HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«ՀայՌուսգազարդը» չի փոխհատուցելու 45 մլն դրամի վնասը

«ՀայՌուսգազարդը» չի փոխհատուցի Լոռու մարզի Գարգառ գյուղում գործող ջերմատնային տնտեսությանը պատճառած մոտ 45 մլն դրամի վնասը, որովհետեւ Վճռաբեկ դատարանն անարժեք է համարել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական եզրակացությունը: Ամիսներ առաջ այս թեմայով մեր հրապարակման մեջ նշել էինք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) 2008թ.-ի հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չի վերականգնել «Հասառ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցի գազամատակարարումը: Ջեռուցման բացակայության պատճառով ցրտահարվել էր ջերմատնային տնտեսության 2200 քմ պոմիդորն ու վարունգը, մասնագետների գնահատմամբ՝ ընկերությանը պատճառելով մոտ 45 մլն դրամի վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանում պարտված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վերաքննիչ դատարանում «շտկել էր» գործի ընթացքը, դատարանին ներկայացրել էր «Հասառ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի նոր տարբերակ՝ փաստելու համար, որ այդ ամիսներին ջերմոցին գազ մատակարարելու պարտավորություն չի ունեցել: Վերաքննիչ դատարանը, պայմանագրի այդ օրինակը հիմք ընդունելով, վեճը լուծել էր հօգուտ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ջերմատնային ընկերությանը զրկելով պատճառված վնասի փոխհատուցումից: 

«Հասառ» ՍՊԸ-ն փորձաքննության էր ներկայացրել պայմանագրի «Գազի մատակարարման չափաքանակների մասին» Համաձայնագրի (հավելված 2) պատճենի՝ բնօրինակի հետ համապատասխանության ստուգումը: Փորձագետը ներկայացրել էր փաստաթուղթը պատրաստելու եղանակը. «…բնօրինակի որեւէ պատճենի վրա կատարվել են փոփոխություններ (լրացվել է աղյուսակի առաջին սյունակը, ձախ կողմի միջնամասում կատարվել են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով երկու դրոշմ): Այնուհետեւ ստացված փաստաթուղթը պատճենահանվել է մեկ կամ բազմակի անգամ...»:

Այսինքն, փաստաթուղթը կեղծվել է, եւ կեղծված փաստաթուղթը ներկայացվել է վերաքննիչ դատարան, որն էլ այդ հիմքով բեկանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2013թ. վճիռը: Այս դատարանը բավարարել էր ՍՊԸ-ին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջը՝ մոտ 45 մլն դրամ: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչն ընդունել է, որ 2008թ. հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չի վերականգնել գազամատակարարումը:

«Հասառ» ՍՊԸ-ն վճռաբեկ բողոքում, ի թիվս բազմաթիվ այլ խախտումների, ներկայացրել է նաեւ վերաքննիչ դատարանում ապացույց ճանաչված փաստաթղթի կեղծված լինելու վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, սակայն դատարանի համար, ինչպես պարզվում է, այն ոչ մի արժեք չունի: Վճռաբեկ դատարանն օգոստոսի 7-ին վերադարձրել է «Հասառ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը որոշման մեջ նշելով, որ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով ... առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի կարծիքով՝ փաստաթղթի կեղծված լինելը, որով գործի ելքը որոշվել է հօգուտ կողմերից մեկի, նոր երեւան եկած հանգամանք չէ:

«Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանը 2013թ. օգոստոսի 20-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժին՝ փորձագիտական եզրակացությունը հիմք ունենալով: Օրենքի համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականության եւ հիմքերի բավարար լինելու դեպքում դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Մինչդեռ Ս. Հարությունյանի ներկայացրած հաղորդմանը Ոստիկանությունն արձագանքել է մոտ 50 օր հետո՝ ուղարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճեն:

Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի իրացման բաժնի պետ Արթուր Պարոնյանը բացատրություն է տվել, որ «պայմանագրի բլանկների սղության պատճառով կազմակերպության հետ պայմանագիրը կնքելուց հետո այն պատճենահանվել է եւս երկու օրինակից, որից հետո բնօրինակը տրվել է բաժանորդին, իսկ պատճենի տեսքով երկու օրինակները պահվել են ընկերությունում: Պայմանագրի կնքման պահին բաժանորդը մատակարարվող  գազի չափաքանակ չի հայտնել: Դրանք լրացվել են ավելի ուշ՝ հեռախոսակապի միջոցով, պատվիրատուի կողմից պատվիրված քանակով եւ ժամկետներում...»: 

«...Կատարված հետաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Արթուր Պարոնյանն առանց բաժանորդի՝ «Հասառ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Հարությունյանի ներակայության, կատարել է լրացում պայմանագրի հավելվածում, սակայն վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ վերջինիս նպատակը եղել է ոչ թե փաստաթուղթը կեղծելը, այլ պայմանագրում լրացում կատարելը»,- ահա այսպիսի մեկնաբանությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:

Այսպիսով, ոստիկանությունը նույնպես չի հերքել, որ «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները փաստաթուղթ «ձեւավորելով» են զբաղվել, բայց, ինչպես ասում են, դա արել են բարի նպատակով: Ոչինչ, որ վերջնարդյունքում, «Հասառ» ՍՊԸ-ն զրկվել է իրեն պատճառված մոտ 45 մլն դրամի վնասի փոխհատուցումից: Սա արտառոց դեպք չէ, Հայաստանում մասնավոր բիզնեսի «պաշտպանվածության» հերթական օրինակներից մեկն է: Պարզապես հետաքրքիր է, եթե որեւէ քաղաքացի կամ մասնավոր ընկերություն նյութական վնաս պատճառեր «ՀայՌուսգազարդին», արդյոք դատարաններն ու իրավապահ մարմինները նույն ջանասիրությամբ հիմնավորումներ կգտնեի՞ն նրան չփոխհատուցելու համար:

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հարց է ծագում, Իսկ ընդհանրապես հայաստանում եղել է թեկուզ մեկ դեպք երբ իրավապահները հանցավոր համակարգի օգտին չեն խմբագրել կամ կեղծել քրեական, քաղաքացիական գործ:
Антон
Inchi Hayastanum ova patasxan tali ira araci hamar????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter