HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հանքարդյունաբերող ընկերությունը՝ հետաքննող լրագրողների կոնֆերանսի հովանավոր

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցող «Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանս»-ի առաջին իսկ օրը՝ գրանցման պահին, մի քանի երիտասարդներ արագորեն թռուցիկներ էին բաժանում լրագրողների շրջանում՝ անգլերեն եւ պորտուգալերեն լեզուներով: Նույն թռուցիկները նրանք տեղադրել էին նաեւ կոնֆերանսի դահլիճի աթոռներին: Թռուցիկներում ասվում էր. «Ե՞րբ են լրատվամիջոցները սկսելու հետաքննել իրենց հովանավորներին: «Վալե» հանքարդյունահանող ընկերությունը եւ «Օդեբրեխտ» շինարարական ընկերությունը հանդիսանում են «Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանս»-ի հովանավորները: Նրանք երկուսն էլ մեղադրվում են սոցիալական շարժումները լրտեսելու, գրասենյակային հափշտակության եւ քաղաքացիական ակտիվիստների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ: Այս մասին կան տեսանյութեր, փաստաթղթեր եւ վկայություններ: Խոսքի ազատության խնդիրները քննարկելու ժամանակ կարեւոր է ներառել նաեւ հարցը, թե ինչպես է տնտեսական ուժն ազդում լրատվամիջոցների եւ խմբագրությունների ազատության վրա: Արդյո՞ք լրագրողներն ու նրանց խմբագրություններն ունեն բավականաչափ ուժ եւ ազատություն՝ իրենց հովանավորների դեմ տեղեկատվություն հրապարակելու»:     

Ամեն տարի Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցը մրցույթ է հայտարարում անդամ երկրների միջեւ՝ համանուն կոնֆերանսի անցկացման համար: Այս տարի մրցույթը շահել էր Բրազիլիայի հետաքննող լրագրողների ասոցիացիան (ABRAJI), որն էլ կազմակերպել էր կոնֆերանսը`«Վալե» եւ «Օդեբրեխտ» ընկերությունների ֆինանսավորմամբ: «Վալե»-ն աշխարհում երկրորդ նիկելի հանքարդյունահանող ընկերությունն է, հիմնականում գործունեություն է ծավալում Բրազիլիայում, Կանադայում, Ինդոնեզիայում եւ Ավստրալիայում: «Օդեբրեխտ»-ը կառուցապատող ընկերություն է, որը զբաղվում է նաեւ էներգամատակարարմամբ:

«Հետք»-ն այս մասին զրուցեց Բրազիլիայի հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահ, “Globo TV”-ի գլխավոր խմբագիր Մարսելո Մորեիրայի (Marcelo Moreira) հետ:

Մի քանի երիտասարդներ լրագրողներիս շրջանում բաժանել են թռուցիկներ, որտեղ նշվում է «Վալե» եւ «Օդեբրեխտ» ընկերությունների ապօրինի գործողությունների մասին եւ որ այդ ընկերություններն այսօր ֆինանսավորում են Բրազիլիայում կազմակերպված հետաքննող լրագրողների համաժողովը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս ակցիան:

Որպես Բրազիլիայի հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահ՝ այդ ես եմ խոսել «Վալե» ընկերության հետ եւ խնդրել աջակցել այս կոնֆերանսին: Ես չգիտեմ՝ սրանք ինչ մեղադրանքներ են, բայց գիտեմ, որ այս երկուսն էլ Բրազիլիայի ամենամեծ ընկերություններից են, զբաղվում են շինարարությամբ եւ նպաստում Բրազիլիայի զարգացմանը: Չգիտեմ՝ ինչու են նրանց մեղադրում լրտեսության մեջ, բայց համոզված եմ, որ այս ընկերությունները չեն ենթարկվել քրեական հետապնդման: Ես չգիտեմ նաեւ, թե ով է տվել այդ տեղեկատվությունն այդ մարդկանց, ով է ակցիայի կազմակերպիչը, բայց վստահ եմ, որ այս երկու ընկերությունները եւ կոնֆերանսի մյուս աջակիցները կարեւորում են հետաքննական լրագրության դերը: Իսկ եթե մենք որեւէ անօրինականություն բացահայտենք նրանց գործունեության մեջ, անպայման կգրենք այդ մասին՝ հաշվի չառնելով, որ նրանք մեր հովանավորներն են:

Այսինքն՝ որպես Բրազիլիայի քաղաքացի էլ, Դուք պնդում եք, որ այս ընկերությունները որեւէ սպառնալիք չեն հնչեցրել ակտիվիստների հասցեին եւ որեւէ անօրինական գործողություն չեն արել:

Որքանով ես գիտեմ՝ ոչ: Ես լրագրող եմ, ես գրում եմ Բրազիլիայում առկա բոլոր տեսակի խնդիրների մասին եւ երբեք չեմ լսել այս մասին: Ես չգիտեմ՝ ով է սա գրել: Ես այս ընկերությունների մասին միայն լավ տեղեկություններ գիտեմ: «Վալե»-ն Բրազիլիայի ամենամեծ հանքարդյունաբերող ընկերությունն է, նրանք մի շարք գործարաններ ունեն Բրազիլիայում եւ դրանից դուրս: Սա շատ ուժեղ ընկերություն է, որը մնացած այլ ընկերությունների հետ առավել ուժեղ է դարձնում եւ խթանում է մեր երկրի զարգացմանը:

Ուրեմն ի՞նչ անվանում եք տալիս այս ակցիային:

Ես չեմ կարող բողոքել այդ ակցիայի դեմ, քանի որ մենք ապրում ենք ազատ երկրում, ունենք խոսքի ազատություն, եւ բոլորն իրավունք ունեն ասել եւ տարածել այն, ինչ ուզում են: Եթե նրանք ճիշտ են, ուրեմն ապագայում այսպես թե այնպես ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու: Եւ որպես լրագրող՝ ես կգրեմ այդ մասին: Եթե այս ընկերությունները քրեական պատասխանատվության ենթարկվեն, ես որպես լրագրող՝ կգրեմ այդ մասին, եւ բոլոր թերթերը կգրեն: 

Մեկնաբանություններ (1)

Ջիվանի
Բա՜, իսկ մենք կարծում էինք թե միայն մեզ մոտ առ ու ծախ գիտեն ու համերգը պատվերով են տալիս: Ջիվանու երգերը կարդացեք - //աղվեսը հավնոցի վրան հուշարար են կարգած// - ու խելքին աշեցեք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter