HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի փորձագետ. «Ընտրությունները չեն կարող համարվել ազատ ու դեմոկրատական»

Երեկ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը համացանցային մամուլի ասուլիս էր հրավիրել Ադրբեջանում Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի հետ: Նա պատասխանեց նաեւ «Հետքի» մի քանի հարցերի:

-Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները:

-Որպես Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար՝ ես կարող եմ հիմնվել Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ մեր կենտրոնի կողմից կատարված երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկման վրա: Երկարաժամկետ դիտարկումը ցույց է տվել, որ ընտրությունների անցկացման ժամանակ հավաքների ազատության, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների ազատ գործունեության ապահովման ուղղությամբ ոչ մի բարելավում չի եղել: Ընդհակառակը, 2013 թ. սկզբից քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների եւ հետապնդումների թիվը զգալիորեն աճել է: Ընտրական շրջանի սկզբնական փուլը՝ թեկնածուների առաջադրումն ու գրանցումը, ուղեկցվել է իշխանության որոշ կառույցների կողմից ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահմամբ: Որոշ դեպքերում ԶԼՄ-ներին, դիտորդներին եւ թեկնածուների ներկայացուցիչներին արգելել են մասնակցել հավաքված ստորագրությունների ստուգման գործընթացին: Ընտրությունների երկրորդ փուլում 2008 թ. նախագահական ընտրությունների համամետ դիտվում էր քաղաքական ընդհանուր ակտիվություն: Այդուհանդերձ, երկրում գործող  մասնավոր հեռուստաընկերություններից ոչ մեկը թեկնածուներին եւ նրանց ներկայացուցիչներին իրենց նախընտրական պլատֆորմները ներկայացնելու համար չի առաջարկել եթերային ժամանակ, ինչպես նաեւ չի կազմակերպել քաղաքական բանավեճեր արդիական թեմաներով:

Համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ միայն Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով էին կազմակերպվել թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ: Մեր կենտրոնն արձանագրել է մի քանի խախտումներ ընտրության օրը՝ ընտրատեղամասերի բացման ժամանակ: Այնուամենայնիվ, քվեարկության գործընթացի վրա ստվեր գցվեց լուրջ ընտրախախտումների պատճառով (կրկնակի քվեարկություն, զանգվածաբար ընտրողներին տեղամասեր տեղափոխելը, բազմաթիվ ընտրողների՝ ոչ իրենց տեղամասերում քվեարկելու հնարավորություն տալը եւ այլն): Մեր կենտրոնի դիտորդների ներկայացրած հաշվետվությունների համաձայն՝ ավելի քան 200 տեղամասերում քվեարկության արդյունքները վերջնական արձանագրությունում ճշգրիտ չեն արտացոլվել, եւ արձանագրությունների կրկնօրինակները չեն փակցվել տեղամասի առջեւ: Թեկնածուների ներկայացուցիչների նման դիտորդները, որոնք ձայների հաշվմանը հետեւելու համար նորմալ պայմաններ են պահանջել, տեղամասերի ղեկավարության կողմից նույնպես ենթարկվել են լուրջ ճնշումների: Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնը գտնում է, որ ընտրություններից առաջ քաղաքական իրավիճակը եւ բոլոր փուլերում արձանագրված խախտումները հանգեցրել են հավասար մրցակցության բացակայության, ինչի հետեւանքով հոտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները ստվերվել են Ադրբեջանի ազգային օրենսդրության եւ միջազգային չափանիշների խախտումներով եւ չեն կարող համարվել ազատ ու դեմոկրատական:    

-Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական շտաբը հայտնել էր զանգվածային ընտրախախտումների մասին: Ըստ նրա՝ կատարվել են ընտրալցոնումներ, իշխանությունները ընտրական տեղամասեր են տարել պետական հաստատություններից մեծ թվով աշխատակիցների: Եվ բացի դրանից՝ ընտրախախտումների դեպքերի մասին տեսանյութ հայտնվեց նաեւ սոցցանցերում: Ընտրախախտումների որեւէ դեպքի առթիվ դատական գործ հարուցվե՞լ է: Ի՞նչ ընթացք են ստացել ընդդիմադիր կոալիցիայի թեկնածուի կողմից արձանագրված ընտրախախտումները:

-ԿԸՀ-ն հոկտեմբերի 13-ին մերժեց ամսի 9-ի ընտրախախտումների վերաբերյալ Ջամիլ Հասանլիի բողոքն այն հիմնավորմամբ, որ դատարան են ներկայացվել ակտերի կրկնօրինակները, այլ ոչ թե բնօրինակները: Միեւնույն ժամանակ օրենքը չի պահանջում ակտերի քվեարկության արձանագրությունների հաստատված կրկնօրինակները: Կարծում եմ, որ Հասանլիի ընտրական շտաբը կարող է ներկայացնել ակտերի բնօրինակները եւ կրկին բողոք ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 16-ը: Բացի դրանից՝ կարելի է վերաքննիչ դատարանում բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը քվեարկության արդյունքների մասին, որոնք պետք է հաստատվեն մինչեւ ամսի 19-ը: Դրա համար ժամանակ կլինի, քանի որ Սահմանադրական դատարանը ընտրության օրվանից հետո 14 օրում պետք է հաստատի արդյունքները:    

-ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ-ի սենատոր Բենջամին Քարդինը Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ հանդես եկավ քննադատական հայտարարությամբ: Նա նշել էր, որ հիասթափեցնող է, որ Ադրբեջանը վատնել է ժողովրդավար առաջընթացին իր հանձնառությունը ցուցադրելու ևս մեկ հնարավորություն: Միջազգային դիտորդների ու գործիչների կողմից եղել են նաեւ այլ գնահատականներ: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նախագահի վարկանիշի վրա միջազգային ասպարեզում:

-Իհարկե, դա բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի կառավարության, ինչպես նաեւ Ալիեւի վարկանիշի վրա: Ակնհայտ է, որ նախագահության երրորդ ժամկետը հիմնական գործոն են լինելու դեմոկրատական անցման հասկացության եւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի իրավիճակի համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter