HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մերժումները ԲՀԿ-ն ընկալեց կառավարության կողմից հստակ քաղաքական վերաբերմունք

Ազգային ժողովի 47 կողմ, 62 դեմ, 1 ձեռնպահ ձայնով մերժեց օրակարգ ընդունել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Մարտուն Գրիգորյանի հեղինակած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ դեմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորները:

Մինչեւ քվեարկությունը , ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն ենթադրում էր, որ նախագիծը նույնիսկ օրակարգ չի ընդունվելու, քանի որ կառավարությունը որդեգրել է ԲՀԿ-ի օրենսդրական նախաձեռնություններին բացասական կարծիք հայտնելու դիրքորոշումը:

«Բնական է, որ մեծամասնությունը եւս բացասական մոտեցում է ցուցաբերելու: Սա ԲՀԿ-ն ընկալում է այս կառավարության կողմից հստակ քաղաքական մոտիվացիա, վերաբերմունք ԲՀԿ խմբակցության հանդեպ»,-ասաց Ն. Զոհրաբյանը: Ըստ նրա` ներկայացված նախագիծը հստակ, ճշգրիտ հաշվարկած նախագիծ էր:

«Այն խայտառակ համակարգը, որի անունն այսօր դրել եք ավանդների փոխհատուցում, ուղղակի ծաղր է ՀՀ քաղաքացիների հասցեին: Այն, ինչ ներկայացրել էինք, գոնե քաղաքացիների համար արժանապատիվ փոխհատուցման հարց լուծում էր: Հերթական անգամ արձանագրում ենք հստակ քաղաքական վերաբերմունք ԲՀԿ-ի հանդեպ»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորները նախագծով առաջարկում էին, որ խնայողությունների դիմաց փոխհատուցման նպատակով կառավարությունը մինչեւ 2014թ. հունվարի 1-ը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խնայողական ավանդների դիմաց փոխհատուցման նոր կարգ:

Եթե այն օրենք դառնար, ապա կարգը պետք է մշակվեր հետեւյալ հիմնական սկզբունքներով.

1) ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակականության ապահովումը 2014թ.-ից հետո

2) ավանդների փոխհատուցման գործընթացներում ավանդատու հանդիսացող բոլոր անձանց ընդգրկումը` փոխհատուցման առաջնահերթությունը տալով սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձանց

3) ավանդների մարման առաջին հերթում 60 տարին լրացած ավանդատուների ընդգրկումը

4) ավանդատու հանդիսացող զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, 1-ին կարգի հաշմանդամների եւ փախստականների համար ավանդների փոխհատուցման ժամկետային արտոնությունների սահմանումը

5) ավանդների փոխհատուցումը ընտանեկան նպաստ ստացող անձանց թվաքանակի կրճատմանն ուղղորդումը

6) ավանդատու հանդիսացող անձի մահվան դեպքում թաղման ծախսերը հոգալու նպատակով նրա ավանդի մասնակի փոխհատուցումը, իսկ ավանդի գումարի` վերը նշված ծախսերի գումարից փոքր լինելու դեպքում` ավանդի ամբողջությամբ փոխհատուցումը:

Հեղինակներն առաջարկում էին փոխհատուցման ենթակա գումարը համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսային մասում արտացոլել առանձին տողով` որպես պաշտպանված հոդված:

«Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներով այդ նպատակով տվյալ տարում նախատեսված հատկացումները պետք է համահունչ լինեն բյուջեի ծախսային մասի աճին եւ բազմապատկվեն նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի նկատմամբ տվյալ տարվա պետական բյուջեի ծախսային մասի աճի գործակցով»,-գրված էր նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter