HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ»

Հարցազրույց թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ

Մեզանում ոչ մի տոն էլ չկա՝ անընդհատ վերահաս մեռելոցը չհաշված

-Նախ թույլ տվեք իմ վերջին հարցազրույցներում բոլոր զրուցակիցներին տրվող հարցը կրկնել՝ ինչպիսի՞ն եք տեսնում այսօրվա Հայաստանը:

-Ժողովուրդը մի բառ ունի, բոլորս էլ գիտենք։ Ես արդեն հոգնել եմ, որ հարցազրույցներում հոռետեսական մտքեր եմ արտահայտում, թեև դա տհաճությամբ եմ անում՝ իրատեսությունից ելնելով: Ես չեմ տեսնում առաջընթաց, տեսնում եմ, որ նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների համեմատ չենք զարգանում, այլ հետ ենք գնում, հուսալի որևէ բան չեմ տեսնում: Ուրախալի ինչ-որ երևույթներ կան, բայց դրանցով առաջընթաց չի լինի, որովհետև հասարակության զարգացման դրդապատճառները սառեցված են այն մարդկանց կողմից, ում համար բնականոն կեցությունը հավասարազոր է ինքնաոչնչացման։ Մակաբույծ այս շերտը մարդկանց դրդել և դրդում է ապրելու կեղծ խորհրդանիշներով, ինչպիսին, օրինակ, այս թարմ «տոնն» էր՝ Էրեբունի-Երևանը՝ փող լվանալու միջոցառումներից մեկը։ Մեզանում ոչ մի տոն էլ չկա՝ անընդհատ վերահաս մեռելոցը չհաշված։ Այդ խորհրդանիշները մեզ խաբում են՝ ետ պահելով իրական զարգացումից: Մենք խորհրդանիշ ենք դարձրել Մասիս սարը, որն ընդամենը սար է, և որը պետք չէ շփոթել Աստծո հետ: Մեզ այլասերում է պատմության ու մշակույթի հանդեպ մեր մոտեցումը, մեր իսկ գնահատանքը: Որտեղ պատահի՝ սիրով գովերգում ենք այդ խորհրդանիշները․ մենք սիրով գնում ենք դեպի տխուր անցյալ, դժկամությամբ վերադառնում ներկա․ ապագայի մասին կարող ենք մոռանալ։

-Ո՞ր կետից սկսվեց այդ կեղծավորությունը, ժամանակից հե՞տ ենք մնացել:

- Գուցե ինչ-որ կետից սկսվել է․ մենք այդ կեղծ խորհրդանիշներով ապրել ենք սովետի տարիներին, նույնը շարունակում ենք հիմա՝ նորաթուխ կեղծ կուռքերի ավելի ընդգծված պաշտամունքով: Պարզագույն օրինակ․ Արցախյան պատերազմի իրական հերոսները կա՛մ չկան, կա՛մ ապրում են շատ վատ պայմաններում, մինչդեռ կեղծ հերոսները պաշտոններ են զբաղեցնում՝ ծառայում են այն միապետին, որն իշխանության բոլոր լծակները վերցրել է իր ձեռքը: Մենք ունենք մի նողկալի ավտորիտար երկիր՝ կեղծ դեմոկրատական արժեքներով: Վերնախավը շատ լավ օգուտ է քաղում վաղուց այլասերված դեմոկրատիայից, որը վերածվել է ֆաշիզիմի տարատեսակի:

Իշխանական և իշխանամետ մանկուրտից զատ՝ հրաշալի սերունդ է գալիս

-Իսկ քաղաքացիական շարժումները կարո՞ղ են ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում:

-Իշխանական և իշխանամետ մանկուրտից զատ՝ հրաշալի սերունդ է գալիս, որը պայքարում է իր քաղաքացիական իրավունքների համար, թեպետ նա չի ծնվել անկախ երկրում, որովհետև Հայաստանն անկախ չի եղել նաև այս 22 տարիներին: Ժողովուրդը քաղաքական շարժում սկսելու ուժ չունի, և բացի դա՝ ընդդիմությունը գոյություն չունի, որ ժողովրդին առաջնորդի: Հայաստանում ընդդիմությունը մեռնում է օրորոցում։ Բայց ամեն ինչ կարող է սկսվել  քաղաքացիական շարժումներից: Երիտասարդները երևի բնազդով են ուզում քաղաքացիական հասարակություն ձևավորել, որովհետև զգում են, որ միայն այդ դեպքում կարող են նորմալ ապրել: Մյուս կողմից՝ այս իշխանությունները ոչ մի զիջման չեն գնում՝ զավթիչի պես մոտենալով ժողովրդին։ Քաղաքացիական շարժումները կարող են ծնել նաև քաղաքական ուժ, հետևաբար՝ առողջ ընդդիմություն: Վերջիվերջո, մենք չենք ծնվել դժոխքում:  

-Պարոն Մկրտչյան, մի ժամանակ ընդդիմությունն իշխանափոխության պահանջ էր դնում, հիմա, կարծես, այլևս օրակարգում չկա այդ հարցը, այլևս ակտուալ չէ: Այսօր որևէ մեկն իշխանություններից չի պահանջում հեռանալ: Ինչո՞ւ:

-Եթե ընդդիմությունը պահանջում է  իշխանափոխություն, դա կարող է խոսել երկու փաստի մասին. առաջին՝ ընդդիմությունն ազնվորեն ուզում է իշխանափոխություն, երկրորդ՝ ակնարկում է, որ պատրաստ է ինտեգրվել իշխանությունների հետ: Հայաստանում բազմիցս ապացուցվեց, որ երկրորդն է գործում, այսինքն՝ ընդդիմության պահանջները հանգում են նրան, որ սիրով ինտեգրվում են իշխանութունների մեջ՝ դառնալով հանցավոր ռեժիմի մի մասը: Ցավոք, Հայաստանում այդպես է եղել: Իրական ընդդիմությունը նվիրված է իր գործին, պայքարում է ավելի շատ հանուն ապագայի, հանուն առաջընթացի, հանուն ժողովրդի, քան իշխանատենչության:

-ՀԱԿ-ը ներառվո՞ւմ է Ձեր նշած իրական ընդդիմության մեջ:

-Իմ նշած չեղած ընդդիմության մեջ ներառվում են բոլոր այն տարրերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, այդ թվում նաև՝ ՀԱԿ-ը:

-Շատ հաճախ հասարակությանը մեղադրում են, որ երկրում ստեղծված վիճակը հանդուրժում է, որ չի ըմբոստանում: Նախագահական վերջին ընտրություններին, սակայն, հասարակության կես միլիոն հատվածն իր դժգոհությունն արտահայտեց Սերժ Սարգսյանից, հետո փորձեց համախմբվել, բայց դրան հաջորդեց հիասթափության ալիքը: Ըստ Ձեզ՝ հասարակությունը պատրաստ կլինի՞ կրկին ըմբոստանալու: Ինչո՞ւ հուսախաբ արեցին նրան:

-«Հասարակություն» բառն օգտագործելը մի քիչ վերացական է, և եկեք մնանք գետնի վրա՝ օգտագործելով «ժողովուրդ» կամ «մարդիկ» բառը: Բնական է, որ ժողովուրդը պետք  է հիասթափվեր, որովհետև ընտրվողը փոշիացրեց նրա քվեն։ Այս մասին շատ է խոսվել։

Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ

-Եթե Ձեր նկարագրած վատ վիճակը շարունակվի երկրում, ըստ Ձեզ, ի՞նչ կկորցնենք:

-Մենք օրեցօր ամեն ինչ կորցնում ենք: Անկեղծորեն եմ ասում, ինչ լավ բան տեսնում եմ՝ կա՛մ կապված է քաղաքացիական շարժումների, կա՛մ անհատների հետ, ովքեր դեռ ունակ են ստեղծագործական աշխատանքի: Ծախվածների թիվը շատացել է: Մատների վրա կարելի է հաշվել, թե ինչքան մարդ կա, որ ստեղծագործելու ներուժ ունի: Սա աղետ է մի երկրի համար, որովհետև մշակույթ ներկայացնող մարդը պետք է նպաստի երկրի առաջընթացին: Մշակույթը պետք է լինի երկրի առաջ տանող ուժը, բայց մենք ամեն օր տեսնում ենք, թե մշակույթ ներկայացնող մարդիկ ինչպես են ծախվում իշխանություններին՝ մի քանի օր կուռուկուշտ ապրելու մարմաջով: Մարդուն առաջին հերթին կործանում է լավ ապրելու մարմաջը: Թող ոչ մեկը չխաբվի, թե ինչ-որ դրական տեղաշարժեր են լինում: Ի վերջո, պետք է մի քիչ սթափ մոտենալ և հասկանալ, որ Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ: Երևանի կենտրոնը սիրունացնելով, պլպլացնելով չի նշանակում, թե Հայաստանը բարգավաճեց: Երևանի կենտրոնից դուրս համատարած աղբ է, համատարած աղքատություն, համատարած տգեղ շենքեր, որոնց ժամանակակից տարբերակները կառուցում են քաղաքի կենտրոնում: Այս ամենը սրտխառնոց է առաջացնում: Կարծես ամեն օր Երևանի կենտրոնի ծնունդն են նշում, որտեղ հաստաքամակ «էլիտան» փողոցներն է չափչփում՝ ինչ-որ նախիր առաջնորդելով։ Ո՞ւմ են խաբում: Եթե մի երկրում գրախանութներ են փակվում շատանալու փոխարեն, այդ երկիրը դատապարտված է կործանման: Իշխանություննե՛րն են թույլ տալիս, որ այդպես լինի, նշանակում է՝ այսօր իշխանությունները երկիրը տանում են կործանման: Իշխանությունները կարող են տգետ լինել, բայց ոչ այս աստիճան։ Իրենք ի խորոց սրտի ատում են գիրը և հատուկ առաքելություն ունեն երկիրը դարձնել իրենց հանգույն միջակների ու անգրագետների երկիր:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը հուսահատեցնում:

-Ինձ հուսահատեցնում է մարդկանց բթամտությունն ու ինքնագոհությունը: Նման բթամիտ ու ինքնագոհ կերպարներ նույնիսկ կինոներում չկան, նույնիսկ Մարկեսի, Ֆոլքների մոտ չեմ հանդիպել: Երևի Շեքսպիրն ունի նման կերպարներ:

Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է

-Ելք կա՞: Իշխանափոխության հավանականություն տեսնո՞ւմ եք:

-Այսպես թե այնպես, իշխանափոխություն լինելու է: Մարդիկ հավերժ չեն: Եթե նկատել եք, մարդիկ սովորաբար նաև ծերանում են, և վերջում բոլորը մեռնում են, ինչպես Շեքսպիրի ողբերգություններում: Սրանք էլ բոլորը մեռնելու են: Եթե մեր սերունդը, մեր որդիները չտեսնեն, մեր թոռները կտեսնեն: Այսպես չի կարող հավերժ շարունակվել: Սրանք այս երկիրը կործանելու այնպիսի արագություն են վերցրել, որ կարող է ոչ մի բան էլ չմնա մեր թոռներին: Փոքր ազգի յուրաքանչյուր հասուն ներկայացուցիչ պետք է ազգայնական (ոչ ազգայնամոլ) լինի: Մենք ազգայնականությունն այնքան սպանեցինք մեր մեջ, որ հիմա կրքոտ ցանկությամբ ուզում ենք վերադառնալ դեպի Ռուսաստանի ճիրանները: Եվ այսօրվա դրությամբ թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, որ երկրի կործանման համար պատասխանատուներից մեկը կարող է ստրկական նամակ գրել ռուսաց թագավորին՝ մի ազգի ներկայացուցչի, որից ամբողջ աշխարհը խորշում է: Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է: Դա պետական դավաճանություն է: Նրանք, ովքեր ցանկություն ունեն մտնել Մաքսային միություն կամ վերադառնալ դեպի ստալինիզմ, պետական դավաճանություն են գործում: Համոզված եմ, որ դա չի էլ լինելու, քանի որ Ռուսաստանը ևս քայքայվում է, որքան էլ Պուտինը ցանկանա ստեղծել սովետական կայսրություն, իր շուրջը համախմբի ԿԳԲ-ականններին, ձախողվելու է այդ միությունը։

Կա՛մ կթռնեն, կա՛մ կտրաքվեն

-Ըստ Ձեզ՝ իշխանությունները չե՞ն տեսնում երկրում ստեղծված վիճակը:

-Շատ լավ են տեսնում: Նրանք չեն էլ թաքցնում, որ երկիրը փոշիացնելու, կործանելու կոնկրետ առաքելություն ունեն: Չգիտեմ, թե այդ ծրագիրը ԿԳԲ-ի որ սենյակներում է մշակվել, կամ թե դա Հեյդար Ալիևի ծրագիրն է, որ ոչ մի պատերազմ էլ պետք չէ վարել Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանին պետք են այսպիսի իշխանություններ, որոնք կքայքայեն այս երկիրը: Վերջիվերջո, ո՞վ է այսօր երկիրը կառավարում՝ այս նախագահն ու սրանից առաջ եղած նախագահը, ովքեր եղել են Կոմսոմոլի կարկառուն ներկայացուցիչներ, կարկառուն ագենտներ: Իսկ ո՞վ է այսօր ենթարկվում Ռուսաստանին՝ իրենք։ Իսկ ո՞վ է ՌԴ նախագահը՝ ԿԳԲ-ի կարկառուն ներկայացուցիչ: Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ:

-Իսկ ո՞վ է ժողովուրդը նրանց համար:

-Սովորական զանգված, որը, ըստ նրանց, պետք է լինի հլու-հնազանդ՝ հնարավորինս մուծելով հարկերը՝ պատռվելով, մի ձևով մուծելով: Իրենք մտածում են, որ հանրային տարածք վերցնեն և սեփականացնեն, որտեղ կանգնելու համար պետք է փող վճարես: Ինչո՞ւ են իրենք ձգտում իշխանության, ինչո՞ւ են ստեղծել ոստիկանական երկիր․ որովհետև մտածում են, որ թալանելու տեղ դեռ կա: Իրենք արդեն հասել են ժողովրդի գրպանների անկյունները, մտածում են՝ երկրի ընդերքից էլ ի՞նչ կարելի է վերցնել:

-Հետո՞:

-Հետո կա՛մ կթռնեն, կա՛մ կտրաքվեն․ երկրորդն ավելի հավանական է իրենց դեպքում: 

Լուս.՝ Հասմիկ Դանիելյանի

Մեկնաբանություններ (5)

Թլկատինցի
«....որ նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների համեմատ չենք զարգանում, այլ հետ ենք գնում»: Ինչու անպայման պետք է շեշտել «Աֆրիկյան-ը»: Ուրիշ տեղ թերաճ երկիր չկա՞: Պարզւում է որ Հայաստանն է գնում հետ, եւ ոչ մյուսները:
Գեւորգ
//Եվ այսօրվա դրությամբ թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, որ երկրի կործանման համար պատասխանատուներից մեկը կարող է ստրկական նամակ գրել ռուսաց թագավորին՝ մի ազգի ներկայացուցչի, որից ամբողջ աշխարհը խորշում է (!?) (դրա համար են երեւի այլ ազգերը ,,լուսամուտից,, ներս խծկվում ռուսաստան, երբ նրանց ծեծում ու դռնից դուրս են քշում!): Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է: Դա պետական դավաճանություն է: Նրանք, ովքեր ցանկություն ունեն մտնել Մաքսային միություն կամ վերադառնալ դեպի ստալինիզմ՝ պետական դավաճանություն են գործում:// -- Ամպի գոռոց չենք լսում արդյոք? Իրավունք ունի որեւե մեկը (թեկուզ եւ լավ թարգմանիչ լինի) այսպիսի կատեգորիկ լոզունգներ հնչեցնի (իմա՝ քֆուր դնի!) ամենքիս առաջ? Նախ էդ հիշված նամակը բոլորովին ստրկական չէ, երկրորդ՝ մեր ժողովրդի մեծամասնությունը ճիշտ հակառակն է գտնում, բնազդաբար կամ իմաստաբար (սա փաստ է, որի իսկությանն ու հիմնավորվածությանը նույնիսկ եվրո հրապուրողները չեն առարկում! ) Հետեւաբար կարելի է խորհուրդ տալ, որ կոշկակարն իր գործով զբաղվի, թարգմանիչն էլ աշխատի ճիշտ թարգմանի (ուրիշի մտքերն ու ասածները):
anag
-Շատ լավ են տեսնում: Նրանք չեն էլ թաքցնում, որ երկիրը փոշիացնելու, կործանելու կոնկրետ առաքելություն ունեն: Չգիտեմ, թե այդ ծրագիրը ԿԳԲ-ի որ սենյակներում է մշակվել, կամ թե դա Հեյդար Ալիևի ծրագիրն է, որ ոչ մի պատերազմ էլ պետք չէ վարել Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանին պետք են այսպիսի իշխանություններ, որոնք կքայքայեն այս երկիրը: Վերջիվերջո, ո՞վ է այսօր երկիրը կառավարում՝ այս նախագահն ու սրանից առաջ եղած նախագահը, ովքեր եղել են Կոմսոմոլի կարկառուն ներկայացուցիչներ, կարկառուն ագենտներ: Իսկ ո՞վ է այսօր ենթարկվում Ռուսաստանին՝ իրենք։ Իսկ ո՞վ է ՌԴ նախագահը՝ ԿԳԲ-ի կարկառուն ներկայացուցիչ: Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ:
ditord
Ինչքան երախտամոռ պետք է լինել՝ շարունակելով ապրել, սովորել, աշխատել... ՍՈՎԵՏԻ սարքած բնակարաններում, դպրոցներում, գործարաններում և վայրահաչել ....
Suso
Kecces ditord vayrahachel bar@ hrashali er Sovetin varkabekogner@ petk e amotic getin@ mtnen;Lav kyanqic che vor hishum enk Hin@; Tvek lav kyank ev mardik iskyun kmoranan SOVET@; Isk lav ban Hayastanum ERBEK chi lini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter