Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Ես մենակ եմ ուզում գնալ... ուրիշ քաղաքներ, ուրիշ երկրներ...»



Երբ փոշին արդեն օդ է բարձրանում, պոլիէթիլենային տոպրակներն անհույս թափառում են, ու արեւը խառնվում է փոշեհատիկներին, ծերունիներն իրենց բեռներ կրող սայլակները դանդաղ հրում են դեպի տուն: Նրանց հերթափոխելու են գալիս երկարաոտ ավելներով կանայք` աղբն այս ու այն կողմ շպրտելու... «Կյանքի մասին» հարցնելիս նրանք կամ լալիս են կամ կատակում... Նրանք գյումրեցի են, աշխատում են Գյումրու շուկայում:

Հենց շուկայի մոտ` ծառի հովին նստած, հետեւում էի 53-ամյա Գեւորգ Մինասյանին, որ կանգնել էր ասֆալտի եզրին, հենվել իր հարազատ «կաշկային» ու ընդունում էր արեւի հավելյալ ճառագայթները, որ նրան կարծես տապակել ու համեմել էին ձանձրալի հոգսերով:

Մոտեցա, ներկայացա, միասին նստեցինք ծառի տակ ու խոսեցինք մի քիչ: Հետո բեռնասայլը դանդաղ հրելով (արագ հրել չէինք կարող, քանի որ նրա ոտքերը ցավում էին) հասանք նրանց տուն: Գեւորգը 4 աղջիկների հայր է, առավոտից բեռնասայլը հրելով ուղեւորվում է դեպի շուկա` ամենօրյա 1500-2000 դրամն աշխատելու: Չնայած իր համար բավականին դժվար է ծանր բեռներ հրելը, սակայն տանը նստել էլ չի կարող. ընտանիքին աջակցելու համար «պարտավոր է ճկռել»:

Գեւորգենց տանը մեզ դիմավորեցին նրա 2 դուստրերը եւ կինը: Մյուս երկու աղջիկներն ամուսնացել ու մեկնել են այլ գյուղեր` հարսնություն անելու: Գեւորգի փոքր աղջիկը` Լուսինեն, 16 տարեկան է, դպրոց չի գնացել: Մանկուց հաշմանդամ է. ինչպես ծնողներն են նշում, տեսողության եւ գլխի հետ կապված խնդիրներ ունի:

Լուսինեն պատմում է, որ մինչեւ 3-րդ դասարանը սովորում էր դպրոցում, բայց տեսողության խնդիրների պատճառով հոգնում էր, եւ ծնողները որոշեցին նրան այլեւս չուղարկել դասի: «Հիմա ամբողջ օրը տան գործ եմ անում քույրիկիս հետ: Երբ տան գործն էլ վերջանում է, նստում եմ հեռուստացույցի առջեւ, սերիալներ ու համերգներ նայում: Ուրիշ ի՞նչ անեմ»,- ասում է նա: Լուսինեի համար երբեմն տոն օրեր էլ են լինում. «Մեկ-մեկ եղբորս ու քրոջս հետ դուրս ենք գալիս` այգում քայլելու... էդ օրերը շատ եմ սիրում»,- ժպտում է նա: Երբ հեռուստացույցով երաժշտություն է հնչում, իսկ Լուսինեն սենյակում միայնակ է լինում, կանգնում է պահարանի ապակու առջեւ եւ սկսում է պարել. երազում է պարուհի դառնալ: Միգուցե եւ դառնար, քանի որ պարելիս աչքերը չեն ցավում. «Բայց ինձ շատ բան են արգելում, ասում են՝ կհոգնես: Շատ չեմ բողոքում. միայն առավոտները երբ արթնանում եմ, գլուխս ուժեղ պտտվում է, իսկ երբ շատ եմ քայլում, ոտքերս են ցավում: Բայց դա չի նշանակում, որ մենակ չեմ կարող տեղ գնալ»,- ասում է նա:

Երբ ծնողները նրա իսկ ներկայությամբ ծանոթ-անծանոթին հայտարարում են, թե «հիվանդ երեխա ունեն», Լուսինեն չափազանց զայրանում, բայց լուռ է ընդդիմանում: «Մի քանի անգամ մորս ասել եմ, որ էդպես չասի: Ինքն էլ պատասխանում է, թե հիմա ո՞վ չի հիվանդ. բոլորն էլ մի հիվանդություն ունեն: ...Հիմա սկսել եմ չասել. նեղանում է: Որ ակնոց չեմ դնում, դրա համար էլ է նեղանում... բայց դուրս գալուց չեմ ուզում դնել. բոլորն ինձ են նայում: Ուրիշ քաղաք եթե գնամ, կդնեմ, բայց այստեղ չեմ կարող»,- բացատրում է նա: Չնայած Լուսինեին դեպքից դեպք է բախտ վիճակվում քրոջ, եղբոր կամ այլ ազգականի ուղեկցությամբ քայլել Գյումրու փողոցներով, բայց սիրում ու երբեմն էլ կարոտում է իր քաղաքի կոլորիտը: Երեւանում դեռեւս չի եղել, բայց հեռուստացույցից գիտի, որ Երեւանն ավելի գեղեցիկ է, քան Գյումրին. ՙԵկող չորեքշաբթի հորքուրիս հետ պետք է առաջին անգամ Երեւան գնամ: Գնում եմ ֆռամ գամ, բայց ուզում եմ մնալ... Ասում են՝ շատ սիրուն է, մարդիկ լավն են, օդը` մաքուր՚,- մեծ սպասումներով պատմում է նա:

Լուսինեն մի թաքուն ցանկություն ունի, որ ծնողներից գաղտնի է պահում. «Հիմա ես ամենաշատն ուզում եմ էս քաղաքից գնալ, բայց մերոնց չեմ ասում... եթե ասեմ, չեն թողնի, կասեն` չես կարող: Քույրս Ալավերդիում հարս է, ասում է՝ արի, մի քանի օր մնա, բայց մինչեւ ինձ տանող չլինի, չեն ուղարկի: Բայց ես մենակ եմ ուզում գնալ... ուրիշ քաղաքներ, ուրիշ երկրներ...»,- բողոքում է նա:                            


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (3)
1. cholo21:37 - 19 հուլիսի, 2011
"...ինչպես ծնողներն են նշում, տեսողության եւ գլխի հետ կապված խնդիրներ ունի." Այսինքն ին՞չ: Այս խնդիրներ բժշկական անուն չուն՞ին:
2. Անի Հովհաննիսյան02:01 - 20 հուլիսի, 2011
Հարգելի cholo, որպես նյութի հեղինակ, հիվանդության բժշկական անվանումը չեմ կարեւորում... ավելի կարեւոր բաներ կան
3. cholo19:58 - 20 հուլիսի, 2011
Յարգելի Անի, Շատ ճիշդ եք որ այստեղ աւելի լուրջ խնդիրներ կան: Եւ, ըստ իս, ամէնալուրջը այն է որ Լուսինէն այսքան տարի դպրոց չի յաջախել: Ինչ՞ու: Գրում ես որ աղջկայ ծնողքը որոշել են իրեն հանել դպրոցից եւ փաստորեն իրեն զրկել կրութիւն ստանալու հնարաւորութիւնից քանի “տեսողության եւ գլխի հետ կապված խնդիրներ ունի”: Նորից հարց է ծագում – ստոյգ ին՞չ առօղական խնդիրներ ունի Լուսինէ որոնց հիման վրայ ծնողքը կամայականօրէն որոշեցին աղջկան տանը պահել: Այս որոշումի կայացման մէջ միթ՞է մասնագէտների (մանկավարժ կամ բժշիկ) ներգրաւածութիւն չկար: Սրանք երկրորդական մանրմասնութիւններ չեն: Կարծում եմ ու այս պէտք է լինէր յօդուածիդ բուն թեման: Ստացւում է որ Լուսինեն, չունենալով կրթութիւն եւ լինելով “հաշմանդամ” մատնուած է ոչ փայլուն մի ապագայի:Իրօք ցաւալի է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ