Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Եվգենի Կասպերսկու համակարգչային դժոխքի յոթ շրջանները



Այսօր ՀՊՃՀ-ում «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին ներկայացրեց համակարգչային վիրուսային ծրագրերի զարգացման ընթացքը: 1980-ական թթ.-ից սկսած` համակարգչային վիրուսները, որոնց դեմ պայքարում է ՏՏ մասնագետի ընկերությունը, անցել են զարգացման յոթ մակարդակ. մակարդակի բարձրացմանը զուգահեռ աճում է դրանց վտանգավորությունը:

Առաջին շրջանում վիրուսային ծրագրերը մշակվում էին պարզապես հետաքրքրասեր ուսանողների կամ ծրագրավորողների կողմից: Վիրուսային ծրագրերի նպատակը հետազոտական էր, իսկ դրանց «բուժումը»` շատ ավելի հեշտ: 1980-ական թթ.-ի վերջում և 1990-ական թթ.-ի սկզբին վիրուսային ծրագրերի մշակումը տեղափոխվում է «դժոխքի երկրորդ շրջան», երբ վիրուսների ստեղծումը դառնում է երիտասարդ ծրագրավորողների հպարտության և ինքնահաստատման միջոց: Եվ. Կասպերսկու դիտարկամամբ` այժմ երիտասարդները զբաղվում են ավելի հետաքրքիր գործով. օրինակ` ցանցային խաղերով: Դրանք ինքնադրսևորվելու ավելի մեծ հնարավորություն են տալիս, բացի այդ` չեն պահանջում ծրագրավորողի գիտելիքներ:

Երրորդ շրջանում ի հայտ են գալիս համակարգչային հանցագործները, որոնց գործունեությունը մտածված և գրագետ է: Եվ. Կասպերսկու խոսքերով` նրանց հասրած վնասը տարվա ընթացքում կազմում է 100 մլրդ դոլար, որի մեջ ներգրավված են հազարավոր մարդիկ:  Այս խմբին Կասպերսկին անվանում է C2C՝ criminals to criminals: Իրականում, սա ինդուստրիա է և շահավետ գործ: Այս մարդկանց նպատակն է հնարավորինս շատ համակարգիչներ վարակել, շատ ինֆորմացիա ձեռք բերել և մնալ աննկատ: Եվ. Կասպերսկու խոսքերով՝ եթե առաջ վիրուսային ծրագրերի մշակումը ֆինանասական տեսանկյունից հավասար էր հեծանիվի արտադրությանը, ապա այժմ՝ մեքենայի:

Չորրորդ խմբում ներգրավված են hacktivist-ները: Սրանք նույնպես հանցագործներ են, բայց նրանց նպատակն է ստանալ առավելագույնս շատ ինֆորմացիա և վնասել շատ սերվերներ:  

Հինգերորդ խումբը Կասպերսկին անվանում է լրտեսություն, երբ կատարվում է հսկողություն ու գողություն կոմերցիոն, պետական կամ ռազմական ինֆորմացիայի նկատմամբ: Նրանց գրեթե անհնար է բացահայտել. միայն այն դեպքում, երբ նրանք չեն թաքնվում կամ կոպիտ սխալներ են թույլ տալիս: ՏՏ ոլորտի մասնագետը հիշում է, որ երբ մի անգամ ստանձնել էր մի գործ, որը մեծ մասշտաբներ ու զոհեր էր ներառում, ասել է. «Աշխարհի ամբողջ ինֆորմացիան արդեն գողացվել է առնվազն երկու անգամ» :

Եվ քանի որ նման գործողությունները կապված են խոշոր գումարների հետ, հաճախ նման գործերի հետևում կանգնած են լինում նաև պետությունները: Այս դեպքում համակարգչային պաշտպանության ավանդական միջոցները չեն գործում :

Վեցերորդ շրջանում խոսքը գնում է ռազմական գրոհի մասին: Այստեղ վիրուսները գործում են երեք հիմնական ուղղությամբ՝ ֆիզիկական ենթակառուցվածքներ, համակարգչային տվյալներ և հեռահաղորդակցություն:

Դժոխքի յոթերորդ՝ ամենավտանգավոր մակարդակը ահաբեկիչներն են: Կասպերսկու խոսքերով՝ եթե նախորդ խմբերում ներգրավվածների հետ որոշակի ձևով կարելի է համաձայնության գալ, ահաբեկիչների խմբի դեպքում դա անհնար է:

«Կասպերսկի լաբորատորիան» վնասակար ծրագրերից, սպամից և հակերային հարձակումներից պաշտպանության համակարգերի ամենահայտնի արտադրողներից է: Նրա գործընկերային ցանցը ընդգրկում է աշխարհի ավելի քան 200 երկիր: Շուրջ 30 երկրներում այն ունի իր տեղական ներկայացուցչությունները: Ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսակների և տեխնոլոգիաների 300 միլիոնից ավելի օգտատեր պաշտպանված է վնասակար ծրագրերի սպառնալիքներից: Հայաստան այցի շրջանակներում Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկոտրի կոչում:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ