HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղում բացվեց Թումանյանի որդու հուշաքարը

Հոկտեմբերի 20-ին Դսեղում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը Դսեղի հրապարակում բացվեց բանաստեղծի վաղամեռիկ որդու` Արտավազդ Թումանյանի հուշաքարը: Արտավազդը հայ ժողովրդի համար ամենածանր տարիներին, հայ գաղթականներին օգնելու համար մեկնել է Արևմտյան Հայաստան, որտեղ էլ 1918թ.-ին` 24 տարեկանում զոհվել է Վանի մատույցներում:

Արտավազդը եղել է շնորհալի երիտասարդ: Նա հատկապես մեծ հետաքրքրություններ է ունեցել կերպարվեսի, գրականության և թատրոնի նկատմամբ: Կերպարվեստի դասեր է ստացել մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից, ապա Մոսկվայում սովորել է Պ. Կերինի նկարչական ստուդիայում: 

Արտավազդի սցենարով Դսեղում բեմադրվել  է «Գիքորը»: Բեմադրությանը ներկա է եղել նաև Հովհ.Թումանյանը: Որդու մահը ընկճել է Թումանյանին  և դարձել է նրա ծանր հիվանդության, ապա մահվան պատճառ:  

Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը  հայտնեց, որ  դսեղցիները իրենց պարտքն են համարել գերեզման չունեցող Արտավազդի համար գյուղի հրապարակում կառուցել հուշաքար:  Ճակատագրի դառը հեգնանքով Թումանյանի մյուս երեք որդիները`Մուշեղը, Համլիկը և Արեգը  1937թ.-ի աքսորվել են Սիբիր և զոհվել են այնտեղ: Նրանց մասունքները նույնպես չի հանձնվել հարազատներին:  

Արտավազդ Թումանյանի հիշատակի հուշաքարի կառուցման աշխատատանքերը ղեկավարել է դսեղցի Արարատ Աղաբեկյանը: Վերջինիս օգնել են Դսեղի  վարպետներ Արտաշ Ղազարյանը, Սոկրատ Մամիկոնյանը և էլի  ուրիշներ:

Գյուղապետ Քոչարյանը Դսեղի  ավագանու որոշմամբ շնորհակալագրեր հանձնեց  հուշակոթողի հեղինակին և կառուցողներին: «Եթե ուզում եք իմանալ, այս խաչքարը ոչ Թումանյանին էր պետք,  ոչ Արտավազդին: Մենք գտել ենք, որ դա մեզ է պետք ու մեր սերունդներին: Հուսով ենք՝ Արտավազի կյանքը օրինակ կծառայի մեր սերունդների համար»,- իր ելույթում նշեց Ա. Աղաբեկյանը: Բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն օրհնեց  Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր  Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը: 

Դսեղցի Աշոտ Գրիգորյանը իր երախտիքը հայտնեց  Հովհ. Թումանյանին  Դսեղի բարեկարգ ճանապարհների համար. «Դա մեր Թումանյանի շնորհքն է»,- ասաց  տարեց դսեղցին: Նա հուզված արտասանեց Թումանյանի «Գութան երգը» բանաստեղծությունը:

«Դսեղի Քոչարյանները  Հովհ. Թումանյանի քեռիներն են»,- ասաց «Դսեղ» գրքի հեղինակ, դսեղցի Սերգեյ  Քոչարյանը: «Պապս ինձ պատմել է, որ  Դսեղի հին, փոքր գերեզմանոցում երկու գերեզմանաքար է առանձնանում`իրենց ձևով և դիրքով: Դրանք Թումանյանի մոր կողմից պապի և տատի գերեզմաններն են: Պատմում են, որ Թումանյանը, երբ գալիս էր Դսեղ, նստում էր էդ քարերի վրա: Այդտեղ էլ գրել է. 

                                         Երկու շիրիմ իրար կից,

                                         Հավերժական ու դրկից,

                                         Թախծում են ո լուռ խորհում,

                                         Թե ինչ տարան աշխարհքից:

Թումանյանը մեծ հայրենասեր էր ու մեծ հայ : Եթե որևէ հայ կմոռանա Թումանյանին, որեմն նա հայ չէ»,- ասաց Սերգեյ Քոչարյանը:

Միջոցառման ավարտին Դսեղի հրապարակում մատաղ  մատուցվեց  հայր և որդի Թումանյանների հոգու հանգստության համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter