HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օգնենք Շարա Տալյանի թոռնուհուն». բաց նամակ՝ պաշտոնյաներին

ՀՀ նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին,  գլխավոր դատախազ պարոն Գ.  Կոստանյանին, ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի պարոն Նախագահ, հարգելի պարոնայք

Սույն բաց նամակը հղում եմ Ձեզ` նպատակ ունենալով վերականգնել արդարությունը և թույլ չտալ, որ Հայ ժողովրդի մեծանուն զավակ՝օպերային հայտի մենակատար՝ Շարա Տալյանի թոռնուհի` Ռուզաննա Միքայելի Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակում շրջի Երևանի փողոցներում:

Ես հանդիսացել եմ Շարա Տալյանի դստեր`Լուսյա Շարայի Տալյանի ընտանիքի բարեկամը և վերջերս մամուլից տեղեկացա,որ նրա միակ դուստրը` Ռ. Բաբաջանյանը, ունենալով սեփականության իրավունքով  իր անունով գրանցված Երևանի Ղ. Փարպեցի 9 ա շենքի 12 բնակարանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան, քանի որ այ ն զբաղեցնում է Լևոն  Ջամհարյանի ընտանիքը և թույլ չի տալիս Ռուզաննա Բաբաջանյանին մուտք գործել իր բնակարան:

Ռ. Բաբաջանյանը հանդիսացել է նշված բնակարանի 1/3 մասի սեփականատեր: Ծնողների մահից հետո նա ժառանգել է   նրանց պատկանող 1/3-ական բաժինները և գրանցել իր սեփականության իրավունքը ամբողջ բնակարանի նկատմամբ: Սակայն 2012 թ. ապրիլի 2-ին նրան հայտնի է դարձել, որ  Լ.Ժամհարյանի անչափահաս որդին` Ա. Ժամհարյանը Լ.Շ.Տալյանի անկողնային հիվանդ և անօգնական վիճակում գտնվելու ընթացքում՝ 2007 թ.ի մարտի 3-ին,  իբրև թե նվեր է ստացել այդ բնակարանը Լ. Շ. Տալյանից:

Նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքների բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո:

2007 թ. մարտի 3-ին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում Ա. Լ. Ժամհարյանի օրինական ներկայացուցիչ` Լ. Ժամհարյանի կողմից արգելվել է Լ. Շ.Տալյանին շփումներ ունենալ արտաքին աշխարհի հետ: Լ. Շ. Տալյանը կոտրվածքներով պառկած է եղել տանը: Իսկ Լ.Ժամհարյանը արգելել է հարևաններին մուտք գործել բնակարան և զրուցել վերջինիս հետ: Նախկինում Լ. Շ. Տալյանը իր հարևան` բնակչուհի Ի.Ս. Ս. Մավյանին հայտնել էր, որ Լ.Ժամհարյանը  հեռավոր ազգական է և ինքը անհանգստացած է, որ նա իրենց բնակարանի վրա աչք ունի և իր աղջիկը կարող է մնալ առանց բնակարանի: Ի. Ս. Ս. Մավյանը 2007 թ. դիմել է թաղային ոստիկանին, հայտնելով, որ արգելում են իրեն  հանդիպել  Լ. Շ. Տալյանի հետ և կարծում է, որ նրան պահում են գերության մեջ: Խնդրել է ոստիկանին այցելել Լ. Շ. Տալյանին, միայնակ մնալ նրա հետ  և պարզել վերջինիս վիճակը: Ոստիկանը Ի. Ս. Ս. Մավյանին հայտնել է, որ ինքը այցելել է  Լ. Շ. Տալյանին, վերջինս պառկած է, իրենց միայնակ չեն թողե, ոնց որ լավ է:

Մի քանի ամիս անց 2008 թ. փետրվարին Լ. Շ.Տալյանը մահացել է:

Ռ. Բաբաջանյանը հանդիսանում էր Լ.Շ. Տալյանի միակ ժառանգորդը : 1999 թվականի կտակի  համաձայն իր մահից հետո իրեն պատկանող գույքն ամբողջությամբ,  այդ թվում նաև Երևանի Ղ. Փարպեցու 9ա շենքի 12 բնակարանը Լ Շ Տալյանը կտակել է Ռ. Բաբաջանյանին: Կտակի մեկ օրինակը թողել էր իր մտերիմներից մեկի` Երևանի Հր.Ներսիսյան 8շ 12 բն. բնակչուհի Անուշ Հովհաննիսյանի մոտ:  Վերջինս հայտնել է Ռ. Բաբաջանյանին, որ  Լ. Ժամհարյանի պահանջով ինքը կտակի օրինակը տվել է նրան: Ինքը հաղթահարելով Ժամհարյանների դիմադրությունը մի կերպ հիվանդանոցում հանդիպել է Լ. Շ. Տալյանին, սակայն Ժամհարյանների ներկայությամբ: Լ.Շ.Տալյանը վիրահատության կարիք ուներ, սակայն Ժամհարյանները չեն համաձայնվել, որ վիրահատվի և նա մի քանի ամիս անց մահացել է:

Իր միակ ժառանգին ժառանգությունից զրկելու և իր ժառանգական գույքը մեկ այլ անձի նվիրելու Լ.Շ. Տալյանի կամքի արտահայտությունը ազատ չի եղել, քանի որ նա պառկած է եղել անօգնական` կտրված արտաքին աշխարհից, իսկ պայմանագրի կնքման պահին Լ. Շ. Տալյանի կողմից որևէ մեկը ներկա չի եղել, ավելին` պայմանագրի կնքման պահին ներկա է եղել վկա` Սուքիասյան Աստղիկը. բնակվող Երևան Սարյան 24 ա շենք բն 23. ով հանդիսացել է` Ա.Լ. Ժամհարյանի և նրա ընտանիքի հարևանը:  Անչափահաս` Ա. Լ. Ժամհարյանը իր ընտանիքի հետ հաշվառված է Ք. Երևան Սարյան 24ա շենք 27 բն.:

Լ. Ժամհարյանը ծրագրված մեկուսացրել է Լ. Շ. Տալյանին. նրան պահել անազատության մեջ և վերջինս այդ գործարքը կնքել է խաբեության, սպառնալիքի և բռնության ազդեցության տակ:

Ներկայումս Ռ. Բաբաջանյանը դիմել է դատական պաշտպանության, սակայն Կենտրոն և Նորք Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ծաղրում է, կատակի է վերածում դատական նիստը:

Առկա է երկու կադաստրային գործ նույն բնակարանի նկատմամբ: Գրանցված է երկու անձի սեփականության իրավունք:

Ռ. Բաբաջանյանը կիրթ է, ռոմանտիկ խառնվածք ունի,  բանաստեղծություններ է գրում, նկարում  է: Նա միայնակ է, անօգնական և անօթևան: Որպես ընտանիքի բարեկամ  և հայ մարդ իմ պարտքն եմ համարում Ձեզանից օգնություն հայցել նրա խախտված իրավունքների վերականգնման համար: Կարծում եմ, պետք է քրեական գործ հարուցվի պարզելու համար թե ինչու  են Լ.Շ. Տալյանին պահել անազատության մեջ և ինչպես է Լ. Ժամհարյանի անչափահաս որդին` Ա.Ժամհարյանը  Լ. Շ. Տալյանի անկողնային  հիվանդ և  անօգնական վիճակում գտնվելու ընթացքում, իբրև թե նվեր ստացել այդ բնակարանը Լ. Շ. Տալյանից:

Օգնենք Շարա Տալյանի թոռնուհուն:

Հարգանքով,

դոցենտ, ՀՀ Ազգային Ակադեմիայի ավագ գիտաշխատող

Ռեմ Ղազանջյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter