HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալ. «Ինձ փորձում են դարձնել հանցագործ կամ հոգեկան հիվանդ»

«Հետքը» նամակ է ստացել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունուց

«Ես և մի խումբ դատապարտյալներ դիմել ենք ՀՀ Նախագահին, Արդարադատության նախարարին, մի շարք լրատվամիջոցների ստորև ներկայացվող խնդրի լուծման խնդրանքով, սակայն պաշտոնատար անձանցից լավագույն դեպքում ստացել ենք աբսուրդ պատասխաններ, իսկ լրատվամիջոցների աղմուկին ոչ ոք չի արձագանքել: Հետո մենք դիմել ենք նրանց բաց նամակներով և նկարագրել ՔԿՀ-ների թիվ 1 խնդիրը, այն է՝ պայմանական-վաղաժամկետ ազատման գործընթացը, որը չի գործում լիարժեք, ավելի շուտ ձևական բնույթ է կրում: Սակայն այս բաց նամակների հետ կապված դարձյալ պատասխաններ չենք ստացել: Որևէ արդյունքի չեն հասել նաև այն դատապարտյալներն, ովքեր վիճարկել են անօրինականությունները դատական կարգով: Կալանավայրում կան խնդիրներ, սակայն դրանք երրորդական և չորրորդական են այս խնդրի հետ համեմատած: Արդեն մի քանի տարի է՝ գնալով շատանում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա անձանց մերժումները, որոնց մեծամասնությունն անհիմն է, իսկ մերժման պատճառաբանություններն անհեթեթ են ու աբսուրդային: Մերժվածների շարքում են նախկինում դատվածություն չունեցող, քաղ. հայց, տույժ, հսկում, հաշվառում չունեցող, խրախուսանքի արժանացած դատապարտյալներ, մի խոսքով մարդիկ, ովքեր իրենց վարքով արժանի են պայմանական ազատման, ապացուցում են, որ պատրաստ են վերադառնալ հասարակություն:

Մենք կյանքի վայրիվերումներում ամենատարբեր պատճառներով հայտնվել ենք անազատության մեջ, բայց չի նշանակում, որ մեզ պետք է ճնշել՝ օրենքով ամրագրված կանոնները չկիրառելով և ենթարկելով բարոյահոգեբանական ճնշման:

Կան մի շարք հոդվածներ՝ 104, 112, 113, 175, 176, 177, 178, 268, որոնցով թեկուզ առաջին դատվածությամբ անընդհատ մերժում են ու ազատում միայն օրացուցային կամ օրացուցայինից մի քանի ամիս շուտ: Այսօրինակ մոտեցումով, որով առաջնորդվում են, հաշվի առնելով ոչ թե դատապարտյալի անձը, վարքագիծը, այլ պարզապես քրեական օրենսգրքի հոդվածը, որով նա դատապարտվել է, ոչնչացվում է շատ դատապարտյալների հավատը դեպի արդարությունը:

Ոչ մեկին չի հետաքրքրում դատապարտյալի կարգավիճակում հայտնված մարդկանց հասարակություն վերադառնալու և այնտեղ ադապտացվելու բոլորովին ոչ դյուրին, ընդհակառակը՝ բարդ խնդրի լուծումը:

Պայմանական վաղաժամկետ ազատման նիստերին կատարվում են մարդու իրավունքների խախտումներ, որոնցում ուղղակիորեն «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիան չունի մեղքի բաժին: Այդ ամենը կատարվում է վերևներից տրվող բանավոր հրահանգներով:

Ինձ մերժել են հուլիսի 31-ի նիստում, հոկտեմբերի 31-ի նիստում դարձյալ իմ պայմանական ազատման հարցն է լսվելու: Ինձ հայտնի է դարձել, որ կրկին պատրաստվում են մերժել, սակայն դրա համար չկան իրավական, իրավաբանական, տրամաբանական կամ այլ գոյություն ունեցող պատճառաբանություններ:

Դիմում եմ Ձեզ և Ձեր միջոցով մեր երկրի հասարակությանը, հոգևոր առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և անհատներին, կառավարությանը՝ խնդրելով միջամտել այս հարցին և օգնել ինձ ու ոչ միայն ինձ՝ վերականգնել մեր ոտնահարված իրավունքները և չգործող օրենքները, մասնավորապես կապված պայմանական վաղաժամկետ ազատման հետ, կատարել ՀՀ ՔՕ 76, 77 հոդվածների պահանջները, որոնք ընդամենը գրված են թղթի վրա:

Ես խնդրում եմ լուսաբանել այս ամենը հնարավոր բոլոր միջոցներով:

Մերժելով իմ վաղաժամկետ պայմանական ազատումը՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով ինձ փորձում են դարձնել հանցագործ կամ հոգեկան հիվանդ: Ես խնդրում եմ օգնել ինձ (և ոչ միայն ինձ):

Հուսով եմ, որ իմ խնդրանքը կիրականացվի և կունենա դրական վերջաբան:

Դիմող՝ Ռուբեն Գրիգորիի Ամատունի

24.10.2013  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter