HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարցի գյուղապետը՝ բնափայտի բիզնեսում

«Մեր տունը կիլոմետրերով անտառից հեռու է, բայց երբ մութն ընկնում է, ամբողջ գիշերն անտառում հատվող ու վայր ընկնող ծառերի շրխկոց ենք լսում:  Խավարի մեջ սարսափելի է լսել ընկնող ծառերի  շրխկոցը: Սա ազգի դեմ ցեղասպանություն է՝ համատարած»,- երեկ Մարցի  անտառների մասսայական հատումների մասին ցավով  պատմեց մարցեցի տիկին Ռոզան: Մարցեցիները այլևս չեն թաքցնում, որ Դսեղի անտառապետության Մոտկորի՝ այդ թվում Մարցի  անտառները, հոգեվարքի մեջ են` մասսայական հատումների պատճառով: «Էլ անտառ չի մնացել»,- թախիծով  ասում են նրանք: Մարցում շատերն են զբաղվում ապօրինի անտառահատումներով, և դա առանց  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառապետության ղեկավարների համաձայնության չի լինում:

Մոտկորի  միջհամայնքային  ճանապարհի Մարցի ճամփաբաժանում՝ Մարց գետի ափին, միմյանց կպած երկու անհրապույր տնակ է տեղավորված: Դրանք անտառից բաժանում են գետը: Անսովոր այդ երկու տնակները ուշագրավ են  ընդամենն իրենց թափթփվածությամբ: Տնակներին հարող ճանապարհով  ոտքով քայլող անցորդի մտքով բնավ չի անցնի, որ դրանց պարիսպների ներսում՝ հենց անտառի փեշին, ապօրինի բնափայտի գործ է արվում:

Արտաքուստ, տնակների բակում բացի մի քանի թափված մետրաչափ գերաններից ոչինչ չէր երևում: Հոկտեմբերի 27-ին Մարց գետի հէկերի մասին  տնակների  տերերի հետ զրուցելու նպատակով համարձակորեն մտա բաց  դարպասներով ու զարամաքից քարացա: Տնակին հարող տարածքում մեծ քանակությամբ բնափայտ էր թափված: Գետին հարող անտառի փեշերին  հատված ծառերի բազմաթիվ թարմ կոճղեր էին երևում: Մինչ ուշքի կգայի՝ տնակը հսկող միջահասակ մի կին, մոռանալով հյուրընկալության  տարրական կանոնները  գոռաց. «Ո՞վ Ձեզ իրավունք տվեց առաջ գալ»:

Ես կնոջից տեղեկություն խնդրեցի տնակի տիրոջ մասին և խնդրեցի թափված բնափայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ: Վերջինս, խուճապի մատնված, հրաժարվեց հայտնել տնակի տիրոջ անունը: Չներկայցրեց նաև փայտի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ. «Պետք չի ցույց տալ, որ պետք լինի՝ ցույց կտամ: Մենք որպես բնակիչ իրավունք չունե՞նք փայտ ունենալ»,- զայրացած ասաց նա: 

Այլևս անհասկանալի չէր կնոջ խուճապի պատճառները: Հեռացա տարածքից:   Հոկտեմբերի 28-ին Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանից տեղեկություն խնդրեցի տնակների տիրոջ և դրանց տարածքում թափված անօրինական փայտի մասին. «Տնակներն իմն են, փայտի գործով էլ տղաս է զբաղվում, բայց ամեն ինչ  օրինական է»,- ասաց նա: Երբ խնդրեցի օրինականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ, գյուղապետը հրաժարվեց ցույց տալ: Փաստորեն՝ Մարցի կուսական անտառների ապօրինի հատումներից և բնափայտի բիզնեսից անմասն չի մնում նաև Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter