HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքա՞ն է խնայելու պետությունը գործազուրկների հաշվին

Նախորդ ձմռանն էր: Կապանի «անգործների» (տեղացիներն այդպես են անվանում Զբաղվածության կենտրոնը) շենքի մոտ հանդիպեցի ծանոթներիցս մեկին: Նա վատ զգաց, երբ իրեն տեսա «անգործներում», որովհետև, ըստ նրան, քաղաքում աշխատանք գտնելը դժվար է, ապրելը՝ ծանր: «Գյուդում չըմ, բայց գոնե էդ փողով հաց ենք առնում: Ասե տըսնամ, սա հի՞նչ պետության ա, վըր մարդ մի թիքա հացի հետի գլոխն օզում ա թխի պատեպատ, որ խոխեքիս աշքերին կարում չըմ յեշիմ»,- ասաց նա:

Նախագծի «պերճանքը»՝ ԱԺ-ում

Եթե ԱԺ քառօրյա նիստերին կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվում էր բուռն կրքերի մթնոլորտում, ապա «Զբաղվածության մասին» օրենքի նախագիծը, որ կրկին ներկայացրել էր կառավարությունը, քննարկվեց նիստերի կիսադատարկ դահլիճում, իսկ փոխարենը պատգամավորաշատ է լինում ԱԺ ճաշարանը: Դահլիճում տիրող մթնոլորտն այնպիսին էր, ինչպիսին աշակերտների համար դպրոցում 8-րդ դասաժամը: Քննարկվող առարկան հունվարի 1-ից գործազուրկներին հատկացվող ամսական 18.000 դրամ նպաստը վերացնելն է: Հանրապետականները միաբերան պնդում էին, որ ՀՀ քաղաքացիներին անգործունակ է դարձնում այդ նպաստը, և կառավարությունը հրատապ խնդիր է համարում մարդկանց միջից պետության հաշվին ապրելու հոգեբանությունն արմատախիլ անելը:  ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ գործազուրկներին պետք է ոչ թե փող տալ, այլ աշխատանք:

«Ոչ թե մարդուն պետք է գործազրկության նպաստ տանք և ասենք՝ հաջողություն, քո փողը տվել ենք, գնա, այլ մարդուն պետք է ռեալ օգնենք կրթության, ուղիղ ֆինանսավորման, ուղիղ խորհուրդներով, ուղիղ զբաղվածություն ստեղծելու համար»,- նշեց Հ. Հակոբյանը: ՀՀԿ պատգամավորը վստահեցնում էր, որ անապահովության սահմանված աստիճանին համապատասխանող ընտանիքները կօգտվեն սոցիալական աջակցության ծրագրից և որոշակի ժամանակահատված կստանան 36.000 դրամ ընտանեկան նպաստ: Հ. Հակոբյանի խոսքով՝ այդ օրենքի միջոցով կարող են հասնել գործազրկության չափերի իրական նվազեցման: Նույն խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ այդ օրենքով պետք է մարդկանց միջից հանել պետությունից փող մուրալու հոգեբանությունը, որ մարդը ձեռքը չմեկնի ու ասի՝ «պետություն ջան, փող տուր»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ՀՀ պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի զբաղվածության խնդրի լուծմանը: «Այս նախագիծը նպատակ չի դնում զբաղվածության ուղղությամբ իրականացնել կոնկրետ գործողություններ, այլ ընդամենն օգտագործում է կայուն զբաղվածություն բառակապակցությունը, որը ոչ միայն հեղհեղուկ է, այլ նաև Հայաստանի ներկա պայմաններում՝ աշխատաշուկայի և սոցիալ-տնտեսական պայմաններում, պարզապես ոչինչ տվող արտահայտություն և ձրակերպում է»,- նկատեց Ա. Մինասյանը, ում խոսքով՝ այդ օրենքի նախագծում բացակայում է հարկային քաղաքականության ուղղությամբ լուծումների առաջարկը: Նա հայտարարեց, որ օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը բացառապես դեկլարացիաներ են, բայց դրանց չեն հաջորդում կոնկրետ գործողություններ:

Հոդված 7. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների uտեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման եւ բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով եւ որակով աշխատուժի պահանջարկի բավարարման եւ առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:

3. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետեւողական ապահովումն է, ինչպես նաեւ աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:

4. Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման եւ աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:

«Ձևականությունը պահպանված է վերից վար, արդյունքում մենք այս օրենքով ոչ մի առաջընթաց չենք կարող արձանագրել զբաղվածության բնագավառում: Երրորդ կարևոր խնդիրը վերաբերում է նրան, որ ինչքան էլ պարոն Հակոբյանը նշի, բայց երբ կառավարությունը ծրագիր է ներկայացրել 100.000 աշխատատեղերի համար, զբաղվածության քաղաքականությունը, ուզեք թե չուզեք, պետք է տա լուծումը, տա կանխատեսելիությունը, թե այդ 100.000 աշխատատեղերն ինչ ուղղություններով, ինչ ձևերով են լուծվելու»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը: Նրա խոսքով՝ օրենքը կա՛մ պետք է փոխվի, կամ համալրվի մնացած լուծումներով՝ օրենքի վերնագիրը, կարգավորման նպատակները, ուղղությունները: Պատգամավորն առաջարկեց, որ, օրինակ, օրենքը կարող է լինել զբաղվածության ոլորտում սոցիալական պաշտպանության համակարգի մասին, այլ ոչ թե զբաղվածության մասին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ այնպիսի տպավորություն են ստեղծել, որ այդ նախագիծը հոգեբանության փոփոխության մասին է. «Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ քաղաքացիները մուրացիկ են, նպաստ ստանալու սովոր, այսինքն՝ աշխատելու ունակ քաղաքացիներ չեն, և մենք օրենք ենք ընդունում, որպեսզի նրանց հոգեբանությունը փոխենք»: Պատգամավորի խոսքով՝ այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է՝ պոպուլիստական դիվիդենտներ շահելու համար: «Ինձ համար շատ հստակ է այս նախագծի տրամաբանությունը՝ փող չկա: Գործազուրկների նպաստից օգտվում են ընդամենը 20.000 քաղաքացիներ, բայց երկիրն այն վիճակի մեջ է, որ 18.000 դրամը այդ 20.000-ի համար ևս չկա: Ուստի, հիմա փորձում են շատ գեղեցիկ, շատ գլոբալ, բարդ ձևակերպումներով, որ մենք պետք է սովորեցնենք ՀՀ քաղաքացուն` ինչպե՞ս դառնալ որակյալ մասնագետներ»,- ասաց պատգամավորը:

Թեև այդ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, բայց պատգամավորներից ոմանք տեղյակ չէին նախագծի բովանդակության մասին: Երբ փորձեցինք ստանալ որոշ հարցերի պատասխաններ, ոմանք նշեցին, թե նախագիծը կկարդան, հետո կասեն:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012 թ. գործազուրկների ընդհանուր թիվը եղել է 245.500, 2013-ի առաջին եռամսյակում այն կազմել է 230.200, երկրորդում՝ 228.100:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը այս տարվա օգոստոսին եղել է 57.200: Սա ԱՎԾ-ի պաշտոնական վերջին տվյալն է գրանցված գործազուրկների մասին: 2013 թ. օգոստոսին նպաստ է ստացել 9.500 գործազուրկ, իսկ նպաստի միջին չափը եղել է 16.475 դրամ: Այսինքն՝ օգոստոս ամսին պետությունը գործազուրկներին վճարել է 156.512.500 դրամ նպաստ:

Հետևաբար, եթե կլորացնենք թվերը, ապա պետությունը գործազուրկների հաշվին խնայում է ամսական 150 մլն դրամ, բայց թե ինչ նպատակով են օգտագործվելու այդ գումարները, հայտնի չէ: Մնում է հիշել զուգահեռաբար քննարկվող նախագիծը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին:

Մեկնաբանություններ (1)

art
it seems that the tea party also took over in armenia. the current leaders in armenia just want to kill the national soul or whatever is left of it, pushing individualism into priority, propagating the survival of the fittest. why are we such a bad nation? do we deserve to be called a nation when we know we cannot create enough jobs for our compatriots(because of well-known reasons) but we cut the unemployment subsidy. we actually kick the fallen hard which is a shame as he cannot say anything as he does not vote or even if he votes, his vote is bribed. the current leaders of Armenia are committing white genocide against their nation. at least get thru your thick skulls that by killing the national soul, you will not have warriors in the next war against our adversaries. how difficult is to understand that?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter