտալ, բայց ստացվում էր հակառակը. երբեմն այնքան թույլ կամ ակնհայտ փոխանցում էին կատարում, որ մրցակիցը «կարդում» էր ամեն ինչ ու տիրում գնդակին: Առջեւի գծում եղավ մեկ-երկու դրվագ, երբ եզրից կատարած փոխանցում-հարվածները եզրափակող չկար. նման մի դրվագում Յուրան հապաղեց, եւ գնդակը, ոչ մեկին չդիպչելով, դուրս եկավ ճակատային գծից:

Երկրորդ կեսում իտալացիների առավելությունն էլ ավելի շոշափելի դարձավ. փոխարինման դուրս եկած Բալոտելին ամեն կերպ փորձում էր ճեղքել հայերի պաշտպանության կենտրոնը: Աջ ու ձախ եզրերում մերոնք երբեմն չէին հասցնում փակել մրցակցի ճանապարհը, այդ պատճառով էլ ձախ եզրում Հայրապետյանը փոխարինվեց Հովհաննիսյանով: Աջ կիսապաշտպանական գոտում Արասի ճեղքումները չէին ստացվում, եւ նրան փոխարինեց բարձր արագություն ունեցող Սարկիսովը: Բայց մինչեւ այդ՝ 70-րդ րոպեին, Ղազարյանը հրաշալի փոխանցում կատարեց անկյունայինից, ու Մխիթարյանը աշխարհում լավագույններից մեկի համբավն ունեցող իտալացի պաշտպանների ու դարպասապահի հետ պայքարում հաղթող դուրս եկավ. նրա գլխի հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողից անդրադարձով հայտնվեց դարպասային գծից ներս. մրցավարն ամեն ինչ տեսավ՝ 1-2: Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց ազգային հավաքականում՝ խփելով իր 12-րդ գոլը: Մինչ այդ նա 11 գնդակով առաջին հորիզոնականը կիսում էր Արթուր Պետրոսյանի հետ:

Չնայած մերոնք փորձում էին պահել հաշիվն ու հակագրոհներով ավելացնել առավելությունը, ընդամենը 6 րոպե անց «հորանջեց» Արզումանյանը: 76-րդ րոպեին փոխանական ծածկելուՊիռլոյի՝ դեպի Բալոտելին ընթացող փոխանցումը, կենտրոնական պաշտպանը ձեռքը վեր բարձրացրեց՝ ցույց տալով, թե սեւամորթ հարձակվողը խաղից դուրս է, եւ Բալոտելին, միայնակ մնալով կենտրոնում, ինչպես ձուկը ջրում, ընդառաջ դուրս եկած Բերեզովսկուն ոչ մի հնարավորություն չթողեց: Այս խաղացողին կենտրոնում բաց թողնելը հավասար է գոլի, ինչն էլ ստացանք: Փաստորեն, երկու գոլ բաց թողեցինք կոպիտ սխալների արդյունքում: Իտալացիները համաձայն էին ոչ-ոքիի, իսկ մեր թիմը, որը վերջին րոպեներին հաղթել էր չեխերին ու բուլղարներին, ցանկանում էր երրորդ անգամ հերոսանալ: Մի դրվագում Հարոյանը գլխով չկարողացավ հաջող եզրափակել փոխանցումը, չնայած նրա առջեւ միայն դարպասապահն էր, որ դիտողի դերում էր:

Խաղն այդպես էլ ավարտվեց. պատվաբեր, սակայն ցավալի ոչ-ոքի:

Եթե Երեւանում հաղթեինք Մալթային...

Երկրորդ տեղի հարցը որոշվել էր Իտալիա-Հայաստան խաղի ավարտից կես ժամ առաջ. դանիացիները 6-0 հաշվով հաղթել էին մալթացիներին, իսկ նրանց հիմնական մրցակից բուլղարները սեփական հարկի տակ 0-1 պարտվել էին չեխերին: Դանիացիները մալթացիներին անխնա ջախջախեցին մի պատճառով. եթե զուգահեռաբար ընթացող խաղում բուլղարները հաղթեին, երկուսն էլ ունենալու էին 16-ական միավոր եւ, քանի որ իրար հետ երկու անգամ 1-1 էին խաղացել, պետք է հաշվի առնվեին գոլերը: Սակայն դանիացիների ջրաղացին ջուր լցրին չեխերը, որոնք հաղթեցին Պենեւի սաներին: Հետաքրքիր է, որ այդ 6 գոլը չէր օգնի սկանդինավներին, եթե բուլղարները հաղթեին թեկուզ մեկ գնդակի տարբերությամբ: Ընտրական փուլի B խմբի մրցաշարային ամփոփոիչ աղյուսակն ունի հետեւյալ տեսքը:

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գնդակներ

Միավոր

1.Իտալիա

10

6

4

0

19-9

22

2. Դանիա

10

4

4

2

17-12

16

3. Չեխիա

10

4

3

3

13-9

15

4. Բուլղարիա

10

3

4

3

14-9

13

5. Հայաստան

10

4

1

5

12-13

13

6.Մալթա

10

1

0

9

5-28

3

Հատկանշական է, որ վիճակահանության փուլում թիմերը հենց այսկերպ էին դասավորվել: Այսինքն՝ ամեն մեկը զբաղեցրեց այն տեղը, որ զամբյուղում որ կար վիճակահանության ժամանակ: Իսկ ամեն ինչ այլ կլիներ, եթե ժամանակին Երեւանում խոշոր հաշվով հաղթեինք Մալթային, որին պարտվեցինք 0-1: Այդ հաղթանակն ու շատ գոլերը այսօր մեզ թերեւս երկրորդ տեղը կպարգեւեին, քանի որ կունենայինք 16 միավոր եւ խփած ու բաց թողած գնդակների դրական մեծ տարբերություն (այդ դեպքում հարկ կլիներ համեմատել դանիացիների նույն ցուցանիշի հետ): Այստեղ են ասել՝ ֆուտբոլում մանրուքներ չկան. մրցակցի հետ այն ժամանակ «մեկ ոտքով» խաղալը չար կատակ խաղաց մեր թիմի համար: 

Երկրորդ տեղը մեզ ոչինչ չէր տա

Իսկ ի՞նչ կունենայինք՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Ոչինչ: Պարզաբանենք. Դանիան չանցավ փլեյ-օֆ փուլ, քանի որ չհայտնվեց 9 խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած այն լավագույն 8 թիմերի մեջ, որոնք պետք է խաղարկեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 4 բաղձալի ուղեգրերը:

Բրազիլիա կմեկնեն խմբերի հաղթողները՝ Բելգիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Բոսնիա-Հերցեգովինան, Անգլիան, Իսպանիան:

Եվրոպական երկրներից այս 9-ին կմիանան այն 4 թիմերը, որոնք կհաղթեն փլեյ-օֆ փուլի 8 թիմերի պայքարում, որը կլինի օլիմպիական սկզբունքով՝ զույգերով, երկուական խաղով: 8 թիմերն են՝ Հորվաթիա, Շվեդիա, Ռումինիա, Իսլանդիա, Պորտուգալիա, Հունաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Այս 8-ը երկրորդ տեղը զբաղեցրած այն թիմերն են, որոնք լավագույն արդյունք ունեն իրենց խմբերում 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ թիմերի հետ խաղերում: Մեր խմբի երկրորդը ճանաչված Դանիան այն միակն է, որը չկարողացավ մտնել ութնյակ, որովհետեւ վերը նշվածների համեմատ ավելի քիչ միավորներ է վաստակել: Նույն վիճակում կլինեինք մենք, եթե նույնիսկ ժամանակին տանը հաղթած լինեինք մալթացիներին: Այնպես որ շատ տխրելու առիթ չունենք: Գուցե կարող ենք մեզ լավ զգալ, որ դանիացիներին նրանց հարկի տակ հաղթեցինք 4-0 հաշվով, ինչը մեծ «ներդրում» եղավ Օլսենի սաներին այսօր տխրեցնելու գործում:      

Լուս.՝ AFP/Getty Images-ի (uefa.com)

Մեկնաբանություններ (1)

Ed
Arakayakan meknabanutyun. Shnorhkalutyun hodvadzi hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter