HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմեն. այսօրվա օրենքի նախագծով իրականում ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում  և զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ըստ էության ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:

Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների  դատավորների նկատմամբ:

Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ:

Միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում տարանջատում բարձրագույն և մյուս դատական ատյանների դատավորների միջև չի իրականացվում,  գործածվում է «դատավոր» եզրույթը, որը վերաբերում է պետությունների դատական համակարգի բոլոր դատավորներին, անկախ կարգավիճակից:

Նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն նաև Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաև կարգապահական պատասխանատվությունը՝  դատավարական օրենքի խախտման հիմքով:

Նախագծով կարգավորվում է նաև դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն. բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ դատական վիճակագրության համաձայն՝  Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում:

Մարդու իրավունքների պաշտպանն իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրել է դեռևս նախագծի  մշակման փուլում: Թեև ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է, սակայն, ցավոք,  հիմնական մտահոգիչ դրույթները մնացել են նախագծի տեքստում:

Այս մասին հայտնում է պաշտպանի աշխատակազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter