HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հե՜յ, ով կա այդտեղ. խառը մտքեր աշխատավարձի բարձրացման շուրջ

Նրանք մի քանի օր առաջ մի հարսանիքի էին, մի քիչ պետության գործերից էլ խոսեցին ու հասկացան, որ գործազուրկներին 18 հազար տալը լրիվ ավելորդություն է: Եվ նույնիսկ զղջացին, որ դա չեն արել մի քանի տարի առաջ: Նախորդ ընտրություններից հետո՝ փաստորեն հինգ տարի, «փոշիացրել» են բյուջեի փողերը: Եվ այդ փողերով որոշեցին իրենց աշխատավարձը բարձրացնել:

Այս կառավարության անդամները լսել են աղքատության մասին, բայց չգիտեն, թե դա ինչ է: Տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում կարդացել են, նույնիսկ աղքատների թիվն են հաշվարկել, ասում են՝ բնակչության 32,5 տոկոսն է աղքատ: Իհարկե, այս թիվը արժանահավատ չէ, բայց գոնե ընդունում են, որ աղքատություն կա երկրում: Կարող էին դա էլ չընդունել ու ասել՝ մեր երկրում աղքատ մարդ չկա:  

Պատերազմի մասնակից ընկերս պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման լուրից կատաղել էր: Նա ասում է՝ պայքարի ձեւերը պետք է փոխել: Ես համաձայնում եմ՝ գլխով անելով: Նա շարունակում է.

-Քաղաքացիական անհնազանդության հզոր ակցիաներ պետք է կազմակերպել: Ասենք` բոլորս նույն պահին անջատում ենք հոսանքը:

Ես ժպտում եմ ու ասում.

- Հետո՞:

-Հետո նույն ժամին բոլորս նստում ենք գետնին, կապ չունի՝ որտեղ ենք:

-Հետո՞ (ես սկսեցի պատկերացնել այդ ամենը):

-Հետո միանգամից նույն պահին փակում ենք բոլոր փողոցները: Գյուղերում, քաղաքներում, մայրուղիներում ու չենք շարժվում:

-Հետո՞:

-Հետո նրանք ոստիկանություն ու բանակ են բերում: Բայց նրանք բոլոր տեղերում այդքան զորք ու ոստիկանություն չեն կարող տանել:

-Հետո՞:

-Մեկ շաբաթ եթե կարողանանք դիմանալ, բանակն ու ոստիկանությունը կանցնեն խաղաղ ակցիաներ անող ժողովրդի կողմը:

Ես ասում եմ՝ չի լինի: Հարցնում է՝ ինչու՞: Ասում եմ՝ դրա շարժիչ ուժը ուսանողությունը պետք է լինի, իսկ Հայաստանում ուսանողություն չկա:

Ընկերս զարմացած ասում է. «Դու սխալվում ես»:

Ես չգիտեմ՝ գուցե սխալվում եմ:  

Նրանք գիտեն, որ երկրում դեռ մարդ է մնացել եւ դեռ նրանց հաշվին կարող են բյուջեն մսխել:

Իսկ հիմա՝ կառավարության տվայտանքների մասին: Եթե կառավարությունն ուզում է աշխատավարձերը բարձրացնել, դա կարող է անել մեկ այլ ճանապարհով՝ կրճատել նախարարությունների ուղիղ կեսը: Ինչների՞ս են պետք, ասենք, էկոնոմիկայի, մշակույթի կամ սփյուռքի նախարարությունները եւ այսպես շարունակ: Կրճատեք եւ խնայված գումարներով բարձրացրեք քաղծառայողների աշխատավարձը: Եթե ուզում եք նախագահի աշխատավարձը բարձրացնել, աշխատանքից ազատեք տարատեսակ խորհրդականներին:  

Ինչների՞ս է պետք 131 հոգանոց Ազգային ժողովը: Կեսով կրճատեք այդ թիվը, դարձրեք 65: Դա այնքան հեշտ կարելի է անել. 5-րդ դասարանի համար նախատեսված թելադրություն տվեք պատգամավորներին, ով 5 սխալից ավելի արեց՝ հանեք ԱԺ-ից: Կարծում եմ՝ հենց 65 հոգի էլ կմնա թելադրությունից հետո: 

Մեկնաբանություններ (2)

Amalia
Մեր երկրում կես միլիոն թոշակառու կա, որոնք միջինում ամսական 25 հազարի հույսին են: Այդ գումարով կոմունալ ծախսեր են վճարելու, հոգալու են դեղերի, ուտելիքի, հագուստի ու կոշիկի կարիքները: Այս թշվառ զանգվածը թողած, անընդհատ ուրագի պես “միշտ դեպի ձեզ, միշտ դեպի ձեզ” եք նայում: Այդքան խիստ անհրաժեշտություն էր պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելը, հա? Ինչն է փոխվել ձեր աշխատանքում, ինչ նոր որակ է հայտնվել? Թե գներն են աճել, դոլարի կուրսն է թռել, դրանք համահայաստանյան երևույթներ են: Գոնե պատկերացնում եք, թե այդ ամենը ոնց է ազդում ժողովրդի վրա, պետական պաշտոնյաներ: Երբևէ մտածում եք, որ թոշակառուները ոնց են յոլա գնում? Ու միտս է գալիս հանրահայտ “բարեմաղթանքը”` Чтоб вы жили на одну зарплату…
Գևորգ
Մարդ չկա այդտեղ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter