HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. բոյկոտել Սամվել Ալեքսանյանի բիզնեսը

Նախախորհրդարանի քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

«Երևան Սիթի» սուպերմարկետների տերը, անտեսելով ու արհամարհելով մեր ժողովրդին, օրենքին ու պետությանը, ապօրինի կերպով ձեռք է բերել հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան, դիտավորյալ կերպով քանդել է նրա մի մասը` կատարելով քրեական հանցագործություն, այդ տեղում ապօրինի կերպով կառուցել է սուպերմարկետ, որտեղ դարձյալ ապօրինի կերպով ծավալել է հասարակական առևտրի գործունեություն:

Սեփականատերը Ծածկած շուկայի վերակառուցման և նրա տեղում սուպերմարկետ կառուցելու համար չի ունեցել շինարարության թույլտվություն ու նախագիծ և այդ շինությունը շահագործում է առանց օրենքով սահմանված ավարտական ակտի, ինչպես նաև չունի այդ շինության նկատմամբ որևէ իրավունքի մասին հավաստող պետական պաշտոնական փաստաթուղթ:

Բացի այդ` նշված սուպերմարկետի շենքը շինարարական նորմերին, այդ թվում` սեյսմիկ անվտանգության պահանջների մասով, համապատասխանության ստուգման չի ենթարկվել, ուստի վտանգավոր է այնտեղ գտնվող աշխատակիցների և հաճախորդների կյանքի ու առողջության համար:

Պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների մի մասը` ի դեմս մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունների և քաղաքապետարանի, իրենց գործառույթները կատարել են միայն մասամբ: Նրանք ընդամենը հաստատել են այն փաստը, որ պատմամշակութային հուշարձան Ծածկան շուկան վնասվել է և նրա տեղում կատարված շինարարությունն ապօրինի է: Սեփականատեր օլիգարխն ընդամենը ենթարկվել է վարչական տույժի, սակայն վճարելով իր համար չնչին այդ գումարը, շարունակել և ավարտին է հասցրել հանցագործությունը:

Մինչդեռ իրավապահ մարմինները` ի դեմս դատախազության և ոստիկանության, որդեգրել են խեղկատակի, մեր ժողովրդին մոլորեցնողի և հանցագործին հովանավորողի ու պաշտպանողի վարքագիծ: Եվ, հանցագործությունը կանխելու փոխարեն այն հովանավորելով, իրենք նույնպես հանցագործություն են կատարում:

Բացի այդ` «Երևան Սիթի» սուպերմարկետների տերը, օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին, շուկայից դուրս է մղում ու սնանկացնում փոքր և միջին խանութներին: Այդ խանութների սնանկացման հետևանքով փակվում են հարյուրավոր աշխատատեղեր, իսկ դրանց տերերը կամ արտագաղթում են կամ էլ հայտնվում աղքատության ճիրաններում:

Ուստի Նախախորհրդարանը բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել մեր ժողովրդին ու պետությանը բացահայտ կերպով պատերազմ հայտարարած և մեր մշակույթը ոչնչացնող օլիգարխին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետները և գնումներ կատարել մեզ հարազատ փոքր ու միջին խանութներից:

Նախախորհրդարանը կոչ է անում միանալ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու պայքարին և  հիշեցնում, որ հուշարձանի ազատագրման և օլիգարխին համաժողովրդական ճնշման միջոցով պատժի ենթարկելու ու հնազանդեցնելու այս պայքարը ընդամենը հանուն հուշարձանի կամ մեկ օլիգարխի դեմ ուղղված պայքար չէ: Ծածկած շուկան մեր կեղեքված երկրի ու ժողովրդի, իսկ օլիգարխը` կեղեքիչ համակարգի մասերն ու խորհրդանիշներն են: Ուստի ազատագրելով հուշարձանը` մենք մասամբ ազատագրում ենք մեր երկիրն ու մեզ, իսկ պատժելով ու հնազանդեցնելով օլիգարխին` խարխլում ենք կեղեքիչ համակարգը` դրանով իսկ մոտեցնելով ընդհանուր ազատագրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter