HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կմնան միայն երթուղայինի հույսին մնացածները

Տրոլեյբուսում դիմացիս նստարանին մի մարդ էր նստած՝ մորուքավոր, պատկառելի տարիքի, մի խոսքով… Ինչ-որ բան էր քթի տակ խոսում, հետո, ինչպես ինքն ասաց, մյուզիքլում իրեն մի փոքր դեր են տվել, տեքստն էր անգիր անում: Չէի ճանաչում նրան, ինքն էլ, բնականաբար, ինձ էր առաջին անգամ տեսնում, բայց տրոլեյբուսը երթուղային չէ. մարդկանց զրույցի բռնեցնելու մոգական հատկություն ունի: Արդեն ծանոթ անծանոթը մի բան պատմեց այն թվերից, երբ ես ու իմ սերունդը կամ դեռ չէինք ծնվել կամ նոր էինք պատրաստվում ծնվել.

«88-ին հասարակությունը բյուրեղացած էր, անգամ գողություն չէր կատարվում. գողերն էլ էին Ազատության հրապարակում, նրանք էլ էին Ղարաբաղն ուզում: Մարդիկ օրերով այդպես կանգնում էին:

Ինչ-որ մարդիկ երբեմն ուտելիք էին բերում. վերջին շարքերից, իրար փոխանցելով, այն հասնում էր առաջին շարքերը՝ օրերով կանգնածներին: Վերջին շարքերում կանգնածներն էլ էին օրերով հրապարակում, բայց  ուտելիքը, առանց մի փշուր պակասելու, հասնում էր առաջին շարքեր. հետևի շարքերում կանգնածներն ամաչում էին խոստովանել, որ իրենք էլ են ահավոր սոված»:

Հետեւի շարքերում  կանգնածներից մեկն էր այդ մարդը, ու հիմա տրոլեյբուսում դիմացս նստած խոստովանեց դա:  

Ժամը շատ ուշ չէր, բայց քաղաքային տրանսպորտի համար տաքսիներն արդեն օրորոցային էին երգում: Մեր տրոլեյբուսը փչացել էր. առաջ էինք բրդում՝ ես, 88-ից եկած այդ մարդն ու վարորդը: Տրոլեյբուսը դժվարությամբ, բայց տեղից պոկվեց՝ իր հետևում թողնելով երթուղայինի հույսին մնացած մարդկանց:

88-ի մարդը միգուցե այդպես էլ չհիշեր Ազատության հրապարակը, բյուրեղացած հասարակությանը, ազատատենչ գողերին, եթե տրոլեյբուսը երեքով չբրդեինք՝ երթուղայինի մեջ խցկված ու տուն գնալու հույսին մնացած մարդկանց հայացքների ուղեկցությամբ:

Ափսոս, որ 88-ի մարդիկ մի օր էլ չեն լինի, տրոլեյբուսները բրդելու կարիք էլ չի լինի. նրանք էլ քաղաքին հրաժեշտ տված տրամվայների ճակատագիրը կկիսեն: Հասարակության բյուրեղացման համար, թերևս, հարկ կլինի սպասել հաջորդ կայսրության փլուզմանը, այդպես վեհ հնչող «ժողովո՜ւրդ» ասվածից կմնան միայն երթուղայինի հույսին մնացածները: 

Մեկնաբանություններ (2)

Մարի
,,88-ից այս մարդը,, հայտնի քամանչահար և գեղանկարիչ Հակոբ Խալաֆյանն է..)))
Մարի
ԽալաԹյան /ներեցեք/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter