HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանական նոր պոեզիայի ընտրանի

Ֆոռուղ Ֆառռոխզադ 

Թռչունը թռչուն էր
Թռչունն ասաց – ի՜նչ լավ բույր է, ի՜նչ արև, ա՜խ
գարուն է եկել
ու ես զույգիս ետևից կգնամ:

Թռչունը կտուրի եզրից թռավ
ինչպես մի լուր թռավ ու կորավ
թռչունը փոքրիկ էր
թռչունը չէր մտածում
թռչունը թերթ չէր կարդում
թռչունը պարտք չուներ
թռչունը մարդկանց չգիտեր
թռչունը օդում, լույսերի տագնապից վեր
չիմացության բարձունքում սավառնում էր:

Թռչունը, ա՜խ, պարզապես թռչուն էր:
------------------------------------------------------------
Հոսեյն Փանահի
Ճանճին սպանեցի

Ոչ այն մեղքի համար,

որ կեղտոտ է, վատն է

կամ այն պատճառով,

որ իր շահն ու վնասը մեկը հարյուրին է

խեղճը գլխիս շուրջ պտտվում էր

կարծելով շաքար եմ

կամ իր հայտնի ուտեստի պես, այդքան գարշելի

լուսավորվի թող գերեզմանը նրա

լավ ճանճ էր...

Այն մեղքի համար,

որ քո մասին երազից արթնացրեց

ճանճին սպանեցի:

------------------------------------------------------------

Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան

Լեռնային

Այս ծառից բացի
ոչինչ  չեմ ասում
և այս թռչնից բացի

ոչինչ  չեմ ուզում:

Ինձ հանգիստ թողեք 
անգիրք ու անբառ
լեռներ եմ վերադառնում
դեպի սկիզբը
երբ միայն ցորենն էր
ու մարդը:

------------------------------------------------------------

Գառուս Աբդոլմալեքյան

Վզնոց 

Լուսնից 
մի հետք է մնացել պատուհանին,
աշխարհի բոլոր ջրերից 
մի կաթիլ այտիդ:

Ու սահմաններն այնքան են խզբզել գեղանկարն Աստծո,
որ չորացած արյունն այլևս
գույնի անվանում է:

Փղերից 
վզնոց մեր պարանոցին ,
կետերից 
ճոխ ընթրիք սեղանին:

*
Վաղն առավոտյան
մարդը փողոց կելնի 
ու ծառերը ահից 
ճնճղուկների թիկունքում կթաքնվեն: 

------------------------------------------------------------

Սառա Մոհամմադի Առդեհալի 

Սովորական երեկո

Մանրը
ստացա վարորդից,
ափի մեջ մեխ էր տնկված,
արյունոտ մետաղադրամը
գրպանս գցեցի:

Մարդիկ գործից տուն էին դառնում
փողոցները արյունալի
կրպակները արնաթաթախ:

Խաչմերուկում
մեկն ինձ խնդրեց
ուսի խաչը մի փոքր տեղափոխել:

------------------------------------------------------------

Մեհդի Աշռաֆի

Խավար մարդու ճակատագիրը  

Ծառից ընկած խնձորը
միայն ծառին չէ
որ մենակ թողեց:

Ցերեկն 
ինձ մենակ է թողել,
Գիշերն
ինձ մենակ է թողել,
ու հիմա
այն ծառի տակից եմ գալիս
որից մի խնձոր է ընկել:

Ճանապարհին
անգամներ
ստվերիս շուրջ խորհեցի՝
խավար մարդու
որ լքել է ինձ:

Խորհեցի
թե մենությունը
կարող է
թափանցել փակ դռներից
ինձ հետ սեղան նստել
ու էլի թողնել:

Ծառից ընկած խնձորը 
միայն ծառին չէ
որ մենակ թողեց,
ծառն էլ նրան էր
միայնակ թողել:

Թարգմ.՝ Էդիկ Պօղոսեան

Խմբ.՝ Տաթեւ Չախչախյան 

Ծանոթություն: Նախընտրելի է ձևակերպել ոչ թե «ժամանակակից», այլ «նոր», քանի որ այստեղ կան հեղինակներ, ովքեր դասվում են ոչ թե ժամանակակիցների շարքին, այլ մտնում այն պարբերաշրջանի մեջ, որը հենց իրանցիներն էլ կոչում են «իրանական նոր պոեզիա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter