HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ նախագահ Ս. Սարգսյանին

ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին`

Երևան քաղաքի  Հրաչյա Քոչարի  փողոցի 19 շենքի  բնակիչներից

 

Բաց նամակ

 

Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեզ դիմելու պատճառն այն ճարահատությունն է, որ համակել է  Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի  19 շենքի բնակիչներին՝ նրանց կողմից  իրավասու մարմիններին հասցեագրված արդարացի բողոքի քամահրման պատճառով: Վերոնշյալ հասցեում գտնվող  շենքը բաղկացած է  թվով 36  բնակարանից և 5 ոչ բնակելի տարածքներից: Համաձայն  շենքի անձնագրի՝ գլխավոր հատակագծի՝ 860 քմ. մակերեսը  հանդիսանում է շենքի բնակիչների սեփականությունը: Անհայտ պատճառներով սակայն, շենքի գլխավոր հատակագիծը ենթարկվել է փոփոխությունների: Ըստ այդմ՝ իբրև երթևեկելի ճանապարհ (հանդիպակած ավտոմեքենաների երթևեկը դյուրացնելու նկատառումներով) սեփականության  իրավունքով շենքին տրամադրվել է լրացուցիչ հողատարածք: Հետագայում արդեն հիշյալ  հողատարածքը՝  արդեն շենքի իրական սեփականությունը հանդիսացող բազմաբնակարան շենքի անվտանգ ճանապարհի հետ միասին՝ սեփական շինություն կառուցելու նպատակով տրամադրվել է մեկ այլ քաղաքացու:

Շենքի սեփականությունը հանդիսացող  տարածքը ( շենքին կից մայթեզրից 1մետր լայնքով և 11 մետր երկարությամբ), որն ի դեպ բորդյուրապատ էր և ապահովվում էր բնակիչների  անվտանգ անցուդարձը,  Հրաչյա Քոչարի թիվ 19 և 17  շենքերի միջնամասում՝ անմիջապես շենքի մայթի վրա շինարարություն իրականացնելու նպատակով  հատկացվել է  քաղաքացի  Համազասպ Գրիգորյանին: Վերջինիս կողմից  իրականացվող շինարարական աշխատանքները սկսել  են ս.թ մայիսի 6-ին: Այդ ընթացքում քանդվել է  շենքի հիմքը, իրականացվել են փոսորակի փորման որոշակի աշխատանքներ, որի հետևանքով վնասվել է ամբողջ թաղամասի ենթակայանը սնող բարձրավոլտ էլեկտրական  մալուխը: Բազմաբնակարան  շենքերի բնակիչներն ու նշված շենքերում տեղակայված կարևորագույն հաստատությունները, ի դեմս «Ինեկոբանկի», մասնաճյուղի՝ վթարի հետևանքով հոսանքազրկվել էին:

Շենքերը մինչ օրս հաճախակի են հոսանքազրկվում, ինչն էլ հանգեցրել է բնակարաններում առկա  էլեկտրատեխնիկայի փչացմանը: Կառուցապատողը չի ունեցել  բազմակողմանի  և ճշգրիտ փորձաքննություն անցած օրինական թույլտվություն: Ինչպես նաև՝ բազմաբնակարան շենքի բնակիչների համաձայնությունը: Շենքի  սեփականությունը հանդիսացող  և որպես  մայթ ծառայող տարածքն, ըստ էության, սեփական տարածքի ընդլայնման  նպատակով հանձնվել է մեկ քաղաքացու: Ավելին, կառուցողը կեղծելով բնակիչների ստորագրությունները՝ շենքի բնակիչների կողմից իբրև թե հրավիրված ընդհանուր ժողովի արձանագրությունը ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, որն էլ իր միջնորդությամբ՝ հաստատման  նպատակով փաթեթը ներկայացրել է Երևանի քաղաքապետարան: Արդյունքում տրվել է շինարարության  թույլտվություն: ՀՀ Կառավարության  կողմից 02.02. 2002 թվականին հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույտվության կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշմամբ  հաստատված կարգի դրույթները հիմք ընդունելով, հարկ ենք համարում նկատել, որ կառուցապատողի կողմից  փոսորակի փորման աշխատանքների իրականացման ժամանակ բնակիչներին  հասցված վնասները ենթակա են փոխհատուցման:

Կեղծիքը բացահայտելու խնդրանքով  և առկա իրավիճակը շտկելու մտադրությամբ դիմել ենք  հանրապետության բարձրաստիճան իրավապահ մարմիններին: Մեր  բոլոր դիմումները ,սակայն, վերահասցեագրվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական մարմիններին: Վերջիններիս կողմից անցկացված համապատասխան քննությունից հետո հարուցվել է քրեական գործ՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է շենքում ժողով  հրավիրվել, արձանագրություն կազմվել և տրվել շինարարություն արտոնող համաձայնություն, հենց որն էլ ընկած է քաղաքապետի կողմից տրված թույլտվության հիմքում :Կատարված մեկ այլ քննությամբ էլ հարկ է բացահայտել համայնքին հասցված վնասի չափը: Բնակիչների  բողոքը հիմնավոր է, քանի որ մինչ օրս այդ մալուխները չեն վերակագնվել և ամբողջ թաղամասի էներգամատակարարումը հայտնվել է վթարային  վիճակում: Թաղամասի ենթակայանը արդեն քանի ամիս՝ աշխատում է վթարային ռեժիմով: Կցակառույցի շինարարությամբ ամբողջովին վտանգվել է նաև ելումուտ անող ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունն ու  Հրաչյա Քոչարի թիվ 19 և 17  շենքերի հրշեջ  անվտանգությունը: Հնարավոր  աղետի դեպքում՝ հրշեջ մեքենայի մուտքը  դեպի շենքի բակ փակվում է: Կցակառույցը անհնարին է դարձնում մեքենայի  անարգել շրջադարձը :

Կառուցապատողի՝ Համազասպ Գրիգորյանի կողմից իրականացվող շինարարության  պատճառով խախտվել է  նաև բազմաբնակարան շենքի  սեփականատերերի սեփականության իրավունքը: Խախտման հիմք է հանդիսացել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  կողմից տրված 25.02. 2013 թ-ի թիվ 01//18-Գ-660-133 շինարարության թույլտվությունը: Իր հերթին՝ հիշյալ թույլտվության հիմք է ծառայել՝ Արաբկիր վարչական շրջանի ,,Արաբկիր նախագիծ,, ՓԲԸ կողմից կողմից տրված, մասնագիտական  փորձաքննության չենթարկված նախագիծը: Այլ կերպ՝ ամեն ինչ ծնվել է կեղծիքի արդյունքում: Համատիրության կողմից  կազմվել է հիշյալ շենքի բնակիչների մասնակցությամբ ժողով, որտեղ կազմվել է  արձանագրություն և այդ արձանագրության հիման վրա էլ տրվել է համաձայնություն: Տպավորություն է ստեղծվում, թե իբր  բնակիչները տվել են իրենց համաձայնությունը և ստորագրել  են կազմված արձանագրության տակ: Իրականում  ոչ մի ժողով  էլ տեղի չի ունեցել և բնակիչները չեն մասնակցել այդ ժողովին և որևէ փաստաթղթի տակ չեն ստորագրել:  Ակնհայտ կեղծիքի մասին վկայող մի հանգամանք ևս:

Նույն օրը  «հրավիրված» բնակիչների ընդհանուր  ժողովից հետո կազմված արձանագրությունը, կառուցապատողի կողմից  հենց այդ օրն էլ  ներկայացվել է Արաբկիր վարչական տարածքի ղեկավարին: Ըստ այդմ՝ «ՇԵՆ ՕՋԱԽ» համատիրության Հրաչյա Քոչարի 19 շենքի սեփականատերերի  կողմից 15.01. 2013 թվականին հրավիրված ընդհանուր ժողովի արձանագրությամբ՝ բնակիչները հավանություն են տալիս Համազասպ Գրիգորյանի կողմից նախատեսված շինարարությանը, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն էլ հապճեպորեն  հենց նույն օրը համապատասխան գրություն է ներկայացնում Երևանի քաղաքապետարան և ճարտարապետահատակագծային  առաջադրանքը վավերացնելու և շինարարություն իրականացնելու  նպատակով՝ թույլտվություն  ստանում:

Երևանի քաղաքապետարանի 25.02.2013 թ-ի  թիվ  01//18-Գ-660-133 շինարարության թույլտվությունը, վերջինիս համար հիմք հանդիսացող   «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ  կողմից տրված13.02. 2013 թ-ի թիվ 045/13  եզրակացությունը և Հրաչյա Քոչար փողոցի թիվ 19 շենքի սեփականատերերի 15.01. 2013 թ-ի ընդհանուր ժողովի արձանագրությունը օրինական չեն, քանի որ այն հակասում է ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման  ողջ գործընթացին, ինչպես նաև հակասում է  է ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերի  դրույթներին: Նշված փաստաթղթերի անօրինականությունը պարզելու և  25.02. 2013 թ-ի շինարարության թույլտվությունը վերացնելու  կապակցությամբ շենքի բնակիչների կողմից  գրավոր դիմում-բողոքներ են ներկայացվել պատկան մարմիններին, անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղյալ հայտարարելու համար արդեն իսկ արտոնած թույլտվության որոշումը, քանի որ երևան են եկել նոր հանգամանքներ ,որոնք հակասում են Սահմանադրությանը և խախտում են բնակիչների սեփականության իրավունքը: Սակայն մեր բողոքները այդպես էլ մնում են անպտուղ, քանի որ մեր բոլոր դիմումները վերահասցեագրվում են նույն  այն պաշտոնատար անձանց, ովքեր տվել են այս չարաբաստիկ թույլտվությունը: Բոլոր ատյաններին հասցեագրված նամակներին տրվում են միանման պատասխաններ: Վերջին գրությունից  վկայաբերվող մեջբերումը՝ ասվածի վկայությունն է:  02.08. 2013 թ-ի Երևանի քաղաքապետարանի թիվ 18-08/ 1-4-3104 պատասխան գրությամբ  բնակիչներին պատասխանվել է.

«Վերոգրյալից ելնելով, հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում  փաստացի իրականացվել են փոսորակի փորման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով  հարցի կապակցությամբ հիշյալ շենքի բնակիչների անհամաձայնությունը շինարարական աշխատանքները կասեցվել են և կառուցապատողին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել վնաս կրող սուբյեկտների  հետ  համաձայնության գալու ուղղությամբ» ( մեջբերման ավարտ): Կասեցման վերաբերյալ հիշյալ պատասխանն անտեսելով, կառուցապատողն, այնուամենայնիվ, արագորեն շարունակում է ավարտին հասցնել  շինարարությունը:

Երևան Հր. Քոչարի 19 շենքի սեփականություն հանդիսացող տարածքը ( շենքին կից մայթեզրից 1մետր լայնքով և 11 մետր երկարությամբ) սեփականության իրավունքով  պատկանում է շենքի բնակիչներին, ինչը նշանակում է, որ բնակիչները ունեն վերոգրյալի նկատմամբ  ամրագրված իրենց սեփական գույքը անարգել տնօրինելու իրավունք, այնինչ բնակիչները չեն կարողանում  իրականացնել իրենց այդ իրավունքները:

 

Հարգարժան Նախագահ             

Մենք Հր. Քոչարի 19 և 17 շենքերի բնակիչներս դիմում ենք Ձեզ բաց նամակով՝ ակնկալելով մեր ոտնահարված սահմանադրական իրավունքների վերականգնումը:

Հարգանոք՝ Երևանի Հրաչյա Քոչար փողոցի 17 և 19 շենքերի բնակիչներ:   

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter