HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ- 3

Աշտարակ։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ։ Ատոմական օպտիկայի լաբորատորիա։ Արթուր Իշխանյան

Վերջին տարիներին Հայաստանում բավական բարձր է հնչում գիտնականների բողոքի ձայնն առ այն, որ գիտությունն անտեսված է, որ համարյա չկան միջին սերնդի գիտնականներ, որ երիտասարդները, չտեսնելով սեփական երկրում ապագա, լքում են երկիրը կամ թողնում գիտությունը: Այս անգամ զրուցակիցս Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ շարքից` ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանն է:

Մինչ զրույցը, ներկայացնելով պարոն Իշխանյանին, ասեմ, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շոշ գյուղում: Սովորել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում, որը Խորհրդային Միության առաջատար բուհն էր ֆիզիկայի ոլորտում, այդ ինստիտուտի շրջանավարտներից և դասախոսներից շատերը արժանացել են Նոբելյան մրցանակի։ Ուսանել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում:

Այժմ աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, շարունակում է գիտական հետազոտությունները նույն բնագավառներում: Դասավանդում և դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում։ Գիտական աշխատանք է կատարել ու դասախոսել աշխարհի շատ երկրների համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում, մասնավորապես` Ճապոնիայի Օկազակիի Մոլեկուլային հետազոտությունների ինստիտուտում, Ֆինլանդիայի Հելսինկիի և Տուրկուի համալսարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների տարբեր համալսարաններում: Հարյուրից ավել գիտական աշխատությունների հեղինակ է, ներգրավված է տարբեր միջազգային գիտական համագործակցությունների մեջ` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների գիտնականների մասնակցությամբ։

Հատկանշական է, որ պարոն Իշխանյանն ունի երեք որդի, որոնք բոլորն էլ այժմ ուսանում են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում ` շարունակելով հոր ճանապարհը, ընդ որում, ինչպես պարոն Իշխանյանը, որդիները ևս սովորում են գերազանց գնահատականներով:

Հարցերիս, թե որտեղի՞ց է գալիս սերը ճշգրիտ գիտությունների հանդեպ և արդյոք միայն գիտությա՞մբ է հետաքրքրվում, պարոն Իշխանյանը պատասխանեց, որ իր հայրն ու մայրը այդ բնագավառի ուսուցիչներ են եղել (համապատասխանաբար՝ մաթեմատիկայի  և քիմիայի), տանը միշտ եղել է ակնածանք գիտության հանդեպ։ Հետևաբար, նա բնական է համարում, որ ընտրել է այդ ոլորտը: Նման կերպ էլ որդիներն են այժմ բռնել նույն ուղին, ու դա, ինչպես ինքն է խոստովանում, իրեն մեծ ուրախություն է պատճառում: Բացի գիտությունը, մանկուց սիրել է նաև գրականություն, ընթերցանություն, պարոն Իշխանյանը նաև ստեղծագործում է: Հոբբիների թվում է նաև պոեզիան. նա ոչ միայն կարդում, այլև ասմունքում է` մայրենիով, ռուսերենով, անգլերենով, ռումիներենով։ Սիրում է երաժշտություն, սպորտ, երկար ժամանակ զբաղվել է ֆուտբոլով:

Մոսկվայում կրթություն ստանալուց և Հայաստան վերադառնալուց քիչ անց սկսվեց Ղարաբաղյան շարժումը, և նա երկար ժամանակ, և՛ պատերազմից առաջ, և՛ ընթացքում, զբաղվել է զենք-զինամթերքի մշակմամբ ու արտադրությամբ. «Միայն պատերազմի ավարտից հետո կարողացա լիովին նվիրվել գիտությանը, կատարեցի որոշ հետազոտություններ քվանտային ֆիզիկայի` այն ժամանակ նոր ձևավորվող նյութական ալիքների ատոմական օպտիկայի, նաև`  քվանտային օպտիկայի ու ոչ-գծային ֆիզիկայի, մասնավորապես, բոզե-էյնշտեյնյան խտուցքների (Bose-Einstein condensates) գեր-քիմիայի ոլորտներում»։

-Պարո՛ն Իշխանյան, ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրների է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում:

-Դուք շատ ցավոտ հարց եք տալիս: Երկու տարի առաջ տպագրվեց  ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը գիտության վերաբերյալ` անցած տասնամյակի կտրվածքով: 1990 թ.–ին մենք ունեցել ենք 30.000 գիտնական, ներկայում`4.000։ Գիտնականների միջին տարիքը մեր երկրում ամեն տարի աճում է մեկ տարով, և այսօր 62-63-ի է հասել: Մինչդեռ աշխարհում գիտնականների միջին տարիքը 40-45 է: Մի շարք այլ, կարևոր փաստեր էլ է ցույց տալիս այդ զեկույցը, և ընդհանուր առմամբ պատկերը բավական անհանգստացնող է: Փաստորեն, մենք այսօր շատ քիչ թվով երիտասարդ գիտնականներ ունենք։ Մեր երիտասարդները հրաշալի սովորում են, լավ ցուցանիշներ ձեռք բերում, բայց թեկնածուական ատենախոսության (Ph.D.) պաշտպանությունից հետո մեկնում են աշխարհի տարբեր համալսարաններ` աշխատանքի և այլևս չեն վերադառնում: Հիմնական պատճառն այստեղի ցածր վարձատրությունն է: Տարեցտարի էլ գործող գիտնականների թիվը պակասում է, ինչը նշանակում է, որ մի քանի տարի անց մենք այլևս գիտնական չենք ունենա:

-Որևէ քայլ արվո՞ւմ է՝ գիտությունը «փրկելու» ուղղությամբ:

-Վերջին տարիներին առաջ է քաշվել է մի նախաձեռնություն, որը կոչվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»: Սա ակտիվ ֆեյսբուքյան խումբ է, որի բազմաթիվ աջակիցներից մեկն եմ: Նախաձեռնությունը փորձում է հանրության և պետության ուշադրությունը հրավիրել գիտության կազմակերպման տարբեր խնդիրերի վրա: Պետության կողմից որոշ քայլեր արվում են իհարկե, բայց դրանք չափազանց քիչ են` գիտնականների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Երիտասարդ գիտնականների հիմնական պահանջները 2-ն են. ֆինանսավորման էական ավելացում և օրենսդրության մեջ փոփոխություններ, որոնց արդյունքում կլինի ֆինանսների հասցեական, արդարացի բաշխում:

Հարցիս, թե արդյոք ի՞նչ խորհուրդ կտա պարոն Իշխանյանն այն երիտասարդներին, ովքեր որոշել են գիտությանը նվիրել իրենց կյանքը, նա ասաց, որ դժվարանում է միանշանակ խորհուդ տալ. նրանք ինքնուրույն պիտի կատարեն իրենց ընտրությունը: Միայն հորդորում է` նախապես խորապես խորհել և չկատարել պարզ ընտրություն: Ի վերջո, եթե բոլորը հեռանան, ապա ո՞վ պիտի փոխարինի ավագ սերնդի գիտնականներին. «Միայն պիտի ավելացնեմ, որ միշտ էլ, բոլո՛ր ժամանակներում գիտությունը նվիրում է պահանջել, գիտության ուղին բռնած մարդը նվիրյալ է ինչ-որ իմաստով: Այստեղ ոչ թե խորհուրդ, այլ պարզապես ցանկություն կարող եմ հայտնել, որ նրանք դիմանան ու չթողնեն գիտությունը, մինչև մեր երկրում նույնպես կգան գիտությունն իրապե՛ս, և ո՛չ թե միայն խոսքով, կարևորելու ժամանակները»:

-Այնուամենայնիվ, հույս ունե՞ք, որ ամեն ինչ լավ կլինի:

-Ես լավատես եմ, նաև՝ պայքարող։ Գուցե անսովոր թվա, բայց ես ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել այն միտքը, որը հաճախ եմ մեջբերում. այսօր անհրաժեշտ է բոլոր եղանակներով միջոցներ հայթայթել, օրինակ, պետք է խստիվ սահմանափակել բոլոր ճոխությունները երկրում, եթե պետք է` ազգայնացնել օլիգարխների սեփականությունը, նրանց բերել հարկային դաշտ, վերացնել ստվերային տնտեսությունները, անհրաժեշտ է նույնիսկ շատ ու շատ արմատական քայլերի գնալ կոռուպցիայի դեմ պայքարում, և այդ բոլոր միջոցներն ուղղել գիտությանը: Այո՛, հե՛նց այդպես, և պետք չէ վախենալ ասածիցս, չէ՞ որ հենց այս կերպ վարվեց զանգվածային աղքատության մեջ գտնվող Սինգապուրը և տարիներ անց, ինպես տեսնում ենք, այդ երկրում հաստատվեց բարեկեցությունը: Այս կերպ են վարվել շատ երկրներ` Չինաստան, Կորեա և այլն: Սա ապագային միտված մոտեցում է, և այսօր սա իսկապես պետք է դիտվի՝ որպես համազգային նշանակության կարևորագույն խնդիր. գիտությանը պե՛տք է անհապաղ ուշադրություն դարձվի:

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (7)

Գեւորգ
Հարգելի Մանե! Գիտությունը ֆինանսավորելու պահանջը չափազանց հասկանալի է բոլորի համար: Սակայն թույլ տվեք հետեւյալ պարզունակ հարցը տալ Հայոց հարգելի գիտնականներին (առանձ հումորի!) - Նրանց փող տանք, որ ինչ անեն? Չէ որ իրենք են ասում, որ արդեն ծեր են, նախանձ, անբարյացակամ միմյանց եւ ուրիշների նկատմամբ, նաեւ անգլերեն ու կարգին ռուսերեն էլ չեն իմանում! (տես՝ Ձեր նախորդ հոդվածներում), հետեւաբար՝ տեղյակ էլ չեն աշխարհի նորություններին: Ենթադրենք ես գիտության անկեղծ սիրահար եմ եւ մի քիչ էլ փող ունեմ: Թող մեկը նրանցից հասկանալի ձեւով ասի, թե իմ փողն ում տրամադրեմ եւ կոնկրետ ինչի դիմաց? Եթե ժողովուրդը Արամոյի կամ ձախ Հարութի համերգի տոմս է գնում, ապա նրա համար, քանի որ լավ գիտե, թե ինչ պիտի ստանա: Իսկ այդ անհասկանալի, ինքնագոհ ու անմատչելի մարդկանցից ի՜նչ սպասես, բոլորովին էլ պարզ չէ: Վստահ եմ նրանցից որեւ մեկը այս անգամ էլ մեջտեղ պիտի դուրս չգա եւ չպիտի փորձի ինչ-որ ձեւով բանավիճել այս կոնկրետ հարցի շուրջը: Դե ուրեմն, թող նախ իրենք իրենցից նեղանան (տես՝ իմ մեկնաբանությունները նախորդ հոդվածներում)
Վեհարի
Պարոն Գեւորգ, երբ դուք փորձեք համատարած կաշառակերության պայմաններում ֆինանսավորել ասենք մեր երկրի պաշտպանության նպատակի համար զենք ստեղծած գյուտարարին, ապա հաստատ համոզված եղեք, նման պայմաններում այդ գյուտը կհայտնվի մեր թշնամու ձեռքին և զենքը կգործի մեր դեմ: Իսկ գյուտարարի ու ֆինանսների հետքը կանհետանա: Այսպիսով գիտությունը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է ոչնչացնել կաշառակերների ստեղծած համակարգը:
Աննա Գևորգյան
Հարգելի Գևորգ և Վեհարի, Ձեր հարցերը տեղին են և վկայում են իրերի ու հարցերի մեջ խորանալու Ձեր ցանկության մասին։ Այդ առոււմով տեղեկացնեմ, որ Ձեր հարցերի ու հարցադրումների պատասխանները հանգամանալից տրված են ստորև նշված էջում, որտեղ շահագրգիռ երիտասարդ գիտնականները, ինչպես նաև բազմաթիվ ավագ տարիքի գիտնականներ բավական ժամանակ այդ ամենը մանրամասնորեն քննարկում են։ Իմիջիայլոց, ասեմ, որ նույն այդ հարցերը երկար ժամանակ հաճախ տալիս էին իշխանությունների ներկայացուցիչները և նմանատիպ դիտողություններ կատարում վերջիններիս պաշտպանները, կարծելով, իրենց արևին, թե այդպիսով փակուղի են մտցնում քննարկումները, իբր խելոք բաներ են ասում։ Էջում հանգամանորեն, պրոֆեսիոնալ ու համակարգված ձևով շարադրված են բազմաթիվ փաստարկներ, պատասխանված են տարատեսակ հարակից հարցերի, իրականացված է խնդիրների խորը մասնագիտական վերլուծություն, որն, ի դեպ, քարը քարին չի թողնում Ձեր արտահայտած անհանգստություններից։ Համեցեք, արտահայտվեք այնտեղ, էջի ակտիվիստները ուրախ կլինեն բանավիճելու և ձեռք բերելու, համոզված եմ :) իրենց արդարացի պահանջի ևս մեկ աջակից`ի դեմս Ձեզ։ Շնորհակալություն։ https://www.facebook.com/science.and.finance/info
Աննա Գևորգյան
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» https://www.facebook.com/science.and.finance/info Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են ՀՀ կառավարությունից 1. Անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես, մաքսային եւ այլ մարմինների հետ շփման դյուրացում, կոնսուլտացիաների եւ արտոնությունների տրամադրում, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն։
Գեւորգ
Հարգելի Աննա! Դուք նշում եք - //Էջում հանգամանորեն, պրոֆեսիոնալ ու համակարգված ձևով շարադրված են բազմաթիվ փաստարկներ, պատասխանված են տարատեսակ հարակից հարցերի, իրականացված է խնդիրների խորը մասնագիտական վերլուծություն, որն, ի դեպ, քարը քարին չի թողնում Ձեր արտահայտած անհանգստություններից// (!!!) Պետք է ասեմ, որ Ձեր հղումը տպավորիչ է, սակայն նայեցի այդ էջը եւ, ճիշտն ասած, չգտա ,,մեր ,,անհանգստությունները քար ու քանդ անող,, նյութերն ու փաստարկները, իսկ հակառակ ուղղությամբ՝ ինչքան ուզեք! Նայեք հենց միայն ,,ՔՍԱՆ ՏԱՐԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԼԾԻ ՏԱԿ,, (ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի հոդվածը) եւ շարունակեք փող պահանջել հայ (վայ) գիտնականների համար: Այնպես որ, Ձեր թույլատվությամբ ես մնում եմ իմ կարծիքին: Եւ ուզում եմ նաեւ մի բան ավելացնել, որը թերեւս, Ձեզ պիտի շատ զարմացնի՝ իսկական եւ ճշմարիտ գիտությունը փողի հետ շատ քիչ կապ ունի! Ընդհակառակը՝ փողն ու պաշտոնը իրենց են ձգում համապատասխան որակի մարդկանց եւ հալածում, սպանում են ճշմարիտ միտքը: Ուստի նախ եւ առաջ հարկավոր է մաքրել Ավգյան ախոռները ...
Աննա Գևորգյան
Հարգելի Գևորգ, անսպասելի չէր Ձեր գրածը :) Այ եթե մի քանի օր կամ շաբաթ անց գրեիք, հնարավոր կլիներ ենթադրել, որ իրոք ուսոումնասիրել եք էջի նյութերը, որպեսզի կարողանաք կարծիք կազմել, այնտեղ երկու տարվա նյութ կա կուտակված :) Պարզ է, որ թռուցիկ աչքի անցկացնելով բան չի ստացվի, գիտության հարցերը պետք է ուսումնասիրել հանգամանորեն, թե չէ վայ մեկնաբանություններն անպակաս կլինեն։ Էջի նոթերը գոնե նայե՞լ եք։ Չմոռանանք հայտնի ասացվածքը` կնայենք շատերը, բայց կտեսնեն միայն քչերը։
Գեւորգ
Հարգելի Աննա! Ես աշխատող մարդ եմ եւ չեմ կարող ամբողջ ֆայսբուկն ուսումնասիրել: Բայց ամենակարեւորն այն է, որ ես այդ դասակարգի հետ անձամբ եմ շփվել ու շատ դառը, վանող տպավորությաուն եմ ստացել նրանցից: Թույն, նախանձ, անտեղյակության հետ զուգակցվող զարմանահրաշ մեծամտություն եմ տեսել մեծամասնության մոտ, եւ միայն հազվագյուտ անձերի եմ հանդիպել իսկական գիտնականի խառնվածքով (հիմնականում անկյուն քշված): Թույլ տվեք մնալ իմ կարծիքին!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter