HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք դաբրոյով աշխատող կառույց չենք, և ոչ էլ մեր օժանդակությամբ վկաներ են փակվում». ավագ դատախազ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Շարբաթյանի սպանության գործով հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի լիազորագրով  մեղադրանքը պաշտպանելու էին ներկայացել երեք ավագ դատախազներ: 

Նրանցից Սոս Տոնոյանը և Պետրոս Մարտիրոսյանը դատարանին հանձնեցին իրենց լիազորագրերը: Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը: Տուժողի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ Արթուր Սաքունցը աշխատանքի բերումով գտնվում է հանրապետությունից դուրս: Սաթենիկ Սարգսյանը նաև հայտնեց, որ Արթուր Սաքունցի բացակայության դեպքում չի կարող մենակ պաշտպանել տուժողի շահերը եւ դատարանին առաջարկեց  գործով ներգրավել փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մայիս Հովհաննիսյանին:

Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ չի հրաժարվում Արթուր Սաքունցի պաշտպանությունից: Դատարանը պարզեց, որ տուժողի ներկայցուցիչը դեռևս պայմանագիր չի կնքել փաստաբան Մայիս Հովհաննիսյանի հետ: «Դրան կանդրադառնանք»,- ասաց դատավոր Նարինե Հովակիմյանը: Դատարանը լսեց պաշտպան Ռուբեն Հակոբյանի հոկտեմբերի 4-ի բացարկի հետ կապված մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանի պատասխանը: Մեղադրողը անհիմն որակեց պաշտպանի միջնորդությունը:

Իր պատասխան խոսքում դատախազը այդպես էլ չանդրադարձավ Ռուբեն Հակոբյանի կողմից հիշատակվող սպանությանը ներկա, ինքնությունը չպարզված 3-4 անձանց, այն դեպքում, երբ պաշտպանը գտնում էր , որ  մեղադրող կողմը նրանց ինքնությունը չի բացահայտել միտումնավոր: Դատախազը շրջանցեց նաև վկա Կարեն Խեչոյանի պարագայում մոտ 5 ամիս քննիչի կողմից  առերեսում չկատարելու փաստը: Ռուբեն Հակոբյանը Կարեն Խեչոյանի մասին դատարանին հիշեցրեց  դատավոր Հովակիմյանի կողմից իր միջնորդությունը մերժելու որոշումը կարդալուց հետո, իսկ ինքնությունը չպարզված 3-4 անձանց` դատախազի շրջանցելու փաստը պաշտպանը անուշադրության մատնեց:

 Աշոտ Գրիգորյանը իրավացի չհամարեց վկաների առերեսման հետ կապված` ամբաստանյալների իրավունքերը խախտելու մասին քննիչին ուղղված պաշտպանի մեղադրանքները: Ասաց, որ նախաքննության ընթացքում քննիչը  կատարել է հնարավոր բազմաթիվ առերեսումներ: Համաձայնեց, սակայն, որ,  առանձին դեպքերում առերեսումներ չեն կատարվել վկաների և ամբաստանյալների միջև: Մեղադրող դատարանին  ներկայացրեց դրա պատճառները: Ըստ նրա` սպանությանը ականատես առանձին վկաներ  տանում են հոգեկան ստրեսներ:

Այս առումով մեղադրողը դատարանին ներկայացրեց 19 տարեկան  Հայկ Ասլիկյանի հոգեվիճակը, ում աչքի առաջ տեղի է ունեցել դեպքը. «Նա  դիմում է գրում, ասում է` նյարդերս էլ չեն դիմանում, ասում է` էսպես ես չեմ կարող: Մենք դնում ենք, ցուցմունք չտալու համար քրեական պատասխանատվության ենք ենթարկում Հայկին: Այսպես է մտածում պարոն պաշտպանը»,- ասաց դատախազը: Նախաքննության ընթացքում եղել է նաև այնպիսի վկա, ով ասել  է, որ իր համար ցուցմունք տալն ու առերեսումը հոգեկան ստրես է: Այսպիսի վկաների նկատմամբ, ըստ դատախազ Գրիգորյանի, քննիչի կողմից եղել են զիջումներ: Աշոտ Գրիգորյանը իր պատասխանում պաշտպանին նախատեց վարույթն իրականացնող մարմնին բանավոր և գրավոր միջնորդություններ ներկայացնելու մասով: Հերքեց  Լոռու մարզի դատախազության կողմից  քրեադատավարական նոր ընթացակարգ հնարելու պաշտպանի գնահատականը. «Հարգելի Հակոբյան, մենք մարդկանց դիմում գրել չենք տալիս, պարզապես, եթե Ձեզնից շատ ենք մտնում մարդկանց դրության մեջ, չի նշանակում, թե մենք խախտել ենք օրենքը»,- ասաց  մեղադրողը:

Վերջինիս համար անհասկանալի էր մնում, թե պաշտպանը ինչպես է պատկերացնում սպանվածի կնոջ կամ Տաթևիկ Ասլիկյանի հանդիպումը  արարքը կատարողների հետ: Մեղադրողը դատարանին նաև բացատրեց, որ տուժող Շարբաթյանի նկատմամբ գործի վարույթը կարճելու որոշում չընդունելը դիտավորություն չէ, և նպատակ չի ունեցել անձանց զրկել մեղմացնող հանգամանքներից: Աշոտ Գրիգորյանը  անընդունելի համարեց Լոռու մարզի դատախազության մասին Ռուբեն Հակոբյանի գնահատականները . «Մենք դաբրոյով աշխատող կառույց չենք, և ոչ էլ մեր օժանդայությամբ վկաներ են փակվում»,- պաշտպանին հակադարձեց ավագ դատախազը: 

Վերջինս նաև ակնարկեց Ռուբեն Հակոբյանին. «Մեր ինֆորմացիայով, պարոն Հակոբյան, Ձեր սցենարներով են փակվում շատ վկաներ: Մենք շատ բան գիտենք, բայց դատաքննությունը կընթանա, կտեսնենք` որը որից հետո  է»,- ասաց մեղադրող Գրիգորյանը:

Դատախազը պաշտպանին իր վիրավորանքը հայտնեց իր հասցեին օգտագործվող ուշիմ բառը չակերտի մեջ գրելու համար: Աշոտ Գրիգորյանը  դատարանի հայտնեց, որ պաշտպանի միջնորդությունը հիմնավոր չէ և  ենթակա է մերժման: Իր պատասխան խոսքոււմ Ռուբեն Հակոբյանը դատախազին կոչ արեց էմոցիոնալ երևէջները մի կողմ թողնել և խոսել  միայն իրավաբանությունից: Ի լրումն դատախազի` նա  հայտնեց, որ բանավոր  միջնորդություններ անելու իրավունք փաստաբանն ունի: Եվ  եթե այդ միջնորդությունները փաստաբանն անում է քննչական գործողությունների ընթացքում, դրանք  պետք է մտնեն քննչական արձանագրությունների մեջ: «Ինձ համար նորություն էր, որ ծանր հանցագործությունների դեպքում կարելի  է չկատարել առերեսումներ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա մեղադրողի պատասխանին ներկայացրեց նաև այլ առարկություններ: Դատարանը մերժեց  Լոռու մարզի դատախազությանը և մեղադրող Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու մասին պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:      

Մեկնաբանություններ (2)

Նարինե Ավետիսյան
Տիկին Փարեմուզյանը իմ կողմից հարգված լրագրող է, սակայն եթե այս հոդվածը չստորագրվեր իր անունով, երբեք չէի կարող պատկերացնել, որ նա այսչափ միակողմանի հոդված կարող է գրել: Այն տպավորությունն ստացա, կարծես դատախազության լրատվական ծառայությունից են գրել սույն հոդվածը, ինչպես նաև նախորդը, որը չկայացած դատական նիստի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի անեծքն ու լացն էր: Իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը: Այն տպավորությունն եմ ստանում, որ այս դատավարությունը ոչ թե կոնկրետ տեղի ունեցածի դատավարությունն է, այլ մի տեսակ թաքնված, նախկին և ներկա հարաբերությունների հենքի վրա ստեղված շոու է: Հետևելով մամուլի հրապարակումներին և մասնակիցը լինելով դատավարության լուսաբանմանը /Լոռի TV/, ակնհայտ երեևում է հաշվեհարդարի սպառնալիք ոչ թե կոնկրետ դեպքի հետ կապված, այլ ամբաստանյալների և տուժողների ու նրանց իրավահաջորդների կողմից այլ հարթության վրա : Առաջին անգամ եմ տեսնում, որ տուժող կողմը շահագրգռված չէ, որպեսզի դատատավարությունը արագ և արդար անցկացվի: ՛՛ Հետքը՛՛ սկսում է սույն դատավարության լուսաբանումը , ի դեմս իր այսինչ թղթակցի, հանկարծ տվյալ թղթակիցը հայտնվում է այնպիսի վիճակում, կարծես ինքն է հանցագործության հեղինակը: Հետո նույն ՛՛Հետքը՛՛ լրիվ միակողմանի նյութեր է հրապարակում մեկ այլ լրագրողի ձեռամբ, որոնք ընդհանրապես կապ չունեն տվյալ դատավարության հետ: 1in.am-ը սկսում է լուսաբանումը, այնուհետև անհասկանալի պատճառով դադարեցնում: Այս գործում ինչ որ բան այնպես չէ:
Լարիսա Փարեմուզյան
Նարինե Ավետիսյանին ----- Դուք մոռանում եք անկողմնակալ տեղեկատվության մասին: Ես ինչպես նկատում եմ նաև չեք տարբերակում լրագրողի և պաշտպանի պարտականությունները: Ես դատարանում որևէ մեկի շահերի պաշտպանը չեմ: Մի շփոթեք: Ես լրագրող եմ և պարտավոր եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող դատաքննության դահլիճից հանրությանը ներկայացնել համակողմանի տեղեկատվություն, այդ թվում` մեղադրյալների ու իրենց պաշտպանների, տուժողների ու իրենց ներկայացուցիչների, մեղադրողի միջնորդությունների ու ճառերի և վկաների ցուցմունքերի մասին: Մի?թե ես պետք է Ձեզ բացատրեմ, որ այս պարագայում լրագրողը որևէ պատասխանատվություն չի կրում դատարանի դահլիճում արտահայտած մեղադրողի, պաշտպանի, վկաների և ամբաստանյալների կարծիքների համար: Նախորդ մեր հրապարակման մեջ ներկայացրել էինք ամբաստանյալներից 2-ի պաշտպան Ռուբեն Հակոբյանի Լոռու մարզային դատախազությանը և մեղադրողին հայտնած բացարկի միջնորդության բովանդակությունը: Ձեր կարծիքով մենք սխալ էր արել հա?, որ հրապարակել ենք պաշտպանի միջնորդության դեմ մեղադրողի պատասխանները: Զավեշտալի է: Ես ենթադրում եմ, որ հետայսու դուք ինձ չեք մեղադրի նաև վկաներից յուրաքանչյուրի այն ցուցմունքների համար, որոնք Ձեր սրտովը չեն լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter