HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտասվող դպրոցականը, ճնշված գյուղացիները, մարցեցի Վաչոն և կառուցվող հէկը

Արդեն 3-րդ  օրն  է` «Մարց էներջի» ՍՊԸ-ն  Մարց գետի վրա հէկ կառուցելու նպատակով նոր խողովակներ է տեղափոխել գետին հարող տարածք:  Մարցեցիները, ովքեր ամիսներ շարունակ պայքարել են գետի վրա  «Մարց էներջիի» կողմից 3-րդ հէկի կառուցմանը խոչընդոտելու համար, այս պահին  հուսահատության մեջ են: Երրորդ հէկի կառուցման դեմ իրենց անհամաձայնության մասին նրանք «Մարց էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանին հայտնել են նաև այս տարվա մարտի 12-ին` Մարցում կայացած հանրային լսումների ժամանակ:

«Մարց էներջի» ՍՊԸ-ի 80 % բաժնետերը Ռաֆայել Ղազանչյանն է , 20 %-ի բժանետերը` Արման Սիմոնյանը:

Մայիսի առաջին օրերին շուրջ 50 մարցեցիներ ձորն են լցրել հէկի կառուցման նպատակով գետի ափերին շարած «Մարց էներջիի» խողովակները, որից հետո Շիրակամուտ գյուղի բնակիչ, ընկերության տնօրեն, 20 տոկոսի սեփականատեր Արման Սիմոնյանի հայրը` Լիպարիտ Սիմոնյանը գյուղացիների նկատմամբ սկսել է կիրառել յուրատեսակ ճնշումներ: Նա Երևանից քրեական հեղինակություններ է բերել Մարց, ովքեր էլ իրենց ձևով «բան են հասկացրել մարցեցիներին»:

Գյուղ բարձրացող ճանապարհին  մի խումբ մարցեցիներ, որոնց անունները հասկանալի պատճառով չենք հրապարակում, «Հետքին»  տեղեկացրին, որ «Մարց էներջիի» տերը աջակցել է քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց  շուտ ազատված, ապօրինի անտառահատումների համար դատված Մարց գյուղի բնակիչ Վահե Խաչատրյանին: Վերջինիս  եղբայր Վաչո Խաչատրյանն էլ, որպես երախտիքի դրսևորում, հետևում է «Մարց էներջիի» հէկի հետ կապված գյուղի անցուդարձին: Մարցում մեզ նաև տեղեկացրին, որ Լիպարիտ Սիմոնյանի շրջապատից զինակոչիկներ ունեցող մարցեցիներին հիշեցրել են, թե մի մոռացեք` բանակ գնացող ձեր տղաների մասին, նրանց կարող են բանակում վնասել:

Սաշիկ Արզումանյան Ավետիք Գևորգյան

Մարցի դպրոցի տնօրենի տեղակալ Սաշիկ Արզումանյանը, ով Մարց գետի վրա 3-րդ հէկ կառուցելու դեմ մարտնչողներից է, երեկ քրեական հեղինակությունների հետ կապված «Հետքին» հայտնեց. «Իմ վրա ճնշումներ չեն կատարվել, բայց ուրիշների վրա չգիտեմ, տեղյակ չեմ: Բայց, փաստորեն, մի ինչ-որ բան տեղի է ունեցել, որ այսօր ժողովրդի մի մասը փոխվել է: Թե ինչ է եղել, չգիտեմ: Փաստորեն մեզ զրկում են բնության  էդ հրաշքից»: 

Սաշիկը, սակայն չթաքցրեց, որ Լիպարիտ Սիմոնյանը, այնուամենայնիվ, իրեն հրավիրել է առանձնազրույցի և առաջարկել է, թե` դու լռիր, ես գյուղին կհամոզեմ: Մարցում գյուղացիներից ինձ զգուշացրեցին, որ «սպիտակ 06»  (33SD555 համարանիշով) մակնիշի մի ավտոմեքենա հեռվից հետևում է գյուղացիների հետ իմ զրույցին:

Նկատեցի, որ ավտոմեքենան կանգնեց այն ակտիվիստների տների բակում, որոնց այցելեցի տեղեկություն ստանալու նպատակով: «Սպիտակ 06»-ը մեր տաքսի  ավտոմեքենային ուղեկցեց մինչև Մարցի ափին թափված խողովակների տեղանք: «Ինչո՞ ւեք  հետևում»,- հարցի  ավտոմեքենայում նստած երիտասարդներին: Նրանք  դուրս եկան ավտոմեքենայից և նրանցից մեկը  ժարգոնով ինձ հարցրեց. «Դու ինչի՞ ես եկել: Ամենքդ սենց մի հատ յութուբ-մութուբ սենց մի հատ բան եք գցում, սենց մի երկու կոպեկ բան եք փախցնում ու հետո էլ ժողովրդին հանում եք իրար դեմ: Հենց պրյամոյ էդ լրագրողներով- բաներով ասենք սենց մի հատ բունտ-մունտ եք անում»: Պարզվեց` զրուցակիցս հենց մարցեցի Վաչո Խաչատրյանն է: Վերջինս հայտնեց հէկի հետ կապված  իր կարծիքը. «Ես գտնում եմ, որ էդ ձև ա ու վսյո: Հա, ես էդ ձև եմ գտնում, որ էդ 3-րդ հէկը պտի կառուցվի ու վսյո»:

Վաչոն փորձեց նաև ինձ դասեր տալ. «Վափշե, գիտես ինչ, հէկի գործով դու մենակ գեղին մի նայի, է~, դու օփշի ազգին նայի»,- ասաց գյուղում հեղինակություն խաղացող Վաչոն, ում, փաստորեն, Լիպարիտ Սիմոնյանը մահակ էր օգտագործում իր հէկի դեմ մարտնչող մարցեցիների գլխին:

Հէկի և նոր թափված խողովակների մասին դժկամորեն խոսեց  համայնքի ավագանի, գյուղի բուժքույր Գայանեն.  «Դե թափված խողովակների մասին մեկս մեկիս ասում ենք: Մենք հուսահատվել ենք, որովհետև մենք այնքան ենք պայքարել, եթե երկրի կառավարությունը մեր կողքին չի կանգնում, էլ մենք ինչ կարող ենք անել: Նախորդ խողովակները մենք մեր ուժերով գետը լցրեցինք, հիմա էլ նորից գնանք ողնաշարի գրիժա ստանա՞նք:  Էն ով կթողա, որ մենք էլի գետը գցենք: Խողովակի կողքին կանգնած են տիրոջ տղան, փեսան: Գալիս են մեր գյուղի խանութից էլ առևտուր են անում»:

Անահիտը Պայծառ Հովհաննիսյանը

Մարցի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անահիտը Մարց գետի վրա 3-րդ հէկի մասին մեզ հետ խոսելիս սկսեց արտասվել .«Ինձ պետք չի պայքարել, ինձ ոչ գետն է պետք, ոչ էլ այս երկիրը: Գնացին հաց կերան ու ծախվեցին»,- ասաց նա:  Ամիսներ առաջ Մարցի դպրոցական երեխաները նույնպես միացել էին բողոքի ակցիաներին:

«Մարց գետի ափին գյուղի երեխեքը սիրուն իրենց համար ամառ են անցկացնում,  գետի ջուրը կտրում են, բա տհե կլի:  Պետք չէ էդքան հէկեր կառուցելը: Միշտ տարել ենք գետումը բուրդ ենք լվացել, հիմա ջուր չկա»,- ասաց Պայծառ Հովհաննիսյանը:

Սեդա Հովհաննիսյան Լևոն Խաչատրյան

«Չէ, չեմ ուզում, որ մեր Մարցի վրա 3-րդ հէկը սարքվի, չգիտեմ, չեմ ուզում:  Գյուղում բոլորն էլ չեն ուզում, որ սարքեն»,-ասաց Սեդա Հովհաննիսյանը: Մեր զրույցին հետևող Վաչոյին նկատելուն պես  տիկին Սեդան խոսքը փոխեց. «Ինձ համար ուզում ա սարքեն, ուզում ա` չէ:  Մենակ մարդ եմ»:


Մարցեցի Լևոն Խաչատրյանը կարծում է, որ գետի վրա 3-րդ հէկը հնարավոր չէ սարքել: «Սարքու՞մ են: Ասում եք` խողովակները բերել ե՞ն: Այ, էդ արդեն չեմ կարալ ասեմ: Ես իմ խոսքը կարամ ասեմ, որ գետի ջուրը մեր գյուղին շատ պետք ա, առանց ջրի հնարավոր չէ անասուն պահելը:  Հա, փաստորեն պետությունը թողնում է, որ մի քանի մարդ Մոտկորի 6 գյուղերի, նաև Դսեղի բնակիչներից  էդ ջուրը խլեն: Մեր գեղի ապագան խորտակում են»,- ասես ցավից տնքաց  Լևոնը:

«Ճիշտ չէ էդ հէկի կառուցելը: Չէ, ժողովուրդը զադնի չի դնում, էլի գեղը չի ուզում»,- ասաց մարցեցի Ավետիք Գևորգյանը:

 Հրաժեշտից առաջ Սաշիկ Արզումանյանը նշեց, որ հէկը կառուցելու դեպքում Մարց գետի աջ և ձախ կողմերի մարցեցիների 80 հա բերրի հողերը անապատ են դառնալու: Գյուղից  դուրս գալիս ականջիս երկար ժամանակ հնչում էր Սաշիկի ցավը.«Այս 3-րդ հէկի կառուցելը մեր գյուղի համար ողբերգություն է»:   

Մեկնաբանություններ (3)

lova
...Մենք հուսահատվել ենք, որովհետև մենք այնքան ենք պայքարել, եթե երկրի կառավարությունը մեր կողքին չի կանգնում, էլ մենք ինչ կարող ենք անել...
Ղաչաղների ժամանակն է!
Լեռնցու-լոռեցու ազատությունը խլելը, կամքը կոտրելը շատ դժվար գործ է, բայց երեւում է որ ստամոքսապաշտ, առնետի ուղեղով այդ մարդակերպ հայ-վայերը կարող են անել: Մի քանի բութ ճակատների անցք պիտի բացվի, այլապես մի 10-20 տարուց հետո այդ պատմական երկիրը պիտի ամայանա, իսկ ՀԵԿ - երը պիտի քանդվեն՝ արդեն թուրքի ձեռքով, որպիսզի ջուրն իր ճիշտ ճամփով գնա: Երեւում է որ նրանք մեզնից խելոք են:
patron
стамоксов мтацох,цахох у цахвох азг......вердже мот а

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter